Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդները շատ փոփոխական են

Հունվար 19,2006 00:00

Սուրեն Սուրենյանցը՝ «Հանրապետության» «այլախոհի» մասին

Նախկին ՔԴՄ-ական, «Հանրապետության» նախկին անդամ Վ. Բաբայանի հրապարակային ելույթներից հետո անգամ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ կուսակցությունից հեռանալու նրա, ինչպես նաեւ անցյալ տարի կուսակցությունից հեռացած մյուս գործիչների որոշման մեջ իշխանությունների մատը խառն է եղել. «Իշխանությանը պետք էր ցույց տալ, որ Արամ Սարգսյանի ձեւավորած քաղխորհուրդն էլ է հնարավոր պառակտել: Համարենք, որ այս խնդիրը լուծեցին: Վ. Բաբայանն առաջինը չէ, որ դիմել է այս քայլին: Իշխանությունները թիրախ ընտրելով «Հանրապետությանը»՝ ցույց են տալիս, թե որ կուսակցությունն է առաջին հերթին իրենց անհանգստացնում»:

Վ. Բաբայանը կուսակցությունից հեռանալու մասին Ա. Սարգսյանին ուղղված իր նամակում հայտնել էր, թե մտադիր է առժամանակ քաղաքականությամբ չզբաղվել, որովհետեւ «այլ ոլորտում, գուցե, ավելի պիտանի լինի երկրին»: Բայց մեր զրույցի ժամանակ Ս. Սուրենյանցն ակնարկեց, որ իր՝ արդեն նախկին կուսակիցը պատրաստվում է համալրել վերջերս ստեղծված կուսակցություններից մեկի շարքերը: Ավելին, Ս. Սուրենյանցի ասելով, Վ. Բաբայանն առանց կուսակցության քաղխորհրդին կամ նախագահ Արամ Սարգսյանին տեղյակ պահելու 2005 թ. տարեվերջին մասնակցել էր ՀՀԿ երիտասարդական թեւի նախաձեռնած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ հրավիրված մի միջոցառման:

Ս. Սուրենյանցը խոստովանում է, որ Վ. Բաբայանի հարցազրույցներում արտահայտված շատ մտքեր, մասնավորապես ընդդիմադիր ձեւաչափերի վերաբերյալ, իրեն հոգեհարազատ են, եւ դրանց մասին բազմաթիվ անգամ ինքն էլ է խոսել: «Դրանք ես եւս արհեստական եմ համարել ու չեմ գտնում, որ դրա քաղաքական անհրաժեշտությունը կար հեղափոխություն կամ իշխանափոխություն անելու համար: Բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, կար այդ հարցերը կուսակցության ներսում բարձրացնելու հնարավորություն: Չեմ հիշում քաղխորհրդի որեւէ նիստ, որտեղ իբրեւ քաղխորհրդի անդամ մասնակցած Վ. Բաբայանը նման հարց բարձրացրած լինի, թեեւ այն հարցադրումների շուրջ, որոնց մասին Վ. Բաբայանը հիմա է ասում, քաղխորհրդի բազմաթիվ անդամներ հենց քաղխորհրդում քննարկում են»:

Փաստն այն է, սակայն, որ այսօր կուսակցության երիտասարդական թեւի շուրջ 20 անդամներից 3-ը եւս լքել են կուսակցությունը: Դրանք այն մարդիկ են, ովքեր Վ. Բաբայանի հետ միասին էին անդամագրվել «Հանրապետությանը»: Ս. Սուրենյանցի ասելով, նրանցից մեկը օրերս տեղի ունեցած մի զրույցի ժամանակ նկատել էր, թե Ա. Սարգսյանն ու կուսակցությունը սպառվել են, ու նրանց հետ լինելը հեռանկարային չէ: Թերեւս, այդ իմաստով Ս. Սուրենյանցը նկատեց, որ պարկեշտ չէ, երբ երիտասարդ գործիչները սովորաբար նախ քծնում են իրենց կուսակցության ղեկավարին, հետո փորձում 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ նոր ու ավելի հարմար քաղաքական տանիք որոնել՝ «խուսափելով, իրենց ձեւակերպմամբ, կուսակցության ձախողման պատասխանատվությունը կրելուց»: Նա նաեւ հավելեց, թե սա հարմար առիթ է, որ կուսակցությունը քննարկի կառուցվածքային փոփոխություններ անելու հարցը եւ վերանայի երիտասարդական կառույց ունենալու նպատակահարմարությունն ու աշխատաոճը երիտասարդների հետ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել