Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հունվար 18,2006 00:00

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻ՛ ԹՈՂԵՔ ՇՈՒԿԱՅԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ Նախագահին կից մշակույթի խորհրդի միակ նվաճումն էր Կիրկորովին Հայաստան չթողնելը: «Մշակութային հայեցակարգի բացակայությունը մեզանում» թեմայի քննարկման համար «Հայելի» ակումբը երեկ հյուրընկալել էր Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցին եւ Հայաստանի գրողների միության քարտուղար, կինոգետ Դավիթ Մուրադյանին: Ռուբեն Գեւորգյանցի համոզմամբ, պետք է մի խումբ մտավորականներ ու գաղափարախոսներ հավաքվեն ու մշակեն համապատասխան հայեցակարգ: «Եթե չկա ազգային ու ազգայնական գաղափարախոսություն, չի կարող լինել եւ մշակույթ… Դրա համար էլ այսօր հայը մեր թշնամիների, նույնիսկ մեր ոչ բարին ցանկացողների մշակույթը հանգիստ ընկալում է, ամբողջ քաղաքում թուրքական, ադրբեջանական երաժշտություն է հնչում»,- սրտնեղեց ազգայնական կինոգործիչը: Ռ. Գեւորգյանցը գտնում է, որ ինչպես պաշտպանության, այնպես էլ մշակույթի նախարարները պարտադիր չէ, որ լինեն կուսակցական: «Ցավոք սրտի, մինչեւ հիմա որեւէ մշակույթի նախարար չի ունեցել իր ծրագիրը: Մշակույթի նախարարը հենց սկզբից պետք է իմանա՝ ո՞ւմ է ծառայում եւ ինչո՞ւ: Ես ոչ մի նախարարի չեմ կարող մեղադրել, որովհետեւ չկան պետության կողմից այդ նախարարի առջեւ դրված կոնկրետ նպատակներ»,- շարունակեց նա: Դավիթ Մուրադյանը գտնում է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում մամուլում արվեստագետները բազմիցս հանդես են եկել հարցադրումներով, որոնց հանրագումարից կարելի է ստանալ մեր ընդհանուր մշակութային քաղաքականության եւ գերխնդիրների քարտեզը: Նա առաջարկեց, որ գոնե 3 ամիսը մեկ բարձրագույն ղեկավարության սեղանին դրվեն այդ առաջարկություններն ու մտահոգությունները: «Մեր հասարակական գիտակցության մեջ մշակույթը համարվում է գրեթե մարգինալ մի բնագավառ, լուսանցքային մի երեւույթ… Մինչդեռ ոչինչ այնքան չի ամրապնդում պետությունը եւ հանգեցնում հասարակական համաձայնության՝ սոցիալական բեւեռացման, քաղաքական, կուսակցական հակադիր կողմնորոշումների պարագայում, որքան մշակույթը: Այն հանձնել շուկայի քմահաճույքին՝ չի կարելի: Պետականորեն մշակված հայեցակարգի, ծրագրի գիտակցություն է պետք՝ սկսած հանրապետության նախագահին կից մշակույթի խորհրդից, որի գործունեության արդյունքները, ցավոք, առայժմ չենք տեսնում ու զգում, վերջացրած մշակույթի նախարարությամբ»,- ասաց պրն Մուրադյանը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ նախագահին կից մշակույթի խորհրդի անդամ Ռ. Գեւորգյանցն ինչ կարծիքի է Մուրադյանի այն դիտարկման առնչությամբ, թե խորհրդի գործունեության արդյունքները մտավորականությունը մինչեւ հիմա չի տեսել. «Անկեղծ ասած՝ ես էլ չեմ տեսել: Արդեն մի 6 ամիս է, էլ նիստեր չենք անում, միեւնույն է՝ աննպատակ էին դրանք: Միակ բանը, որ մեզ հաջողվեց այդ նիստերից մեկում, Ֆիլիպ Կիրկորովի Հայաստան չգալն էր: Նախագահին կից մշակույթի խորհրդի նպատակը հայտնի չէ, այո՛, հավաքվում էինք, «Ջերմուկ» խմում, հետաքրքիր բաներից խոսում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»: Անդրադարձ եղավ մշակույթի նախարարի՝ կուսակցական լինելուն: «Մշակույթի նախարարը կարող է լինել կուսակցական, կարող է չլինել …Չեմ ուզում կուսակցական բառը տաբու հայտարարենք՝ մտածելով, որ կուսակցականից օգուտ չկա: Բայց մշակույթը համազգային արժեք է, ուստի կարող են լինել եւ անկուսակցական նախարարներ: Ասեմ, որ պարտադիր չի մշակույթի նախարարը անպայման արվեստագետ լինի, կարող է լինել լավ մենեջեր, բայց ամբողջովին մշակույթով դաստիարակված մարդ»,- ասաց Դ. Մուրադյանը: Ըստ Գեւորգյանցի, անպայման չէ, որ մշակույթի նախարարությունը լինի որեւէ կուսակցության մենաշնորհը. «Ամեն դեպքում, շատ կուզենայինք, որ այս անգամ մի նորմալ մարդ գար նախարար, ես, օրինակ, ունեմ ցանկը նման մարդկանց: Մտավորականներ կան՝ ուժեղ մարդիկ, ովքեր կարող են այդ նախարարությունը ղեկավարել: Պարտադիր չի, որ նրանք լինեն մշակույթի կարկառուն գործիչներ, բավական է լինեն ինտելեկտուալ, ինտելիգենտ, ուժեղ: Ամենակարեւորը՝ այդ մարդը պետք է ստանա քարտ-բլանշ՝ մեծ օգնություն մեր ամենամեծ պետական այրերից»: «Առավոտի» հարցին՝ իրեն նկատի ունի՞ նախարարացուների վերոնշյալ ցանկում, Գեւորգյանցը պատասխանեց. «Ոչ մի դեպքում, դեռ խելքս տեղն է»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել