2006-ԻՆ ՉԵՆ ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ Հակառակ բոլոր վերլուծությունների եւ կանխատեսումների՝ պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: – Ձեր վերջին ասուլիսում պնդեցիք, թե այս տարի քաղաքական դաշտում պահպանվելու է նույն պատկերը, որը ձեւավորվել է 2003-ի խորհրդարանի ընտրությունից հետո: Ի՞նչ հիմքեր ունի նման վստահությունը: – Հայաստանում քաղաքական վերադասավորումներ լինում են միայն այն պարագայում, երբ քաղաքական իրավասություն ունեցող մարմինը փոխում է իր կոնֆիգուրացիան: – Դրա նախադրյալները չե՞ք տեսնում, որ կոալիցիան կարող է փոխել իր ձեւաչափը: – Չի՛ փոխի: Դրա համար եմ ասում, որ չեն լինելու վերադասավորումներ: Այդ ուժերի ստորագրած հուշագիրը մի քիչ ուշադիր կարդալու դեպքում կհամոզվեք, որ կոալիցիայի որեւէ բաղադրիչի համար շահավետ չէ այդ պայմանավորվածությունները խախտելը: Հուշագրի խախտման հետեւանքները կլինեն անկանխատեսելի: – Կոալիցիայի ներքին հակասությունները սակայն ակնհա՞յտ չեն: – Դրանք կային առաջին իսկ օրվանից: – Այդ կուսակցությունների համար նպատակահարմա՞ր չէ առանձին անցկացնել նախընտրական պատրաստության շրջանը: – Մինչեւ 2007-ի պետական բյուջեի քննարկումը եւ հաստատումը նրանք կլինեն միասին: Լինելով իշխանության կրողը, պատասխանատուն ու նաեւ իրավասուն՝ այդ նախագծի քննարկման ժամանակ նրանք իրականացնում են որոշակի գործառույթներ պետական ռեսուրսների բաշխման ուղղվածության առնչությամբ: Քաղաքական ամեն ուժ, որը որոշում կայացնող ընդհանուր համակարգի մեջ է՝ փորձ է անում, ելնելով իր նպատակներից, իրականացնել բյուջետային որոշակի բաշխում: Հասկանալի է, որ եթե փոխվի կոալիցիոն ձեւաչափը՝ 2007-ին, որ ընտրությունների փուլաշրջանի սկիզբ է, տվյալ քաղաքական կառույցը կմնա վակուումի մեջ: Սա ձեռք չի տալիս՝ այդ մարդիկ պետք է իրականացնեն բյուջետային բաշխման գործընթացն՝ ըստ իրենց պատկերացրած անհրաժեշտությունների, որ հետո ընտրությունների ժամանակ կարողանան օգտագործել ու շահարկել նաեւ այդ ռեսուրսը: Սա նրանց պահող ամենակարեւոր մեխանիզմն ու միասնության գրավականն է: Միամիտ չլինեք՝ չե՛ն փախնելու իրարից, քանի որ փախչողը կզրկվի բաշխման այդ հնարավորությունից: – Բավական աժիոտաժ են առաջացրել քաղաքական ասպարեզ նոր մուտք գործել պատրաստվող կուսակցությունները: Դուք արդեն իսկ համոզմունք եք հայտնել, թե դրանք չեն փոխի իրավիճակը, քանի որ խորհրդարանից դուրս գտնվող ուժը չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա: Դա վերաբերո՞ւմ է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որին վերագրվում է քաղաքական գործընթացներում լուրջ դերակատարություն: – Իհարկե չեն կարող փոխել իրավիճակը եւ որեւէ բանի վրա ազդել մինչեւ 2007-ի նոր խորհրդարանի ընտրությունները: Այդ կուսակցությունները կարող են լինել միայն ազդեցության հավակնորդներ: Բայց իրական ազդեցությունն իրականացվում է այն ձեւաչափով, որն այսօր կա խորհրդարանում: Նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը որեւէ բան չկարողացավ անել ԱԺ-ից դուրս: Քանի որ արդյունավետ չէր, որ նրանք խորհրդարանի ամբիոնը թողած՝ տեղափոխվեցին հանրահավաքների հարթակ: Ողջ աշխարհում այդ հարթակն օգտագործվում է ԱԺ-ում ամբիոն ունենալու համար եւ ոչ թե հակառակը: Եվ այդ «հակառակ» գործընթացների ապակառուցողական հետեւանքները վայելում ենք մինչ օրս՝ ամբողջ հասարակությամբ: Ինչ վերաբերում է նոր կուսակցություններին՝ տեղի ունեցող գործընթացները պետք չէ կտրել այն ժամանակաշրջանից, որի ընթացքում տեղի են ունենում դրանք: Կա մի խնդիր՝ գահակալության ժառանգորդի, իրավահաջորդի կամ նրա մոտ ունեցած ազդեցության: – Կարծում եք, թե այդ նոր կուսակցությունները հավանական իրավահաջորդը ստեղծում է իբրեւ քաղաքական հենարա՞ն: – Այդ խնդիրը, որպես երեւույթ, կա ամեն տեղ, ցանկացած հասարակության մեջ: Մեր երկիրը միապետական չէ, ուստի Հայաստանում ազդեցության այդ խնդիրը լուծվում է կուսակցական մեխանիզմներով: Բայց թե ինչ նկատառումներով են ստեղծվում այդ կառույցները՝ դրանք նախաձեռնողների խնդիրն է: Մեզ դրանք չեն անհանգստացնում: – Այդ կուսակցություններից մի քանիսն առավել շատ միջոցներ կարող են ներդնել ընտրապայքարում: Թե՞ վստահ եք, որ միայն փողը չէ որոշիչ լինելու 2007-ին: – Նյութական ռեսուրսների առկայության դեպքում մեծանում են հնարավորությունները: Բայց դա իրոք որոշիչ չէ: Նյութական ռեսուրսներն անհրաժեշտ պայման են, բայց ոչ բավարար: Հարկ է ունենալ նաեւ քաղաքական թիմ (ընդգծում եմ քաղաքական բառը), ստեղծել համապատասխան քաղաքական վարկանիշ, տարածքային կառույցներ: Մեր իրականությունից ելնելով, նաեւ կարեւոր է ուժային ռեսուրսը՝ ընտրություններում ձեռք բերած արդյունքները պահելու համար: ՄԱԿ-ն ունի այդ ուժային ռեսուրսը՝ մենք ներկայացված ենք ընտրական հանձնաժողովներում: – Ուստի ՄԱԿ-ը չի՞ զգուշանում նոր կուսակցությունների հետ մրցակցությունից: – Ընդհակառա՛կը: Մրցակցությունը մեզ հաղորդում է նոր լիցք՝ էնտուզիազմ: Մեր ասելիքը դառնում է ավելի հստակ: Տեսնում ենք, թե ինչ պիտի ներկայացնենք ընտրողին, թե մենք ով ենք, ինչ ենք արել եւ ինչպես պիտի տարբերակեն, եթե դաշտում կան այլ ուժեր, որոնք հանդես են գալիս գաղափարական նույն հենքով: Այս առնչությամբ նշեմ, որ մենք երբեք շեղում թույլ չենք տվել մեր հռչակած արժեքային համակարգից: Քաղաքականության մեջ դա շատ կարեւոր է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ