Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ

Հունվար 18,2006 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ «Փյունիկը» մտավ 1/4 եզրափակիչ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», չնայած երեկ Մոսկվայում անցկացվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկության խմբային մրցաշարի վերջին խաղում 1:2 հաշվով տանուլ տվեց Ռուսաստանի երիտասարդական հավաքականին, այդուհանդերձ քառորդ եզրափակիչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեց: Մեկնարկային երկու հանդիպումներում «D» խմբի բոլոր չորս թիմերը՝ «Փյունիկը», «Կաունասը», Բելառուսի «Շախտյորը» եւ Ռուսաստանի 1987 թվականին ծնված ֆուտբոլիստներով համալրված երիտասարդական հավաքականը վաստակել էին հավասար՝ 3-ական միավոր: Այնպես որ, հաջորդ շրջանի ուղեգիր նվաճող երկու թիմերի ճակատագիրը որոշվելու էր հենց խմբային պայքարի եզրափակիչ տուրում: Մինչ այդ, մեկնարկային հանդիպումում մեր չեմպիոնը 0:3 հաշվով պարտվել էր Լիտվայի «Կաունասին», «Շախտյորը» նույն հաշվով առավելության էր հասել ռուսների նկատմամբ: Հաջորդ օրը երեւանցիներն անչափ կարեւոր երեք միավոր էին վաստակել «Շախտյորից»՝ 2:0, իսկ լիտվացիները 0:1 հաշվով տանուլ էին տվել Ռուսաստանի երիտասարդներին: Եվ քանի որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը «Համագործակցության գավաթի» մրցաշարին ավանդաբար մասնակցում է հաշվարկից դուրս, երեկվա արդյունքների ամփոփումը տալիս է հետեւյալ ցուցանիշը. «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակը «Փյունիկի» հաշվարկին բերել է 3 միավոր, իսկ Ռուսաստանի երիտասարդների նկատմամբ առաջին տուրում բելառուսցիների առավելությունն ըստ կանոնակարգի՝ վերջնահաշվարկում չի հաշվվում: Հետեւաբար, խմբային մրցաշարի եզրափակիչ աղյուսակը երեկ կայացած հանդիպումներից հետո ունի մի տեսք, բայց ըստ էության իրավիճակը միանգամայն այլ է: 1. Ռուս. երիտ. 3 2 0 1 3-4 6 2. Կաունաս 3 1 1 1 4-2 4 3. Շախտյոր 3 1 1 1 4-3 4(-3) 4. Փյունիկ 3 1 0 2 3-5 3 Փակագծում «Շախտյորի» միավորների ընդհանուր գումարից հանվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականից վաստակած 3 միավորը: Անանդը շրջանցեց Իվանչուկին Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային գերմրցաշարի երրորդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը բաժանեց հունգարացի Պետեր Լեկոյի հետ, որի մարզիչը, ի դեպ, կնոջ՝ Սոֆիայի հայրն է՝ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մամեդյարով-Սոկոլով՝ 1:2, Տիվյակով-Վան Վելի՝ 1:2, Տոպալով-Բակրո՝ 1:0, Գելֆանդ-Ադամս՝ 1:0, Իվանչուկ-Անանդ՝ 0:1: Հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդը, առավելության հասնելով մինչ այդ միանձնյա առաջատարի դերն ստանձնած ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ, մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան: Իսկ Լեւոնի համեստ մրցելույթը հասկանալի ու բնական է, քանի որ նա առաջին անգամ է հանդես գալիս նման բարձրակարգ մրցակիցների շրջապատում: Թեեւ հուսով ենք, որ տաղանդաշատ շախմատիստը դեռ իր խոսքը կասի Վեյկ ան Զեեում: Երեկ կայացավ չորրորդ տուրը, որում զույգեր էին կազմել Սոկոլովն ու Անանդը, Լեկոն ու Իվանչուկը, Ադամսն ու Կարյակինը, Բակրոն ու Գելֆանդը, Վան Վելին ու Տոպալովը, Մամեդյարովն ու Տիվյակովը: Արոնյանը սեւերով ուժերը չափում էր ամերիկացի Գատա Կամսկու հետ: «Բանանցի» ղեկն ստանձնեց ռուս մարզիչը «Առավոտին» հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի 2005 թ. առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է ռուսաստանցի մասնագետ, 60-ամյա Նիկոլայ Կիսելյովը, որը ժամանակին մարզել է «Սպարտակի», «Սատուրնի» փոխարինող կազմերը, Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Ակումբի ղեկավարությունը ներկայումս Ծաղկաձոր՝ ուսումնամարզական հավաքի է հրավիրել Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպաններ, ուկրաինացիներ Սերգեյ Սիզիխինին, Արտյոմ Բեսալովին, ինչպես նաեւ Ռումինիայի «Ռապիդ-2»-ի պաշտպան Մարիուս Կալինին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել