Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՔԻՋՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունվար 20,2006 00:00

Իսկ
մշակույթի նախարարությունը՝ Չեքիջյանից Երեկ Մամուլի ազգային ակումբի հրավիրած
հերթական ասուլիսը նպատակ ուներ վեր հանել ազգային երգարվեստի այսօրվա խնդիրները:
Բանախոսը միայն ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն էր: Նա նեղսրտեց
այսօր տիրող ազգային երգարվեստի վիճակից, նկատելով, որ, չգիտես ինչու, հանրակրթական
դպրոցներում երգ-երաժշտություն առարկան կամ անտեսվում է, կամ ուսուցանվում մակերեսորեն:
Հ. Չեքիջյանը նաեւ փաստեց, որ իր ղեկավարած կապելլան, օրինակ, երբ Կոմիտաս է կատարում՝
զգացվում է մեներգչի կարիք. «Ում հրավիրում ենք՝ միայն օպերա է երգում»: Իրեն՝ կոնսերվատորիայի
պրոֆեսորին հիշեցրինք, որ այդ բուհը պատրաստում է օպերային ու կամերային ժանրի, ինչպես
նաեւ ժողովրդական երգերի կատարողներ: Նա հիշեց ԽՍՀՄ տարիները, երբ «մեկ ձեռքով ղեկավարվող
«Սոյուզկոնցերտը» կամ «Գոսկոնցերտը» փող էին ծախսում մեզ վրա, մենք էլ գնում-պրոպագանդում
էինք մերը, այդ թվում՝ Կոմիտաս: Ու ռուսներն էլ մեծ հաճույքով լսում էին»: Ի
պատասխան «Առավոտի» հարցի՝ ինչո՞ւ 2005-ի ընթացքում կապելլան չունեցավ ոչ մի մենահամերգ,
թեեւ մասնակցել է տարբեր միջոցառումների, մաեստրոն ասաց. «Մենահամերգի համար հարկավոր
է սպոնսոր, ինչը մենք չունենք: Գտնում եմ, որ վնասով համերգ տալը միտք չունի: Համենայնդեպս,
2005-ին մեզ պասիվ չենք պահել»: Հաջորդ հարցին՝ դուք՝ որպես հայ երգչախմբային արվեստի
կարկառուն ներկայացուցիչ, գո՞հ եք երգչախմբերի «որակից», բանախոսի պատասխանը կարճ
էր. «Հայաստանում գործող մյուս երգչախմբերի որակից գոհ չեմ»: Հետաքրքրվեցինք՝
այնպիսի կոլեկտիվ, ինչպիսին կապելլան է, պետության կողմից, կոնկրետ՝ «Ա. Խաչատրյան»
համերգասրահում բեմ բարձրանալու համար զեղչեր նախատեսվա՞ծ են (ըստ մեր տեղեկությունների՝
հիշյալ համերգասրահի 1 օրվա վարձավճարը սկսվում է 270 հազար դրամից): «Գումարի հետ
ես գործ չունեմ, միայն գիտեմ, որ պետք է անպայման վճարում կատարվի»,- նշեց Հ. Չեքիջյանը:
Ասվածի առիթով ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի
պետ Գայանե Դուրգարյանը «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «2005թ. պետության կողմից
ավելի քան 38 մլն 500 հազար դրամի սուբսիդիա է հատկացվել կապելլային, որից աշխատավարձ՝
30 մլն 328 հազար դրամ եւ 8 մլն 246 հազար դրամ էլ՝ սոցիալական վճար: Մաեստրոն նախարարություն
ներկայացրած 2005թ. պլանում պարտավորվել էր տարվա ընթացքում ունենալ 44 մենահամերգ,
բայց իրականում կապելլան ոչ մի մենահամերգ չի ունեցել, մասնակցել է տարբեր միջոցառումների՝
հանդես գալով ընդամենը 13 կատարումով: Ըստ ՊՈԱԿ-ի օրենքի, գեղարվեստական ղեկավարը
իրավունք ունի իր համերգների եկամուտը պահել, անգամ հարկ չմուծել եւ, ինչպես ինքը՝
Չեքիջյանն էր ծրագրել ու նախատեսել, որ կապելլան պետք է ունենար մոտ 4 մլն 920 հազար
դրամի եկամուտ: Իսկ 2005թ. կապելլայի փաստացի եկամուտը կազմել է 2 մլն 891 հազար
դրամ: Երգչախմբին պետության կողմից հատկացվել է անվճար փորձատեղի՝ ձայնագրման ստուդիայով:
Ստացվում է՝ մաեստրոն իրեն ընձեռված հնարավորությունները չի կարողացել օգտագործել:
«Ա. Խաչատրյան» համերգասրահը պատկանում է մշակույթի նախարարությանը: Չեքիջյանը կարող
էր համերգներ ունենալ եւ փակել դահլիճի նվազագույն ծախսը տոմսերի վաճառքից ստացված
գումարից, այն վճարելով ոչ թե նախապես, այլ հետո»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել