Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ

Հունվար 18,2006 00:00

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ Մամուլում հրապարակում կար այն մասին, որ ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը տարաձայնությունների պատճառով ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ պատրաստվում է անդամակցել «Հանրապետական» կուսակցությանը: Մենք փորձեցինք լուրը ճշտել պարոն Իսագուլյանից: Մեր հարցմանը ի պատասխան՝ Գառնիկ Իսագուլյանը ասաց. «Այդ լուրը իրականության հետ ոչ մի կապ չունի: Նախորդ շաբաթ ես իսկապես հանդիպել եմ կուսակցությունների ղեկավարների հետ, եղել եմ ԼՂՀ-ում, հանդիպել եմ Արկադի Ղուկասյանի հետ, ընդամենը երեկ իմ այցելության եւ հանդիպումների մասին զեկուցել եմ նախագահ Քոչարյանին, մենք մոտ մեկ ժամանոց նորմալ զրույց ենք ունեցել եւ որեւէ այլ հարց օրակարգում չի եղել»: Մենք փորձեցինք հստակեցնել՝ իսկ կա՞ որեւէ տարաձայնություն նախագահի խորհրդականի եւ նախագահի միջեւ, մասնավորապես Ղարաբաղի հարցում: Այսպես պատասխանեց. «Շատերի մոտ պատրանքներ կան, որ ամեն ինչի մասին ամեն ինչ գիտեն, նորից կրկնում եմ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ամենաբարձր մակարդակով՝ նախագահների մակարդակով: Եվ ցանկացած այլ տեսակի մեկնաբանությունները զուտ տեսակետներ են, որ առաջարկում են տարբեր մարդիկ, վերլուծաբաններ: Ինֆորմացիային բացարձակ տիրապետում են միայն նախագահները»: Ժամանակին թերթերից մեկին տված հարցազրույցում խորհրդականը ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ինքը կմնա մինչեւ 2008 թիվը, արդյո՞ք հիմա էլ է այս բանն ասում. «Միանշանակ հաստատում եմ դա եւ կրկնում եմ, որ մինչեւ 2008 թվականը մենք միասին աշխատելու ենք»: Իսկ դրանից հետո՞: «Աստված գիտի»,- եղավ պատասխանը: Գառնիկ Իսագուլյանը հստակեցրեց. «Խոսքս պետական պաշտոնների մասին է, մենք շատ լավ հարաբերություններ ունենք 88-ից ի վեր, եւ կարծում եմ՝ այդ հարաբերությունները միշտ էլ շարունակվելու են»։ Պարոն Իսագուլյանը հերքեց նաեւ իր՝ ՀՀԿ անդամ դառնալու մասին լուրերը. «Ես զարմանում եմ, ինչո՞ւ են մարդիկ մոռանում, որ գոյություն ունի «Ազգային անվտանգություն» կուսակցություն, որի նախագահն եմ ես, մենք էլ պիտի, հա՞, անընդհատ ինքնագովազդով զբաղվենք, վերամբարձ բաներ ասենք, որ մարդիկ իմանան, որ մենք կանք, ես այդ կուսակցության նախագահն եմ, ինչի՞ մասին է խոսքը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել