Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չենք կարող արդարադատությունը տեղափոխել փողոց»

Հունվար 20,2006 00:00

Ասում են նախկին հացադուլավորի պաշտպանները

Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցին «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գոհար Արմենակյանը, «Հույս» կազմակերպությունից՝ Կարեն Հակոբյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Ոսկանյանը: «Ի՞նչ եղավ 130 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի հետ, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք պատրաստվում անել բոլորս»,- երեկ ասաց Կ. Հակոբյանը, որը ներկայացրեց իրենց քայլերից մեկը. հացադուլից Ռազմիկը դուրս է բերվել եւ գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասում: Մերժվել է հասարակական դիտորդական խմբի եւ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունները՝ Ռ. Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Գ. Արմենակյանը նշեց, որ «արդարադատության նախարարն ու նրա մամուլի քարտուղարը միացել են իրենց պայքարին» եւ շնորհիվ դրա նախկին հացադուլավորի վիճակը տանելի է: Փաստաբան Զ. Փոստանջյանն ասաց, որ քրեական գործերով վերաքննիչ դատարանը 2005 թ. օգոստոսի 3-ից դատական նիստերն անորոշ ժամանակով հետաձգել է, ինչն իրենց կանգնեցրել է փակուղու առաջ: «Ո՞ր դատարանին հղենք մեր պահանջները, եթե վերաքննիչը չի գործում եւ չի իրականացնում արդարադատություն»,- հայտարարեց պաշտպանը: Փաստորեն, Ռազմիկ Սարգսյանի հետ վեց ամիս «վերաքննիչի կալանքի» տակ են հայտնվել մյուս ամբաստանյալները՝ Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը: Վերջիններիս քաջալերիչ հայտարարությամբ սատարել էին տասնյակ անհատներ, հասարակական կազմակերպություններ (անգամ բնապահպանական «Հայկական բուսաբանական ընկերությունը»):

Փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի նկատմամբ՝ դատական նիստը «անժամկետ հետաձգելու» որոշման հետ կապված: Նրանք նաեւ պահանջում են քրեական գործ հարուցել ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ իրականացրածների հարցով: Վերջին դեպքում գլխավոր դատախազությունը տվել է իր բացասական պատասխանը, որն այսօր հավանաբար վիճարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններում:

Հիշեցնենք, որ 2004 թվականի հունվարի 8-ին Մարտակերտի զինվորական դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության առթիվ: Ըստ փաստաբան Ս. Ոսկանյանի, ԶԴ քննիչներն իրենց պաշտպանյալներին պահել են անազատության մեջ, խոշտանգումներով կորզել ցուցմունքներ, իսկ ապա նույն քննիչները Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում անցել են որպես վկա: Զ. Փոստանջյանը վերաքննիչ դատարանից մինչ օրս չի կարողանում ստանալ այն տեսաերիզը, ուր իրենց պաշտպանյալները, ըստ էության, հարցաքննվում են:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել