Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՍԻԽՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Հունվար 19,2006 00:00

ՓՍԻԽՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ Թռչնագրիպի շուրջ ստեղծված խուճապն արհեստական է Ցանկացած խնդրին ոչ գրագետ մոտեցումը հանգեցնում է նրան, ինչին այսօր հանգեցրել է թռչնի գրիպի հնարավոր համաճարակի շուրջ զանգվածային փսիխոզը: «Դուք հավի միս ուտո՞ւմ եք»,- մտահոգված հարցնում է հեռուստալրագրողը պատահական անցորդներին: «Օ՜, ո՛չ, ո՛չ հավ, ո՛չ ձու», – որպես կանոն՝ պատասխանում են անցորդները: Հարեւան՝ ոչ բարեկամական Թուրքիայում թռչնագրիպից մահացած երեխայի մասին լուրը լրատվական ծրագրերի հիթն է: Դրան հետեւում են լուրերը, թե ինչպես է հարցականի տակ դրվում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, թե ինչպես է համաճարակը Թուրքիայում նորանոր գավառներ ընդգրկում, թե որքան անտարբեր է Թուրքիայի կառավարությունը հնարավոր համաճարակը կանխելու հանդեպ: Իսկ այն մասին, որ գերտերությունների կողմից պարտադրված սովից, բազմաթիվ այլ վարակներից, որոնք ոչ պակաս վտանգավոր են, քան թռչնագրիպը, աշխարհում օրական քանի երեխա է մահանում, լրատվամիջոցները լռում են, որովհետեւ նրանց ենթագիտակցության վրա այդ ուղղությամբ որեւէ ճնշում դեռեւս չի եղել: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ յուրաքանչյուր 30 տարին մեկ աշխարհում պանդեմիա (գլոբալ համաճարակ) է բռնկվում: Վերջին պանդեմիան գրանցվել է 1968 թվականին եւ հիմա «ժամանակը լրացել է» ու նորն է սպասվում: Սակայն վիրուսի ո՞ր շտամը կարող է լինել դրա պատճառը՝ հայտնի չէ: Քանի որ վերջին շրջանում H5N1 վիրուսը ակտիվացել է, մտավախություն կա, թե այդ վիրուսը՝ մուտացիայի ենթարկվելով (այսինքն՝ առաջ դրանով վարակվում էին միայն թռչունները, այսօր այն վարակի աղբյուր կարող է լինել նաեւ մարդու համար), կարող է պանդեմիայի պատճառ դառնալ: Աշխարհում դեռ չի գրանցվել մարդուց մարդու վարակի դեպք, եւ բժիշկները չեն կարող ասել, թե դա ինչ եղանակով է հնարավոր. օդակաթիլայի՞ն, թե՞ այլ: Քանի որ որպես թռչնագրիպի տարածման օջախ են համարվում հիմնականում Թուրքիային հարեւան երկրները, փորձեցինք ճշտել, թե այդ երկրներում, մասնավորապես Սիրիայում, Իրանում ինչպես են ընդունում թռչնագրիպի հնարավոր համաճարակի մասին լուրերն ու իրենք ինչպես են պայքարում դրա դեմ: Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից հայտնեցին, որ Իրանում այս խնդրի հետ կապված որեւէ խուճապ չկա, եւ որ ողջ այս աղմուկը, իրենց կարծիքով, չափազանցված է: Ըստ դեսպանատան աշխատակցի՝ միջազգային շատ տնտեսագետներ այսօր այն կարծիքին են, որ նման խուճապը արհեստականորեն ուռճացված է եւ նպատակ ունի թուլացնել մրցակից երկրների տնտեսությունը, ինչպես դա պատահեց տարիներ առաջ Չինաստանում, Մալայզիայում: Հետաքրքիր է, որ Իրանում երկու դեղընկերություն տեղում արտադրում է «տամիֆլյու», որն այսօր ճանաչված է որպես թռչնագրիպի դեմ պայքարի ամենաարդյունավետ դեղամիջոց: Որպես հնարավոր վարակի կանխման միջոց, Իրանի նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ կասեցվել է մեկօրյա վիզայի մասին պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Թուրքիայի քաղաքացիները մեկ օրով կարող էին գալ Իրան: Սիրիայում եւս, ինչպես հայտնեցին Հայաստանում Սիրիայի դեսպանատնից, որեւէ խուճապ չկա, քանի որ երկիրը պատրաստ է վիրուսի դեմ պայքարելու, եթե այն ի հայտ գա: Կարծիք կա, որ գերտերությունները, խնդիրներ ունենալով Իրանի, Իրաքի, Սիրիայի հետ, ցանկանում են այդ երկրների ժողովուրդների ուշադրությունը շեղել ավելի հրատապ խնդիրներից, ինչպես նաեւ որոշակի խուճապ առաջացնել: Սա, ի դեպ, մեր ազգային անվտանգության համակարգի աշխատակիցներից մեկի կարծիքն է: Դե, իսկ Հայաստանում խուճապ առաջացնելը մեկից մեկ է. հնարավոր վարակի մասին մտահոգությունն էլ մարդկանց հոգեբանորեն ընկճում է: Արդյունքում՝ էլ ավելի է խորանում անվստահությունը սեփական պետության անճարակության հանդեպ, հատկապես, երբ հեռուստատեսությամբ պարբերաբար շեշտվում է, որ դեղի անհրաժեշտ խմբաքանակ Հայաստանում չկա: Ի դեպ, համաձայն «տամիֆլյու» դեղամիջոցն արտադրող «Հոֆման-Լյա Ռոշե» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Առաքելյանի՝ այս պահին կոմերցիոն խողովակներով ներկրվել է ընդամենը 50 տուփ, իսկ դա 50 հոգու դոզա է: Այդ 50 տուփից 12-ը, ի դեպ, վերցրել է Հայաստանում «Ռոշեի» ներկայացուցչությունը. դա ընկերության պարտադիր պայմանն է, մի մասն էլ վերցրել է «Խաղաղության կորպուսը»: Հայաստանի համար, դարձյալ կոմերցիոն ճանապարհով, պատվիրված է 880 տուփ, որը պիտի Հայաստան գա հունվարին: Իսկ ԱՀԿ-ի խորհրդով, պանդեմիաներից առհասարակ խուսափելու համար պետք է զինվել անհրաժեշտ դեղերի պաշարով՝ առնվազն երկրի բնակչության 20-40 տոկոսի հաշվով: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել