Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՈՍ ԿՍՏԵՂԾԻ»

Հունվար 20,2006 00:00

Մոտ
մեկ շաբաթ առաջ Հայաստանի գրողների միության նախագահության անունից Լեւոն Անանյանը
նամակով իր մտահոգությունն էր հայտնել ԳԱԱ-ի շուրջ ստեղծված անորոշության մասին:
«Վերջին տասնհինգ տարիների ընթացքում գիտության կազմակերպման բնագավառում
բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որոնք պետք է լուծվեն կառավարության ու գիտնականների
համատեղ ջանքերով։ Բայց ակադեմիական կառույցը պետք է պահպանվի իբրեւ Հայաստանում
գիտության կազմակերպման կենտրոն, մանավանդ որ Ազգային ակադեմիան մեր ժողովրդի գիտակցության
մեջ հիմնավորապես ընկալվում է որպես ազգային պետականության բաղադրիչ»,- ասվում էր
նամակում։ Մտահոգությունը, ինչպես հետո պարզվեց, դարձյալ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության
շուրջ էր: Այդ մասին ավելի կոնկրետ Լեւոն Անանյանը չխոսեց, այլ խորհուրդ տվեց զրուցել
գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի հետ: Ամենաանընդունելին ակադեմիայի՝
հ/կ-ի վերածելու մասին առաջարկն է: «Մենք բոլորս մտահոգված ենք ակադեմիայի ճակատագրով.
ակադեմիան իբրեւ կառույց պիտի պահպանվի՞, թե՞ ոչ: Էմոցիաները թողնելով մի կողմ՝ հասկանանք,
թե ինչն է խնդիրը: Ակադեմիան վերացնելը կօգնի՞ արդյոք գիտության կազմակերպման լավացմանը:
Ես կարծում եմ՝ ոչ: Ակադեմիան պետք է աստիճանական էվոլյուցիայի ենթարկվի, եւ ոչ՝
հեղափոխական: Եթե նրանք մտածում են գիտական հետազոտությունները կենտրոնացնել համալսարաններում,
այսինքն՝ մոտենալ եվրոպական, ամերիկյան ձեւին, դա հիմա հնարավոր չէ անել, որովհետեւ
չկան հմտությունները, որպեսզի կարողանանք դրանք համատեղել: Այս հեղափոխական ճանապարհը
քաոս կստեղծի գիտության կազմակերպման գործում: Որովհետեւ մենք 70 տարի նույն ճանապարհով
ենք գնացել, եւ փորձը ցույց է տալիս, որ իբր հինը միանգամից փոխում են՝ դրանից լավ
բան չի ստացվում: (Պրն Եղիազարյանը միաժամանակ ընդունում է, որ այսօր արդեն հասարակարգը
փոխվել է- Հ. Բ.): Հիմա չպետք է թույլ տալ համընդհանուր փլուզում, իսկ հետագայում
պետք է ճշտել նախագահության, ընդհանուր ժողովի, ինստիտուտների ֆունկցիաները, ստեղծել
մրցակցային դաշտ: Ակադեմիան կարող է ինքը կոորդինացնել այդ ամենը, եթե մի քիչ պակասեն
բյուրոկրատական տարրերը, եւ այն դառնա մրցասպարեզ, որտեղ գաղափարներ են մրցում եւ
ստանում են գրանտներ՝ ըստ այդ մրցակցության»: Պրն Եղիազարյանը նաեւ հիշեցնում է մի
փաստ, որի մասին բոլորը մոռանում են: Դա այն է, որ մենք ունենք «Գիտական եւ գիտատեխնիկական
գործունեության մասին» ՀՀ օրենքը, որով ամրագրված են ԳԱԱ դերը եւ կարգավիճակը: «Օրենքի
նկատմամբ նվազագույն հարգանք է պետք: Ուրեմն սա կոմպլեքս խնդիր է: Ակադեմիայի ճակատագիրը
որոշելուց առաջ պետք է նախ այդ օրենքը վերանայել»: Ինչ վերաբերում է այն կարծիքին,
թե ԳԱԱ նախագահությունն այսօր միայն փող է ուտում, ապա Ա. Եղիազարյանն օրինակ է բերում
իրենց՝ հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, որը միշտ էլ ակտիվ
աշխատել է: «Բոլորը մատնացույց են անում նախագահությունը, բայց վերջիններս շատ պասիվ
են այս հարցում: Այս ամենն ուղղված է նաեւ ակադեմիկոսների դեմ: Սա հին պատմություն
ունի. որ ակադեմիկոսները ոչինչ չեն անում… գուցե այստեղ ճշմարտություն կա: Բայց
խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում: Չեմ կարող ասել, որ բոլոր ակադեմիկոսները
լավ գիտնական են եւ բոլորն ակտիվ աշխատում են, բայց նաեւ չեմ կարող ասել, որ բոլորը
պարապ են: Ինչ վերաբերում է նրանց ընտրությանը, ապա ցանկացած ընտրություն իր մեջ
ունի սուբյեկտիվ տարր: Անխուսափելիորեն շատ հաճախ ակադեմիկոս են դառնում մարդիկ,
ովքեր այդքան մեծ համբավ չունեն: Իհարկե, նաեւ դրանից հետո պատահում է, որ նրանք
այլեւս դադարում են ակտիվ գործունեություն ծավալել»: Ազատ Եղիազարյանը վերապահում
ունի նաեւ ինստիտուտների տնօրենների փոփոխության հարցում: Ըստ «Պետական ոչ առեւտրային
կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, նրանց տարիքն էլ չպետք է գերազանցի 65-ը:
Ըստ պրն Եղիազարյանի, պետք է հարցը ոչ թե տարիքի հետ կապել, այլ ժամկետի: «Տնօրենը
պետք է աշխատի 2 կամ 3 «սրոկ»: Երբ նույնիսկ մեծ գիտնականը 40 տարի տնօրեն է աշխատում,
վերջին 20 տարին նա չի աշխատում, դա հոգեբանական պահ է: Իսկ 10-15 տարի նա կարող
է շատ արդյունավետ աշխատել: Եթե մեր Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ
Հովհաննիսյանը մի քանի անգամ ուղեկցել է ՀՀ նախագահին՝ արեւելք կատարած այցերի ժամանակ,
ուրեմն լավ մասնագետ է, ի՞նչ կապ ունի, որ 75 տարեկան է»: Գրականության ինստիտուտի
տնօրենը նպատակահարմար չի գտնում նաեւ Լեզվի եւ Գրականության ինստիտուտների միացումը,
ինչը նախատեսված է իրականացնել առաջիկայում: «Դա գիտականորեն նպատակահարմար չէ, որովհետեւ
գրականագիտությունն ու լեզվաբանությունն այնքան են իրարից հեռացել, որ մեկ հաստատության
մեջ հնարավոր չէ կոորդինացնել 2-ի աշխատանքները»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. ԳԱԱ կանոնադրությամբ՝ 3 տարին մեկ կառավարությունը ԳԱԱ-ի
հետ պետք է հայտարարի ակադեմիկոսի թափուր տեղ: Կանոնադրության խախտմամբ, 6 տարի է՝
ակադեմիկոսի ընտրություններ չեն եղել, եւ ակադեմիկոս դառնալու հնարավորությունից,
ի թիվս այլոց, զրկվել է նաեւ Ազատ Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել