Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թանկարժեք կարեկցանք»

Հունվար 20,2006 00:00

«Թանկարժեք
կարեկցանք» Միջազգային ճգնաժամային խումբ (ICG) կոչվող հեղինակավոր
փորձագիտական կազմակերպության փոխնախագահ Ալեն Դելեթրոզը ԼՂ խնդրի կարգավորման հնարավոր
ուղիներին առնչվող հարցերի շուրջ զրուցել է մոսկովյան «Վրեմյա նովոստեյ» թերթի մեկնաբանի
հետ: Ստորեւ Ա. Դելեթրոզի, ըստ մեզ՝ առավել հետաքրքիր դիտարկումները: «Այժմ
արդեն եւ Բաքվում, եւ Երեւանում սկսում են զգալ, որ ԼՂ հարցի չլուծված լինելը շատ
թանկ է նստում իրենց վրա: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիճակը բարդ է. երբ զգալի
թվով հայեր կարեկցում են Ղարաբաղի իրենց հայրենակիցներին, բնակչության մի մեծ զանգված
գիտակցում է, որ երկիրը շատ թանկ է վճարում այդ կարեկցանքի համար: Եվ ղարաբաղցիները,
որոնք այսօր Երեւանում իշխանության ղեկին են, պետք է մտածեն ոչ միայն Ղարաբաղի այսրոպեական,
այլ նաեւ՝ Հայաստանի հեռագնա շահերի մասին: Մեր հաշվետվությունում մենք Ադրբեջանի
ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս դե-ֆակտո համաձայնել որոշակի փուլում Ղարաբաղի
ներկայացուցիչներին ընդգրկելու բանակցությունների ներկայիս ձեւաչափի մեջ: Բացի այդ,
մենք համարում ենք, որ Բաքուն պետք է որոշակի քայլեր ձեռնարկի Ղարաբաղի եւ Ադրբեջանի
միջեւ միջանձնային շփումները թույլատրելու ուղղությամբ: Այսօր Ադրբեջանի քաղաքացուն
արգելված է շփումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ դա շատ վատ է: Գործելով
ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակում՝ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է հանեն իրենց
զորքերն օկուպացված տարածքներից: Նկատի ունեմ 7 շրջանները եւ ոչ՝ բուն Լեռնային Ղարաբաղը:
Պետք է հաշվի առնվի նաեւ Քելբաջարի եւ Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ի համար ռազմավարական
լինելու հանգամանքը: Սակայն ազատված տարածքներ մտնելու իրավունք չպիտի ունենա նաեւ
ադրբեջանական զորքը: Այնտեղ պետք է տեղակայվեն միջազգային զորքեր: Կողմերը պետք է
հաշտվեն այն մտքի հետ, որ ԼՂ-ն դեռ 5-10 տարի կշարունակի ապրել նույն կերպ, իսկ հետո
այնտեղ պետք է կազմակերպվի հանրաքվե, որին պետք է մասնակցեն ԼՂ բոլոր, այդ թվում՝
ադրբեջանցի բնակիչները: Այսօր տարածաշրջանում շատ գործոններ են փոխվել: Նավթն
արդեն սկսեց հոսել «Բաքու-Ջեյհան» խողովակով: Ադրբեջանը հայտարարել է, որ դրանից
ստացվելիք ահռելի եկամուտների զգալի մասն ուղղելու է զինուժի հզորացմանը: Ասենք,
ցանկացած երկիր, ում տարածքի զգալի մասը օկուպացված լիներ, հենց այդպես էլ կվարվեր:
Մյուս կողմից, Հայաստանում մարդիկ սկսում են հասկանալ, որ լավ չէ 21-րդ դարում միջազգային
ասպարեզում օկուպանտի տեսք ունենալ: Մենք չենք ուզում վերլուծել՝ ով է ճիշտ, ով՝
մեղավոր: Դրա համար կողմերը չափազանց շատ դիվանագիտական էներգիա են վատնել: Հիմա
իրավիճակին պետք է այլ կերպ նայել: Տեսեք. Հայաստանը դուրս է մնացել բոլոր ենթակառուցվածքային
նախագծերից: Նոր պատերազմը երկու կողմում էլ կհանգեցնի տնտեսական ճգնաժամի:
Հենց դրա համար էլ հարկ է հիմա լուծել հարցը»: Պատրաստեց ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել