Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ

Հունվար 19,2006 00:00

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՊՐԱԿԸ ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ Է Բացահայտումների հեղինակը «Արդարությունն» է ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հերթական սենսացիոն բացահայտումները ներկայացրեց՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման թեմայով: Պարոն Խաչատրյանը ցույց տալով կնիքների համար նախատեսված տոպրակները՝ նկատել տվեց, որ դրանց վրա կնիքը սխալ տեղում է դրված, այսինքն՝ այնպես, որ հնարավոր լինի նախօրոք բացել տոպրակները, առանց կնիքը վնասելու, եւ տոպրակի վրա դա առանձնապես չերեւա. «Մտածված է այնպես, որ տոպրակների վրայի կնիքները մնան անձեռնմխելի, բայց կնիքները օգտագործվեն: Բոլոր 1920 ընտրատեղամասերի կնիքների տոպրակները հենց այդպես են բացվել: Բոլորը այսպես են կնքվել եւ ուղարկվել ընտրատեղամաս»: Ֆելիքս Խաչատրյանի ներկայացմամբ. «Ընդամենը չորս տեղամասերի արձանագրությունների անճշտությունները կազմում են 4 հազար 225, իսկ ըստ պաշտոնական տվյալների՝ ամբողջ հանրապետությունում անճշտությունները եղել են 1582: Եվ հետեւյալը՝ սա արդեն ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, 28 ընտրական տեղամասերում արձանագրություններն արդեն գրված, կազմված են եղել ժամը 20.00-ին, այսինքն՝ այն պահին, երբ դեռ նոր պետք է փակվեին ընտրատեղամասերի դռները եւ սկսվեր հաշվելու եւ արձանագրություն կազմելու պահը: Մոտավորապես 50 ընտրատեղամասում արձանագրությունները կազմվել են մինչեւ 20.30-ը, 150-ից ավելի՝ մինչեւ 21.00-ն, ընդ որում, դրանք մոտավորապես 1500 ընտրող ունեցող տեղամասեր են, եւ գործընթացը ավարտել են 15-20 րոպեում: Համեմատության համար ներկայացնեմ երկու թիվ՝ 36/37 ընտրատեղամասում. դա Արթիկի Ձորակապ գյուղն է, այն հայտնի գյուղը, որտեղ միայն մեկ ընտրող է մասնակցել ընտրություններին (Մուշեղ Սաղաթելյանի հայրենի գյուղն է- Մ. Ե.), արձանագրությունը կազմվել է ժամը 20.15-ին, մեկ մարդու ձայնի հաշվարկը դարձյալ տեւել է 15 րոպե: Հիմա ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ օրինակներ, որոնք պարզապես աբսուրդի են հասնում: Այսպես, Ավանի 1/5 տեղամասում քվեարկությանը մասնակցել է 1120 ընտրող, արձանագրության կազմումը ավարտվել է ժամը 21-ին: Արմավիրի Տարոնիկ համայնքի 20/43 տեղամասում մասնակցել է 874 մարդ, արձանագրությունը ավարտվել է 20.00-ին: Սա պարզապես տեսականորեն հնարավոր չէ: Մեր վիճակագրությամբ՝ յուրաքանչյուր քվեաթերթիկ, յուրաքանչյուր մասնակցի ձայնը հաշվելը, այսինքն՝ ստորագրությունը հաշվելը, մարելը, զմռսելը, վերահաշվելը, կնքելը եւ այլն, տեւում է 10-15 վայրկյան, իսկ ներկայացված օրինակներում յուրաքանչյուր քվեաթերթիկի հետ վերոհիշյալ գործողությունը կատարելը տեւել է մեկ վայրկյանից էլ պակաս»: Որպես «սոցիալիստական պարտավորության» փայլուն օրինակ՝ ներկայացվեց Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում տեղի ունեցած «Ճեպընթաց» հաշվարկը: Այսպես, ժամը 24-ին արդեն ստորագրված են եղել 56 հազար 44 տեղամաս ունեցող ընտրատարածքի արդյունքները: Ըստ «Արդարության» դիտորդների հաշվարկի՝ նույն այդ ընտրատարածքի 17/6 ընտրատեղամասում ժամը 17.00-ի տվյալներով հանրաքվեին մասնակցել է ընդամենը 250 մարդ, մինչդեռ պաշտոնական տվյալն այլ է՝ մասնակիցների թիվը՝ 1438 մարդ: «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները մի փոքրիկ էքսպերիմենտ են անցկացրել: Միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/03 տեղամասից կարողացել են ընտրողների 1564 ստորագրություն հավաքել, որով ընտրողները հավաստիացնում են, որ իրենք չեն մասնակցել հանրաքվեին: Իսկ պաշտոնական արձանագրության մեջ նշված է, որ 1906 ցուցակային ընտրողների դեպքում քվեարկությանը մասնակցել է 1360 մարդ: Այս փաստը ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը գնահատեց որպես մարդկանց քաղաքացիական բարձր գիտակցության ապացույց. «Չնայած մարդկանց վախեցրել են, ստիպել են, սակայն մարդիկ չեն վարանել եւ չեն ուզում թաքցնել ճշմարտությունը, ստորագրողները այդպիսով իրենց բողոքն են արտահայտել կատարված ապօրինություններին»: Երեկ առավոտյան Ֆելիքս Խաչատրյանը ստացել է նաեւ Արարատի մարզի Արարատ գյուղի տվյալները, ըստ որի՝ 2500 մարդ ստորագրել է, որ չի մասնակցել հանրաքվեին: Մինչդեռ, նույն այդ գյուղի մասին պաշտոնական տվյալներն ասում են, թե 90 տոկոս մասնակցություն եւ նույնքան «այո» է եղել: «Արդարություն» խմբակցությունը պնդելու է, որ խորհրդարանում ստեղծվի հանրաքվեի կեղծիքները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որն էլ իր ուսումնասիրությունների արդյունքը կուղարկի դատախազություն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել