Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«18+1»

Հունվար 20,2006 00:00

«18+1» ՁԵՎԱՉԱՓԸ ՍՊԱՌՎԵԼ Է Այդ տխուր եզրակացությանն է եկել Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: – Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական վերադասավորումների մասին խոսակցությունները, նոր կուսակցությունների ծնունդը, տնտեսական եւ ֆինանսական լուրջ լծակների տիրապետող անձանց քաղաքական ձգտումները: Եվ ի՞նչ հեռանկար եք տեսնում այս վերադասավորումների արդյունքում: – Կարծում եմ, քաղաքականությունը պիտի մնա քաղաքական գործիչներին, բիզնեսը պիտի մնա բիզնեսմեններին. սա շատ կարեւոր է հենց երկրի համար, չի կարելի դրանք իրար խառնել: Չի կարելի մտածել, որ եթե դու շատ հարուստ մարդ ես, ուրեմն պիտի անպայման զբաղվես քաղաքականությամբ, մանավանդ՝ Հայաստանի նման երկրի համար դա ընդունելի չէ: Մեկ օրում քաղաքական գործիչ չեն դառնում: Բայց ես շատ պրագմատիկ եմ եւ կարծում եմ, որ եթե Հայաստանի քաղաքական կյանքում դատարկ տեղեր չլինեին, վակուում չլիներ, ապա այդ մարդիկ, իսկ խոսքը երեք-չորս հոգու մասին է, նման քայլի չէին դիմի: Դրանց մի մասը հարուստ գործարարներ են, մի մասն էլ լուրջ պաշտոնատար չինովնիկներ, որ չես հասկանում, թե այդ աթոռին նստած ո՞նց են կուսակցություն ստեղծում: Առանց այդ էլ Հայաստանի քաղաքական դաշտը բավականին ցեխոտ է, դրանից հետո շատ ավելի կցեխոտվի եւ այն աստիճան, որ շարժունակությունից կզրկվեն եւ իրենք, եւ շարժունակ քաղաքական ուժերը: Այսինքն՝ կստեղծվի մի վիճակ, որը լուրջ խնդիրներ կառաջացնի երկրի համար: Կրկնում եմ, եթե քաղաքական դաշտում դատարկ տեղեր չլինեին, ապա նման նկրտումներ մարդկանց մեջ չէր առաջանա: Պիտի ընդունենք, որ առաջացել են դատարկ խոռոչներ, որոնք ինչ-որ ձեւով պիտի լցվեին: Դա վերաբերում է եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը: Քաղաքական այն ֆիգուրները, որ այսօր ղեկավարում են երկիրը, քաղաքականացված մարդիկ չեն, սկսած նախագահից. նրանք չունեն քաղաքական դիրքորոշում: Դրանով նրանք իրենց շուրջը առաջացնում են լուրջ դատարկություն, վակուում: Եվ պիտի ասել, որ ընդդիմության դաշտում էլ, գոնե վերջին տարիների ընթացքում, այդպես է: Արդեն պարզ երեւում է, որ ընդդիմության դաշտից որոշ գործիչներ կամաց-կամաց տեղափոխվում են այլ դաշտ, որտեղ փորձում են իրենց ռեալիզացնել: Դա իրենց ընտրությունն է, մարդիկ ունեն էներգիա, որն ուզում են ծախսել: – Իսկ ինչի՞ կհանգեցնի այս ամենը: – Կարծում եմ՝ երկու սցենար կարող է զարգանալ. հնարավոր է լինի այնպես, ինչպես իրենք են հաշվարկել, այսինքն՝ լինի իշխանության մասնակի վերարտադրում՝ անպայման ընդդիմության որեւէ կտորի հետ միասին: Բայց սա կլինի այն դեպքում, եթե աշխարհաքաղաքական զարգացումները եւ արտաքին ճնշումը դրա հնարավորությունը տան: Երկրորդ սցենարը կլինի այն, որ նույն այդ ճնշումը շատ ավելի մեծ կլինի, եւ Հայաստանը կգնա այլ զարգացման: Այս զարգացման համար ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը պատրաստ չեն: Եվ այս սցենարը կախված կլինի նաեւ նրանից, թե որքանով կարող է ընդդիմությունը վերախմբավորվել եւ դառնալ լուրջ-ծրագրային ուժեղ կառույց: – Դուք եւս «18+1»-ի մաս եք կազմում, եւ արդյո՞ք կարծում եք, որ հենց դա է ձեր նշած ուժը: – Ոչ, այդպես չեմ կարծում, այդ կառույցն իր, այսպես կոչված, պատմական առաքելությունը կատարել է. դա հանրաքվեն էր եւ դրան մարդկանց չմասնակցությունը: Ես կարծում եմ՝ սխալ է, երբ ստեղծվում է որեւէ բան՝ որեւէ խնդիր լուծելու համար, հետո մենք փորձում ենք նույն ձեւաչափով այլ խնդիր եւս լուծել, չի լինում այդպիսի բան: Իհարկե, ես հարգանքիս խորագույն տուրքն եմ մատուցում «Մտավորականների ֆորումին», ես այդ մարդկանցից մեծագույն հաճույք ստացա, 70-ն անց մարդիկ, ոչ մի ակնկալիք չունենալով, գալիս էին մեզ հետ, մենք գուցեեւ ակնկալիք ունեինք, իրենք՝ ոչ մի: «18+1»-ը սահմանադրական հանրաքվեի հարցը լուծեց, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այդ հանրաքվեի ընթացքում՝ դեռ լուրջ քաղաքական վերլուծության կարիք է ունենալու. ինչպե՞ս եղավ, որ մի ամբողջ ժողովուրդ չգնաց հանրաքվեի: «18+1»-ը պիտի վերաձեւավորվի, այս ֆորմատով նոր խնդիրներ լուծել հնարավոր չէ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել