«Ակադեմիայի
նախագահությունը վախենում է կորցնել իր տաքուկ տեղը»,- վստահ է գիտությունների դոկտոր
Հրաչյա Հովհաննիսյանը: Այն, որ ԿԳՆ ղեկավարությունը տեղյակ չէ ՄԱԿ-ի փորձագետների՝
գիտության ոլորտում իրականացրած հետազոտություններից, մեղմ ասած, չի համապատասխանում
իրականությանը: Երեկ մեր ձեռքն ընկավ մի փաստաթուղթ՝ ստորագրված ՄԱԿ-ի մշտական համակարգող
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի եւ Սերգո Երիցյանի կողմից: Այն հրավեր
էր՝ մասնակցելու ՄԱԶԾ եւ ԿԳՆ կողմից համատեղ իրականացվող «ՀՀ ԿԳՆ ներուժի հզորացում
քաղաքականության մշակման բնագավառում» ծրագրի՝ «Գիտության բնագավառում պետական կառավարման
բարեփոխումներ» անվանմամբ հայեցակարգի քննարկումներին: Հասցեատերերից մեկը «Հայաստանի
գործող գիտնականների հասարակական խորհուրդ» հ/կ անդամ, կենսաբանական գիտությունների
դոկտոր Հրաչյա Հովհաննիսյանն էր, որի հետ էլ ծավալվեց մեր զրույցը՝ ՄԱԿ-ի եւ ԳԱԱ
ներկայացրած բարեփոխումների փաթեթների շուրջ: Հր. Հովհաննիսյանը նախ համեմատում
է 2 ծրագրերը: Ըստ այդմ, ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, որում ընդգրկված են մենեջմենթի
մասնագետներ, ուսումնասիրել է, թե ոլորտում ինչ վիճակ է տիրում, զրուցել ինստիտուտների
աշխատակիցների, գործող գիտնականների հետ, արել հարցումներ, բացահայտել այն խոչընդոտները,
որ առկա են գիտության զարգացման գործում: Նաեւ ներկայացրել է աշխարհի փորձը՝ ներառելով
նախկին սոցիալիստական երկրները: Հետո միայն արվել են համապատասխան առաջարկություններ:
ԳԱԱ փաթեթում չկա նախորդ հատվածը, միայն առաջարկություններ են: «Ակադեմիան առաջարկում
է վերափոխումներ՝ առանց վերլուծությունների, առանց ուսումնասիրությունների, առանց
իրավիճակի նկարագրության: Որովհետեւ այդ դեպքում կերեւար իրենց բացը, իրենց թերացումները,
իրենք չեն կարող օբյեկտիվ լինել: Այդ նախագահություն կոչվածը ինչի համար է, ոչ ոք
չգիտի: Ինչո՞վ են զբաղված՝ միայն անձնական հարցեր լուծելով: Մենք նրանց ամիսներով
չենք տեսնում, բայց ունեն ծառայողական մեքենաներ: Ո՞ւր են գնում այդ մեքենաներով:
Բա ամիսը մեկ բաժանմունքի ղեկավարը իր ինստիտուտները չմտնի՞: Բայց ստանում են շատ
բարձր աշխատավարձ, որը 8 անգամ գերազանցում է գիտությունների դոկտորինը: Նրանք ստանում
են 150 հազար, մենք՝ 22 հազար: Գիտաշխատողներ կան, որ 7-8 հազար են ստանում, պարզապես
չեն ուզում աշխատանքից դուրս գալ: Նախագահությունում նստածներն են ՄԱԿ-ի փաստաթղթի
դեմ պայքարում, որովհետեւ նրանք արդեն վաղուց հեռացել են գիտությունից, իսկ այս պարագայում
պետք է բոլորի հետ հավասար գիտնականների շարքը դասվեն, ինչը չեն ուզում: Եվ նրանց
պայքարը նրա համար է, որպեսզի պահպանեն իրենց տաքուկ տեղերը: Երբ ոչինչ չեն անում
եւ ստանում են կարգին գումարներ՝ առանց ուղեղներին զոռ տալու: Նրանք արդեն 40-50
տարի ադմինիստրատիվ աշխատանքի մեջ են, մրցակցությանը չեն դիմանա: Գիտությունը շատ
արագ է զարգանում, իսկ նրանք հետ են մնում: Մեծ մասը նույնիսկ համակարգչից գաղափար
չունի: Ի դեպ, գիտությունը միայն ակադեմիայում չի զարգանում եւ այս ամենը միայն ակադեմիային
չի վերաբերում: Իհարկե, հիմնարար գիտությունները պետք է զարգանան ակադեմիայում: Բայց
ինչ վերաբերում է պրակտիկ գիտությանը, պետք է դրանք մտցնել ինստիտուտներ, ստեղծել
գիտաուսումնական կենտրոններ»: ԳԱԱ-ի բարեփոխումների տարբերակում առաջարկ կա
միավորել ինստիտուտները. «Երբ օպտիմալացնում ենք դպրոցները, միացնում ենք նույն ստրուկտուրաները՝
նույն առարկաներով, նույն ծրագրերով: Բայց այս դեպքում, օրինակ, ինչպե՞ս միավորենք
ֆիզիկայի եւ կենսաբանության ինստիտուտները, դրանից ոչինչ չի փոխվի, կառավարման արդյունավետության
խնդիր այդպիսով չի լուծվի,- ասում է պրն Հովհաննիսյանը:- Ասում են՝ դեմ ենք ասպիրանտուրայի
վերացմանը: Ինչո՞ւ: Եթե ուզում ես դոկտորական դիսերտացիա պաշտպանել, ստիպված պետք
է մնաս նույն տեղում 20-25 տարի, զբաղվես նույն թեմայով, որը կարող է իր արդիականությունն
էլ կորցնի: Դա սահմանափակում է, չի թողնում, որ մարդ շեղվի, գուցե մի ուրիշ լավ ուղղություն
է հայտնաբերել»: Հրաչյա Հովհաննիսյանն ինքը 100 տոկոսով կողմ չէ ՄԱԿ-ի առաջարկներին,
սակայն առաջարկում է առողջ բանավեճ սկսել, քննարկել հարցը եւ գալ ընդհանուր հայտարարի.
«Նրանք չեն էլ ուզում կարդալ, ինչի՞ն են դեմ, թող քննարկեն: Նրանք իրենց առաջարկներով
ուզում են ստիպողաբար աջակցություն պահանջել. եվրոպական կառույցին կարո՞ղ ենք ստիպել,
որ մեր գիտնականին ներգրավի իր ծրագրերում: Իսկ մրցունակ գիտական կենտրոններով մենք
արագ կինտեգրվենք: Կամ՝ ինչո՞ւ պետք է պետությունը ստիպի մասնավոր ֆիրմային՝ ներդնել
իմ գյուտը, ինչպես ակադեմիան է առաջարկում: Սա կապիտալիստական երկիր է, սոցիալիստական
չէ: Այս ամենը գրել են՝ չհասկանալով, թե ինչ հասարակարգում են ապրում»: Ի
դեպ, ըստ դոկտորի, հաշվարկված է, որ գիտությանը հատկացվող բյուջեի 1 տոկոսից գիտնականները
3 անգամ ավելի աշխատավարձ կարող են ստանալ, եթե միայն նախագահության ծախսերը սահմանափակվեն:
«Նախագահությունն ուտում է այդ գումարների մոտ 30 տոկոսը: Նրանց պարգեւատրման ֆոնդը
ավելի մեծ է, քան բոլոր ինստիտուտների ֆինանսավորումը միասին վերցրած: Բայց այդ պարգեւատրումը
ո՞վ է ստանում, հաստատ աշխատող գիտնականները չեն ստանում»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ