Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդենիկում

Հունվար 18,2006 00:00

Վարդենիկում ապրել են իմ պապերը, իմ հայրը, այսօր ապրում եմ ես, վաղը կապրեն իմ թոռները… Համոզված է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի նորընտիր ղեկավար Հովիկ Հովեյանը, ով Տյումենում բարձրագույն համալսարանական կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ շեն պահելու հայրական օջախը. «Հորս ավագ որդին էի, եւ նրա մահից հետո պարտավորված էի զգում ընտանիքի հոգսն իմ ուսերին վերցնել, հայրական օջախս շեն պահել, դուռը բաց եւ, ինչպես ժողովուրդն է ասում, ճրագը՝ վառ: Ու թեեւ ՌԴ-ում ունեի լավ աշխատանքի հնարավորություն, թողեցի ու վերադարձա հայրենի գյուղ: Ես իմ կյանքն այլ տեղ չեմ պատկերացնում, իմ արմատներն այստեղ են, այստեղ էլ շարունակելու են վեր հանել տոհմածառիս ճյուղերը»,- համոզված է գյուղապետը: Կրտսեր եղբայրները մնացին Ռուսաստանի Դաշնությունում, աշխատեցին եւ իրենց վարք ու բարքով դարձան համայնքի հեղինակավոր այրեր, ստեղծեցին իրենց բիզնեսը եւ իրենց քրտինքի վաստակը սկսեցին ներդնել հայրենի Վարդենիկում: Ավանդապաշտ ու համերաշխ է Հովեյանների ընտանիքը, չնայած եղբայրների միջեւ եղած հեռավորությանը՝ նրանք ապրում են մեկը մյուսի հոգսով, բոլորը միասին՝ հարազատ գյուղի հոգսով: Նրանց ֆինանսական ներդրումներով՝ մոտ 45 հազար դոլար, այսօր վերանորոգվում է գյուղի Իշխանավանք կոչվող գերեզմանատան դժվարանցանելի, քարուքանդ ճանապարհը: – Դա առաջին հերթին հարգանք է մեր հանգուցյալ հարազատների նկատմամբ: Մենք պետք է հարգենք մեր մեծերին՝ օրինակ ծառայելով որդիների համար: Մեր ընտանիքը գյուղի հետ կապված շատ ծրագրեր ունի, անելիքներ շատ կան եւ մենք ոչ մի միջոց չենք խնայելու Վարդենիկը ոտքի կանգնեցնելու համար: Բացի եղբայրներիցս, հարազատներիցս, շատերն էլ արտերկրում հաջողակ գործարարներ են, բոլորն էլ պատրաստ են համախմբվելու, գյուղում ներդրումներ անելու՝ Վարդենիկի բարգավաճման ծրագրի շուրջ: – Նախընտրական շրջանում թերթերից մեկի հրապարակումներում գրված էր, որ դուք սեզոնային աշխատող եք եւ Ռուսաստանից բերված ճմրթված փողերով ուզում եք դառնալ գյուղապետ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին: – Կարեւորություն չեմ տալիս չարախոսություններին, դրա ժամանակը ես չունեմ: Նախ, սեզոնային աշխատող չեմ, ես 15 տարի է ապրում եմ գյուղում, աշխատում եմ գյուղապետարանում եւ քաջատեղյակ եմ գյուղի հիմնախնդիրներին: Եղբայրներս էլ սեզոնային աշխատողներ չեն, նրանք էլ Տյումենի հիմնական բնակիչներ են: Իսկ ինչ վերաբերում է ճմրթված փողերին, այսօր ամբողջ Հայաստանն է զարգանում դրսի փողերով, աղետի գոտին վերականգնվում է սփյուռքահայ բարերարների շնորհիվ: Ինչո՞ւ են Վարդենիկում իմ եղբայրների ներդրումները ենթարկվում քննադատության: Դա պարզապես նախընտրական «ցեխ» շպրտելու անընդունելի քաղաքականություն էր: – Ինչո՞վ եք պայմանավորում ընտրություններում ձեր հաղթանակը՝ ձայների զգալի առավելությամբ: – Դա նախեւառաջ իմ ծնողների, հատկապես հանգուցյալ հորս՝ իր ապրած տարիներին ձեռք բերած հարգանքի ու հեղինակության արդյունքն էր, որ համագյուղացիները վստահեցին ինձ: Ուստի առաջին հերթին պարտական եմ իմ ծնողներին: Իսկ այնուհետեւ, այն ռեալ գործերով, որ մեր ընտանիքը կատարել եւ այսուհետեւ ավելի շատ է կատարելու Վարդենիկում, իսկ վարդենիկցիները գնահատեցին ու վստահեցին ինձ: Մենք նրանց հուսախաբ չենք անի: Ես այստեղից գնալու ոչ մի տեղ չունեմ, իմ հայրական տան դուռը միշտ բաց է եղել ու այդպես էլ շարունակվելու է, քանի դեռ ես կամ: Եվ անելու եմ այնպես, որ այսօրվա ու վաղվա սերունդը՝ իմ որդին, հետագայում թոռներս, սիրեն ու հաճույքով ապրեն Վարդենիկում: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել