Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեզ

Հունվար 19,2006 00:00

«Մեզ Աստված է տեր կանգնում» Ասում է «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի գեղարվեստական ղեկավար Աննա Սարգսյանը Տարբեր մակարդակներով հնչող այն միտքը, թե երեխաները մեր ապագան են ու փոխարինողները, որ նրանց պետք է հոգածություն (ինչի մեջ մտնում է եւ ֆինանսականը), «Վասպուրիկի» դեպքում իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնենք, որ 2002թ. ռեժիսոր Աննա Սարգսյանի հիմնադրած թատրոնը բազմաթիվ փառատոների դափնեկիր է, այդ թվում՝ «Կենաց», «Արեւային անձրեւ», «Պահպանենք մեր մշակույթը», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Եղեգան փող» եւ այլն: Իսկ «Մեկ ազգ, մեկ մշակույթի» շրջանակներում ելույթ ունենալուց հետո թատերախումբը հրավեր է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից: Սակայն ֆինանսի բացակայությունը թույլ չի տվել նրանց մեկնել շրջագայության: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը մեզ հայտնեց, որ ինքը չի էլ փորձել աշխատել ֆինանս հայթայթելու ուղղությամբ. «Ինձ առաջարկել են, ես հրաժարվել եմ, քանի որ հովանավորները հեռու կանգնած լինելով այս արվեստից, չգիտես ինչու, թելադրում են իրենց պայմանները: Նրանցից շնորհակալ ենք. մեզ Աստված է տեր կանգնում»: Չմանրամասնելով ասածը, Ա. Սարգսյանը նշեց, որ այդ հովանավորներն իրենց թույլ են տվել այնպիսի ցանկություններ հայտնել, որ մարիոնետների թատրոնի դեպքում, եւ ընդհանրապես, դրանք խելքին մոտ չեն: «Նշեմ, որ թատրոնում 3-8-րդ դասարանի 17 աշակերտ է ընդգրկված: Ունենք մեկուկես ժամանոց ծրագիր՝ բաղկացած ժողովրդական, դասական, այլազգի երգերից ու պարերից: Ընդ որում, վերջինիս 14 համար հայկական է: Ունենք նաեւ շոու համարներ: Միայն անցյալ տարի Երվանդ Մանարյանի ղեկավարած «Ագուլիս» թատրոնի հետ շրջել ենք ամբողջ Արցախում: Հայաստանում այնպիսի մարզ չկա, որտեղ «Վասպուրիկը» իր արվեստը ցուցադրած չլինի»,- նշեց Ա. Սարգսյանը: Հարցին՝ ձեր համերգ- ներկայացումներին տոմսեր չե՞ն վաճառվում, ղեկավարը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ճանաչվեցինք հենց անվճար աշխատելու շնորհիվ: Հրավիրողներն ասում են, որ ինքնագործ կոլեկտիվ ենք, ու վճարվում են միայն պրոֆեսիոնալները: Նրանց կարծիքով, մե՛նք պետք է շնորհակալություն հայտնենք՝ միջոցառումներին հրավիրվելու համար: Պատանի դերասաններիս ու իրենց ծնողների կողմից վարձատրության ու ֆինանսի մասին ոչ մի խոսակցություն առայսօր չեմ լսել»: Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, թատրոնի գոյության ընթացքում հատուկենտ հովանավորնե՞ր էլ չեն գտնվել, «Վասպուրիկի» ղեկավարը նշեց միայն Արմինե Հովհաննիսյանի «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ Թամար Պողոսյանի անունները: Զրույցից պարզեցինք, որ թատրոնի մարիոնետները՝ տիկնիկները պատրաստում են հենց իրենք՝ ղեկավարն ու երեխաները, իրենց հնամաշ շորերից: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել