Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՇԻՆԱՐԱՐ

Հունվար 19,2006 00:00

ՔԱՂԱՔԱՇԻՆԱՐԱՐ ՉՈՒՆԵՆՔ, ԿԻՆՈՆ ԷԼ «ՑՑՈՒՆ» ՉԷ Արվեստագետներից ոմանք դժգոհ են պետական մրցանակի առիթով Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձամբ պարգեւներ հանձնեց 2005թ. գրականության եւ արվեստի բնագավառում պետական մրցանակի դափնեկրի կոչմանն արժանացած գործիչներին: Սակայն 2,5 մլն-ական դրամ նրանցից ոչ բոլորին բաժին հասավ: Երաժշտության բնագավառի հանձնախմբի նախագահ Արաքսի Սարյանը տեղեկացրեց, որ հայտ էին ներկայացրել կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, ինչպես նաեւ դիրիժոր Զավեն Վարդանյանը: Փակ քվեարկությամբ որոշվել էր պետական մրցանակ շնորհել Հրաչյա Մելիքյանին՝ «Եռակոնցերտ» ստեղծագործության համար: Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառը մնաց առանց մրցանակի: Հանձնախմբի նախագահ Մարտին Թովմասյանն ասաց, որ ներկայացվել էր ընդամենը մեկ աշխատանք, որը չընդունվեց որպես ներդրում քաղաքաշինության եւ ճարտարապետության ասպարեզում, քանի որ այլ անվանակարգի էր համապատասխանում: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակի էր ներկայացվել «Լինսի» ծրագիրը: Կերպարվեստի ոլորտի հանձնախմբի նախագահ Սարո Սարուխանյանը հրապարակեց միակ հայտատուի՝ քանդակագործ Սարո Սարուխանյանի անունը: Վերջինիս պետական մրցանակ շնորհվեց Համո Սահյանի հուշարձանի համար: «Նշանակություն չունի՝ մեկ, թե քսանմեկ գործ էր ներկայացված: Հանձնաժողովի 8 մասնակից միաձայն Գետիկ Բաղդասարյանին ներկայացրել են այս մրցանակին»,-ասաց պրն Սարուխանյանը: Քանիցս տեղեկացրել ենք, որ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) անդամների՝ մրցանակաբաշխության չմասնակցելու պատճառը կերպարվեստի հանձնախմբի եւ միության անհամաձայնությունն է՝ կապված ստեղծագործությունները մրցույթի ներկայացնելու կարգի հետ: Նկարիչների միությունը գտնում է, որ բոլոր գործերը նախ պետք է քննվեն ՀՆՄ համապատասխան սեկցիաներում: ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ իր մտահոգությունների մասին պատրաստվում է նամակով հայտնել ՀՀ նախագահին: «Այս գեղեցիկ օրը չէի ուզում վատ բաների մասին խոսել, բայց ստիպված եմ: ՆՄ անդամները գործեր չեն ներկայացնում մրցույթի, եւ պատճառը հավատի պակասությունն է…Պիտի նամակով դիմեմ նախագահին ու ասեմ, որ մրցանակաբաշխության էֆեկտը երբեմն հակառակն է ստացվում»: Թատերարվեստի եւ կինոարվեստի ոլորտը եւս մրցանակակիր չուներ, թեեւ հանձնախմբի քննարկմանն էին ներկայացված Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Հր. Ղափլանյանի, Կ. Ստանիսլավսկու անվան եւ Խամաճիկների թատրոնների 6 ներկայացում եւ Ռուբեն Գեւորգյանցի «Քարերը հավաքելու ժամանակը» վավերագրական հրապարակախոսական ֆիլմը: Հանձնախմբի անդամ Գեւորգ Գեւորգյանի կարծիքով՝ իրենք խիստ չափանիշներով են քննել՝ գիտակցելով պետական մրցանակի կարեւորությունը: «Դրա համար էլ չգտնվեց այնպիսի գործ, որին հանձնախմբի 9 անդամներից 5-ը ձայն տային… Ոչ մի ցցուն գործեր չկային: Եղածներից ամենաշատ՝ 4 ձայն հավաքել է Ռուբեն Գեւորգյանցի «Քարերը հավաքելու ժամանակը» վավերագրական կինոնկարը, որը բավարար չէ պետական մրցանակ շնորհելու համար»: Գեւորգ Գեւորգյանի՝ «ցցուն գործեր չկային, դրա համար էլ մրցանակ չհասավ կինոյի եւ թատրոնի ոլորտին» դիտարկման առնչությամբ «Հայք» կինոստուդիայի տնօրեն, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն «Առավոտին» ասաց. «Ես կարծում եմ, որ ցցուն միայն մի բան է լինում»: Իմ «Քարերը հավաքելու ժամանակը» ֆիլմին մրցանակ չտալ կարող էին միայն թուրքերը: Դա մեր 10-15 տարիների ողջ պատմությունն է՝ ղարաբաղյան պրոբլեմը: Ֆիլմի իմ գործընկերներն են OPT-ի գեղարվեստական ղեկավար Թենգիզ Սեմյոնովը եւ հայտնի գրող, հրապարակախոս Ալեքսանդր Գրոմովը: Փաստորեն, եթե այս ֆիլմը մրցանակ ստանար, առաջին անգամ մրցանակ կստանային ռուսները: Չմոռանանք, որ 2006-ը Ռուսաստանում Հայաստանի տարի է հայտարարված: Ես կարծում եմ, որ այդ հանձնախմբի անդամների 70%-ը մարդիկ են, ովքեր իրավունք չունեն այնտեղ լինելու, կինո գնահատելու, որովհետեւ ճնճղուկներ են, խոտ… Խոսքս հատկապես Զավեն Բոյաջյանի, Սուսաննա Հարությունյանի ու էլի մի քանիսի մասին է»: Գրականության եւ հրապարակախոսության ոլորտի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ 15 հրապարակախոսական ու գեղարվեստական գործերից հանձնաժողովը վերջին փուլում թողել էր 2-ը՝ Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» եւ Հենրիկ Էդոյանի «3 օր առանց ժամանակի» գրքերը: Պետական մրցանակը բաժին հասավ Հենրիկ Էդոյանին: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանից հետաքրքրվեցինք, չի՞ վախենում, որ նորից սկիզբ կառնեն խոսակցություններ, թե հիմա էլ Լեւոն Անանյանի մեկ այլ բարեկամը՝ ՀԳՄ նախագահության անդամ Հենրիկ Էդոյանը մրցանակ ստացավ: «ՀԳՄ նախագահությունում ընտրվում է մեր գրականության էլիտան, բացի դրանից, Հենրիկ Էդոյանը ինքնատիպ պոետ է… Մեր գրական միջավայրում մաղձն այնքան շատ է, որ ում էլ մրցանակ շնորհվի՝ դժգոհող անպայման կլիներ: Եթե Նարեկացուն էլ մրցանակ տրվեր, կլինեին հակընդդեմ կարծիքներ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել