Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնացին գազին սպասող

Հունվար 18,2006 00:00

Մնացին գազին սպասող «Գազավիկները» ՍՊԸ-ների վրա էին գցում, հիմա էլ իրենք են նույնն անում Անցյալ տարվա դեկտեմբերին Արաբկիր համայնքի Ավետիսյան 74, 76, 78 եւ 80 շենքերում լայն թափով գազիֆիկացման աշխատանքներ են սկսվել: Բնակիչներին էլ շտապեցրել են, թե «բոլոր մուծումները կատարեք, որպեսզի մինչեւ Նոր տարի գազ ունենաք»: Խոստացված ժամկետից անցել է 20-25 օր, սակայն նշյալ շենքերի բնակիչները սպասում են երկնագույն վառելիքին. «Ամեն օր ասում են էսօր-վաղը: Ամանորի նախաշեմին միայն գազի խողովակներն անցկացնելու համար մեծ ծախսեր պահանջվեցին, այստեղից-այնտեղից գումարներ պարտք արեցինք, որ գազ ունենանք, եւ քանի որ մեր բարձրահարկ շենքերն ի սկզբանե նախատեսված չեն գազի համար, մեզ ասացին, որ թուրքական, պարսկական վառարանները մեր բնակարանների համար վտանգավոր են եւ որ պետք է գնենք ավելի որակյալ գազի վառարաններ: Իսկ դրանք բավականին թանկ արժեն: Մեզանից կտրելով՝ այդ վառարաններն էլ գնեցինք, տեղադրեցինք, վճարումները պարտաճանաչ կատարեցինք, նույնիսկ գազի հաշվիչի գումարներն ենք վճարել, բայց փաստորեն խաբեցին եւ միայն փողերը հավաքեցին»,- օրերս «Առավոտին» դժգոհեցին նշյալ հասցեների մի խումբ բնակիչներ: Հունվարի 13-ին ցանցը միացվել է գործող գազատարին եւ նշյալ շենքերից մի մասն արդեն գազիֆիկացվել է: Օրերս մյուս շենքերում էլ աստիճանաբար գազաթողարկում կլինի՝ ի պատասխան բնակիչների բողոքի, երեկ հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից: Ամիսներ առաջ, երբ բնակիչները նմանատիպ բողոքներ էին ունենում, ընկերությունից պատճառաբանում էին, թե ներտնային մոնտաժ իրականացնող ՍՊԸ-ների տված խոստումներին «ՀայՌուսգազարդը» չի կարող տեր կանգնել, քանի որ այդ ՍՊԸ-ները գործում են ընկերությունից անկախ եւ նրանց նշած ժամկետները կարող են չհամընկնել «ՀայՌուսգազարդի» պլանների հետ: Այժմ, կառավարության որոշմամբ, արդեն քանի ամիս է՝ ներտնային մոնտաժ իրականացնող ընկերություններն անցել են «ՀայՌուսգազարդի» ենթակայության տակ եւ ընկերությունն ուզած-չուզած ՍՊԸ-ների խոստումներին պետք է տեր կանգնի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել