Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂՑԻ,

Հունվար 18,2006 00:00

«ԳԵՂՑԻ, ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՅՔԱՐ Է ԳՆՈՒՄ» Այսօրվա Հայաստանի մասին այս կարծիքին է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – Խորհրդարանում կոալիցիան այս օրերին զբաղված է օրենսդրությունը նոր սահմանադրությանը համապատասխանեցնելով, որքանո՞վ են այդ գործընթացին մասնակցում ընդդիմադիր պատգամավորները եւ մասնավորապես դուք՝ Վազգեն Մանուկյանը: – Անձամբ ես հիմա չեմ մասնակցում, բայց դաշինքի տարբեր անդամներ մասնակցում են: Ես չեմ մասնակցում ոչ թե սկզբունքից ելնելով, այլ պարզապես այդպես է ստացվել: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ 2006 թվին բավականին ակտիվ պետք է լինել Ազգային ժողովում: – Ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում սկսված քաղաքական վերադասավորումները, հատկապես՝ տնտեսական հզոր լծակներ ունեցող անձանց քաղաքական նկրտումները, նկատի ունեմ՝ մի տեղ Միկա Բաղդասարովն է կուսակցություն ստեղծում, որը, ըստ որոշ պնդումների, լինելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կուսակցությունը, կամ՝ «Բարգավաճ Հայաստանի» քայլերը, որը եւս, ըստ որոշ պնդումների, լինելու է Ռոբերտ Քոչարյանին սատարող կուսակցությունը, եւ այլն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս վերադասավորումները եւ այս վիճակը: – Չեմ էլ ուզում գնահատել, որովհետեւ Հայաստանում դրա անունը քաղաքական դաշտ չէ, եւ չի կարելի դա քաղաքական վերադասավորումներ անվանել: Նայում ես մյուս երկրներում ինչ է կատարվում, երբեմն ամաչում ես, որ դու Հայաստանի քաղաքացի ես, ամաչում եւ վրդովվում ես, որովհետեւ ամբողջ աշխարհում ինչ-որ գաղափարների համար ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, ինչ-որ գաղափարների համար ինչ-որ խմբեր են ստեղծվում, իհարկե, փողն էլ է դեր խաղում, լծակներն էլ են դեր խաղում, այդ ամենը նշանակություն ունի, բայց, վերջիվերջո, ժողովրդի, հասարակության վրա կարողանում են ազդել, եւ մարդիկ ընտրելու հնարավորություն են ունենում: Հիմա իմ տպավորությունն այն է, որ մաֆիոզ խուժանների խմբեր իրար հետ կռվում են, զենք դեռ չեն օգտագործում, հիմնականում օգտագործում են փող եւ լծակներ, իրար հետ կռվում են, իրար հետ գզվռտում են, եւ դրա մեջ չկա ժողովուրդ, եւ քանի որ չկա ժողովուրդ, ուրեմն չկա նաեւ քաղաքականություն: – Իսկ ընդդիմության անելիքը այս իրավիճակում ո՞րն է լինելու, չէ՞ որ ընդդիմության կազմակերպած գործընթացներում էլ ժողովուրդ չկար: – Ընդդիմության հնարավորությունները էապես սահմանափակ են, որովհետեւ ընդդիմությունը իմաստ ունի այն երկրներում, որտեղ դու կարող ես մրցել քաղաքական դաշտում եւ հասարակության կողմից քվե ստանալ: Մի երկիր, որտեղ դա բացարձակապես նշանակություն չունի, մի երկիր, որտեղ ընդամենը հարյուր կամ հազար մարդ կարող է գնալ քվեարկության, բայց ձեւակերպվի իբր մեկուկես միլիոն, մի երկիր, որտեղ ցանկացած վարկանիշ ոչ մի նշանակություն չունի, այդ երկրում լուրջ-լուրջ խոսել ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի մասին կամ քաղաքական վերադասավորումների մասին ուղղակի անհեթեթություն է: Կամ այդ ամեն ինչը պետք է կոտրվի, կամ, եթե չի կոտրվել, կգտնվեն կոտրողները, քանի որ այս վիճակը երկար տեւել չի կարող: Ներսից չի կոտրվում՝ դրսից կտան, Հայաստանի հերը կանիծեն: Կրկնում եմ, կտան, Հայաստանի հերը կանիծեն, ու էս բոլորը հետո պատասխան են տալու հայ ժողովրդի առջեւ: Բայց մեզ ի՞նչ: Ասենք՝ բռնեն մի տասը հոգու էլ գնդակահարեն, ի՞նձ ինչ, եթե երկիրն արդեն կործանվել է: – Ինչո՞ւ եք այսքան տխուր բաներ ասում: – Բայց իսկապես տխուր է վիճակը, այդպես է: Նայեք, նույնիսկ ամենահետամնաց երկրներում դու տեսնում ես քաղաքական պայքար, ինչ-որ գաղափարների շուրջ մարդիկ հավաքվում են, ո՞ւր է Հայաստանում էդ բանը: Բացի խուժանությունից, Հայաստանում ոչ մի բան չկա: Քանի որ սա հակասում է մարդկության համաշխարհային զարգացմանը, ուրեմն դա պետք է կոտրվի, ներսից չի կոտրվի դրսից կտան, Հայաստանի հերը կանիծեն: – Եվ այդ «կոտրելու, հերն անիծելու» գործընթացի կարեւոր պայմաններից մեկը կլինի Ղարաբաղի՞ հարցը: – Ղարաբաղի հարցն էլ, գազամուղն էլ, ճանապարհներն էլ, ամեն ինչն էլ կարող է առիթ հանդիսանալ: Ուղղակի ամոթ է այսպիսի երկրի քաղաքացի լինել: Այսօր Հայաստանում տեղի է ունենում գեղցի-անգրագետների պայքար. իրենց թվում է, թե իրենք հասկանում են, թե աշխարհում ինչ է կատարվում, կամ երբեմն-երբեմն թերթ կարդալիս հանդիպում են մի մտքի, թե որեւէ երկրում 200 տարի առաջ ինչ է եղել, ոգեւորվում են, թե տեսեք՝ Ամերիկայում ինչ է եղել, մենք էլ անենք, բայց իրենք գեղցի են եւ անգրագետ: Էս են, իրականում այսօր Հայաստանում գեղցի-անգրագետ մարդկաց ոհմակների պայքար է գնում, որը ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու, եւ այստեղ ոչ մի էվոլյուցիա չկա: 90 թվից սկսած մինչեւ հիմա տարեցտարի զարգացման վեկտորը մեզանում կտրուկ անկում է ապրում: Կենցաղը, իհարկե, համեմատաբար հիմա լավացել է, հոսանք չկար, հիմա կա, ճանապարհները աշխատում են, բջջային կապ կա, ինչպես եւ ամբողջ աշխարհի հետամնաց երկրներում, այս պրոցեսը գնում է, բայց զարգացման վեկտորը անընդհատ անկում է ապրում: Ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց կարելի է այս վիճակում լուրջ-լուրջ խոսել քաղաքական վերադասավորումների կամ քաղաքական գործընթացների մասին, ծիծաղելի է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել