Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակութային արժեքները լավ չենք պահպանում

Հունվար 18,2006 00:00

Մշակութային արժեքները լավ չենք պահպանում Տեղեկացնում է մարզի դատախազը ՀՀ գլխավոր դատախազությունը նախատեսել էր ստուգել Արմավիրի մարզում գործող թանգարաններում պատմամշակութային արժեքների, պետական գույքի պահպանության վիճակը: Ըստ մարզի դատախազ Վ. Շահինյանի, ահազանգեր էին հնչել, որ հափշտակվել են Արմավիրի մշակութային նշանակության հուշարձանների ցանկապատերը եւ պաշտամունքային քարեր: Ուսումնասիրությունների տեղեկանքում մարզի դատախազը հայտնում է, որ պատմամշակութային մի շարք հուշարձաններ ընդգրկվել էին պետական ցուցակում, որոնց պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Պատմամշակութային արգելոցների եւ պատմական միջավայրի ծառայության» տեղական մասնաճյուղի կողմից: Հուշարձանների պահպանության վիճակի ուսումնասիրությունից էլ պարզվել էր, որ պաշտպանական գոտում կատարվում են հուղարկավորություններ, որոնք վնաս են հասցնում հուշարձանին: Մարզի դատախազությունն առաջարկել է ելքեր՝ Արմավիր գյուղի վարչական տարածքում գտնվող վարձակալության տրված հողերից գերեզմանոցի համար տարածք ավելացնել: Երկրորդ տարբերակն այն է, որ «համայնքի եւ պետության շահերից ելնելով», ետ վերցնեն Ջրաշենի վարչական տարածքի մեջ մտնող, նույն գյուղի բնակիչ Վ. Հակոբյանի հողատարածքը (0,7 հա), քանի որ վարձակալի հողատարածքը գտնվում է հուշարձանին հարող տարածքում: «Հարկ է նշել, որ Արմավիր գյուղի բնակիչների կողմից թաղումներ կատարելուց զատ, նույն գոտու տարածքում, նրանց հարեւանությամբ թաղումներ են կատարվում եզդիների կողմից, որը առավել քան անթույլատրելի է»,- ասված է մարզի դատախազի ուսումնասիրության մեջ: Չի բացառվում, որ աճուրդ-վաճառք կազմակերպվի գյուղապետարանների կողմից գերեզմանատեղի օգտագործելու նպատակով հողը գնելու համար: Համապատասխան միջնորդագիր է ուղարկվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Տեղեկացնենք նաեւ, որ Արմավիրի քաղաքատեղիի տարածքը պահպանող 4340000 դրամ արժողության 2065 մ երկարության 620 հատ մետաղական ցանկապատը 10-15 տարի առաջ անհայտ անձանց կողմից գողացվել էր եւ հարուցվել էր քրեական գործ: Հայտնաբերվել էր 190 հատ ցանկապատ, իսկ «գործի նախաքննությունը շարունակվում է»: Աղավնատուն եւ Այգեշատ գյուղերի տարածքներում մ.թ.ա. 2-րդ եւ առաջին հազարամյակների դամբարանադաշտերում մինչեւ անցյալ տարի ոչնչացվել է տասնյակից ավելի դամբարանադաշտեր, որտեղից կատարվել է մեծարժեք առարկաների հափշտակություն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել