Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի տեսուչը՝ անցանկալի հյուր

Հունվար 19,2006 00:00

Գյուղացիներն իրենց ինքնաշեն վառարանների պատճառով դուռն ամեն մեկի առաջ չեն բացում:

Արմավիրի եւ Արագածոտնի մարզի Աղավնատուն, Դողս եւ Ամբերդ գյուղերում բնակիչների մեծ մասը գազը վառում է փայտի համար նախատեսված վառարաններում՝ վտանգելով իրենց եւ մյուսների կյանքը: Անցյալ տարի ականատես եղանք բազմաթիվ դժբախտ դեպքերի, երբ գազիֆիկացված բնակարանները ջեռուցվում էին ինքնաշեն վառարաններով: Խնդրին այն է, որ գազի վառարանների գինը անհամեմատ բարձր է, քան փայտի համար նախատեսվածներինը: Դրանց գինն սկսում է 45 հազար դրամից: Խոսքն այս դեպքում թուրքական եւ պարսկական վառարանների մասին է, որոնց որակի համար վաճառողները ոչ մի երաշխիք չեն տալիս, իսկ ավելի որակյալները կրկնակի գին ունեն: Բնակիչների ներկայացմամբ՝ «մենք էլ գիտենք, որ սա շատ վտանգավոր է, մի օր կարող ա մեզ էլ խեղդված գտնեն, բայց ուրիշ ճար չունենք, հազիվ կարողացել ենք մեր երեխեքի բերնից կտրելով թանկուկրակ գազն անցկացնել, էլ որտեղի՞ց մի էդքան էլ տանք՝ հատուկ գազի վառարան առնենք»: Նշված գյուղերի բնակիչները խնդրեցին իրենց անուններն այնուամենայնիվ չհրապարակել, քանի որ՝ «էս ձմռան կեսին կարող են գան-բռնեն»:

Խնդրի առնչությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը հայտնեց, որ «հնարավոր է գյուղերում լինեն խախտումներ, այսօր մեր խնդիրն էլ դա է, որ ստուգենք, հայտնաբերենք ու վերացնենք խախտումները»: Ավելին՝ հնարավոր է նույնիսկ, որ հենց Աղավնատուն, Դողս եւ Ամբերդ գյուղերում ընկերության մասնագետներն արդեն ստուգումներն անցկացրած լինեն ու որոշ տներում այդ վառարանները չհայտնաբերեն, քանի որ շատ դեպքերում գյուղացիները, ընկերության տեսուչներից խուսափելով, նրանց առաջ դուռը չեն բացում, չնայած գիտակցում են, որ իրենց թույլ տված խախտման համար կարող են կյանքով հատուցել: Ընկերությունից հավաստիացրին, որ Արմավիրի մարզի ստուգումների արդյունքում 11 բաժանորդի գազամատակարարումը դադարեցվել է:

«ՀայՌուսգազարդ» ընկերության տվյալներով՝ Արմավիրի մարզի 13 հազար 882 գազօգտագործողներից անցյալ տարվա ընթացքում ստուգումներ են իրականացվել միայն 9300-ի բնակարաններում ու առանձնատներում, ուստի պատահական չէ, որ այսօր գյուղերում գազավթարներն ու թունավորման դեպքերն անպակաս են: Բայց նման վիճակ է տիրում ոչ միայն այդ մարզում, այլեւ ողջ հանրապետությունում: «ՀայՌուսգազարդը» 2005-ի տվյալներով ունեցել է մոտ 337 հազար բաժանորդ, եւ առ այսօր ստուգումներ են իրականացվել միայն 270 հազար գազիֆիկացված բնակարաններում: Սա ընդհանուր բաժանորդների թվի 80%-ն է կազմում:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել