Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԵ՛Ք ՍԵՓԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Հունվար 20,2006 00:00

Կոչ
է անում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում հատուկ ներկայացուցիչ
Բոյանա Ուրումովան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության շուրջ ստեղծված իրավիճակի
առնչությամբ: – Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել հանրաքվեի ընթացքում
կատարված խախտումների փաստերով քրեական 3 գործեր: Դրանցից ամեն մեկում մեղադրանքը
վերաբերում է մեկական քվեաթերթիկի, որ մեղադրյալները նետել են քվեատուփ որդու, ընկերոջ
կամ եղբոր փոխարեն: Ձեր գնահատականով, սրանք հենց այն բավարա՞ր միջոցներն են, որոնց
անհրաժեշտությունը կարեւորել էր Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽԽՎ
ժամանակավոր հանձնաժողովը, թե՞ «իշխանությունները վճռական միջոցառումներ կձեռնարկեն
դիտարկված կեղծիքների դեպքերի անհապաղ հետաքննության կապակցությամբ», այլապես «նոր
սահմանադրության ընդունումը, որը ենթադրվում է, որ Հայաստանին ավելի կմոտեցնի եվրոպական
արժեքներին եւ սկզբունքներին՝ ընդմիշտ կմնա կասկածելի վստահությամբ արատավորված»:
– Եվրոպայի խորհուրդն, իհարկե, սպասում է, որ հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած
խախտումների վերաբերյալ պնդումները կարժանանան մանրազնին, անկախ եւ անաչառ հետաքննության:
Սա չի վերաբերում միայն իրենց ընտանիքի անդամների փոխարեն քվեարկած անհատների փոքր
խմբին: Մասնավորապես, ինչպես ԵԽ-ն տեղեկացվել է՝ գլխավոր դատախազությունն անցկացնելու
է պաշտոնական հետաքննություն: Եվ սպասելու ենք՝ տեղեկանալու համար, թե որոնք են լինելու
հետաքննության արդյունքները: Ինչպես արդեն հստակ նշել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովը՝
բոլոր պատասխանատու անձինք, անկախ այն հանգամանքից, թե ինչ աստիճան են գրավում պետական
հիերարխիայում, պետք է կանգնեն արդարադատության առջեւ: – Երբ մեր մամուլում
հրապարակվեց ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության
նախագահի արձագանքն էր, թե Վեհաժողովը հետեւողականություն չի դրսեւորում սեփական
բանաձեւերի կատարման առնչությամբ՝ ասենք, 2003-ի ընտրություններում թույլ տրված կեղծիքների
պատասխանատուներին ի հայտ բերելու եւ պատժելու շուրջ: Ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը
ոչ բավարար հետեւողականության վերաբերյալ: – Ինձ համար դժվար կլինի ընդունել
այդ քննադատությունը, քանի որ ԵԽ-ն հետեւողական է եղել հանրաքվեների եւ ընտրությունների
գնահատականներում, եւ հետեւողական է եղել, երբ գտել է, որ թույլ են տրվել խախտումներ:
Մենք ետ չենք կանգնում այդ գնահատականներից: Եվ կարծում եմ՝ ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի
կազմած վերջին զեկույցն այդ հետեւողականության ապացույցն է: – ԵԽԽՎ առաքելության
զեկույցում նաեւ նշվում է. «Էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք բնակչության մեծամասնության
համար տեղեկություններ ստանալու հիմնական միջոցն են, դեռեւս խիստ վերահսկվում են
պետության կողմից»: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ հեռարձակման մրցույթներում
արդար պայմաններ ապահովելու եւ մասնավորապես՝ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին
եթեր վերադարձնելու շուրջ միջազգային կառույցների փաստաթղթերում արձանագրված բազմակի
պահանջները հետեւողականորեն անտեսվում են Հայաստանի իշխանությունների կողմից: –
Ճիշտ է, որ մի քանի անգամ բարձրացվել է մասնավոր հեռուստատեսային ընկերություններին,
ինչպիսին «Ա1+»-ն է՝ արտոնագիր տրամադրելու հարցը: Ե՛վ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական
Վեհաժողովի Դիտարկման խումբը, ե՛ւ ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի հարցերով զբաղվող
«Ագոյի» խումբն իշխանություններին անընդհատ պնդել են, որ հեռարձակման արտոնագիր տրամադրելու
կամ մերժելու համար պետք է առկա լինեն անաչառ, հետեւողական եւ թափանցիկ չափանիշներ:
Այս մարմինները հայաստանյան իշխանություններին մի շարք անգամներ մտահոգություն են
հայտնել «Ա1+» հեռուստատեսային ընկերությանն արտոնագիր տրամադրելու, ինչպես նաեւ
այն կապակցությամբ, որ բացակայում է մերժման համար որեւէ համապատասխան արդարացում:
Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է մնալ այդ կարծիքին եւ պնդելու է, որ գտնվի այս
իրավիճակի լուծում: – Ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, որ ստեղծվել է
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի շուրջ: Գտնո՞ւմ եք, որ իրավացի են այն մեկնաբանությունները,
թե նոր Սահմանադրության թանաքը դեռ չչորացած՝ խախտվեց այն, եւ մասնավորապես դրա 18-րդ
հոդվածը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների
պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալու մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունը»: – Ես կանդրադառնամ «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին» օրենքին: Այս օրենքում կան դրույթներ, որոնց նպատակն է ապահովել, որ տվյալ
հաստատության գործունեությունը կանգ չառնի անցումային շրջանում: Օրենքի դրույթները
թույլ են տալիս խուսափել նման իրավիճակից: Տրամաբանական կթվար կիրառել այդ դրույթները
տվյալ դեպքում, երբ չկան օրենքի կիրառմանը խանգարող օբյեկտիվ հանգամանքներ: Այդ պատճառով
ցավալի է, որ նման կերպ են զարգացել դեպքերը: Եվրոպայի Խորհրդի հիմնական նպատակներից
մեկն է ապահովել, որ պետությունները ղեկավարվեն օրենքի գերակայության վրա հիմնված
սկզբունքներով: Օրենքները կազմվում են հարգելու եւ կիրառելու համար: Որպես ԵԽ անդամ
երկիր՝ Հայաստանը ստորագրել է օրենքները հարգելու եւ կիրառելու սկզբունքների ներքո:
Եվ պետք է իրականացնի դրանք: – Արդյոք Պաշտպանի հաստատության շուրջ ծավալված
իրադարձությունները չդարձա՞ն ապացույց, որ իրավացի էր ընդդիմությունը, երբ անընդհատ
պնդում էր, թե մի բան է Սահմանադրությունը բարեփոխելը եւ մեկ այլ բան՝ դրա դրույթները
պահպանելը: – Սա շարունակական գործընթաց է, որը պետք է իսկապես շատ ուշադիր
իրականացվի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ԵԽ անդամ շատ այլ երկրներում: Բոլոր ներգրավված
կողմերի քաղաքական կամքը եւ հետեւողական ջանքերն են հարկավոր՝ հավաստիանալու համար,
թե ընդունված օրենքները հարգվում են, եւ որ պետությունը կարող է իրոք ասել, թե այն
օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված երկիր է: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել