Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ ԿԱՐԴԱՑԵԼ, ԲԱՅՑ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ

Հունվար 18,2006 00:00

Կրթության
եւ գիտության ոլորտի պատասխանատուները բողոքում են ՄԱԿ-ի փորձագետների՝ գիտության
կառավարման ոլորտի բարեփոխումների մասին փաստաթղթից՝ առանց այն կարդալու: Մեր
բոլոր զրուցակիցներն ըստ էության ծանոթ չէին բարեփոխումների փաթեթին, սակայն բացառապես
բացասական վերաբերմունք էին հայտնում դրա մասին: Խնդիրն այն է, որ փորձագիտական խումբը
հայեցակարգի վերջնական տարբերակը դեռ չի էլ ուղարկել կառավարություն եւ մյուս շահագրգիռ
կողմերին: Նախապես ուղարկվել է միայն աշխատանքային նախագիծը, իսկ մեր զրուցակիցները
միայն ԶԼՄ հրապարակումներից ելնելով են կարծիք հայտնում, ընդ որում՝ առանց որեւէ
լուրջ հակափաստարկների, առանց կոնկրետ դրույթների մասին խոսելու: Փորձագիտական խմբի
ղեկավար Ատոմ Մարգարյանը նման շահարկումները գնահատում է իբրեւ ճնշում՝ կառավարության
եւ հասարակական կարծիքի վրա: «ՄԱԿ-ի փորձագետների կարծիքի հետ ես համաձայն
չեմ, իմ կարծիքով ուսումնասիրություններն արել են մարդիկ, ովքեր կուրսի մեջ չեն ո՛չ
գիտության, ո՛չ էլ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ: Ես շատ դեմ եմ»,- ասում է ԳԱԱ
նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե այդ փաստաթուղթը հանված է քննարկումից:
Սակայն, ինչպես վերեւում նշեցինք, այն դեռ վերջնական տեսքով պաշտոնապես չի էլ ներկայացվել
կառավարություն: Պրն Սարգսյանին հիշեցրինք, որ վարչապետն ամբողջությամբ անընդունելի
չի համարում ՄԱԿ-ի փաստաթուղթը: «Ես էլ եմ գտնում, որ որոշ բաներ կարելի է ընդունել:
Իսկ մեր փաթեթը (բարեփոխումների մի փաթեթ էլ պատրաստում է ԳԱԱ-ն -Հ. Բ.) հիմնականում
համաձայնեցված է կառավարության հետ: Այն մենք կներկայացնենք մայիսին»: Ինչ վերաբերում
է չարչրկված փաթեթին, ապա Ֆադեյ Սարգսյանն այն չի էլ կարդացել. «Չեմ կարդացել, չեմ
համարում ՄԱԿ-ի փորձագետների կարծիք, որովհետեւ, եթե այն վերաբերում է գիտությանը,
պետք է համաձայնեցվեր ակադեմիայի հետ: Չեմ ստացել, չեմ կարդացել: Միայն կարդացել
եմ թերթերում, որ ակադեմիան, ըստ նրանց, պետք է դառնա հասարակական կազմակերպություն:
Դրանից ավելի մեծ վտանգ հայ ժողովրդին չի կարող սպառնալ: Դա կարող են անել միայն
երկրի թշնամիները: Չեմ էլ ուզում ծանոթանալ դրա հետ: Պատերազմի ժամանակ ինչո՞ւ ստեղծվեց
ակադեմիան. պետք էր հայրենիքը պաշտպանել, եթե ակադեմիան չլիներ, Հայաստանն էլ չէր
լինի»: Այնուհետեւ Ֆադեյ Սարգսյանը հիշեց, թե ինչպես մեր 40 գիտնականներ գնացել են
Մալայզիա, աշխատել մի դեղագործարանում ու որ մերոնց շնորհիվ այդ գործարանը մեծ հաջողությունների
է հասել: Իսկ ԳԱԱ առաջարկած բարեփոխումների փաթեթը ի՞նչ կարող է առաջարկել, որ այդ
մարդիկ աշխատեն նաեւ մեր երկրում: «Մեր առաջարկած տարբերակով այդ հնարավորությունները
կլինեն, բայց մեր հանրապետությունը ոտքի չի կանգնել եւ դեռ այդ հնարավորությունները
չունենք»,- եղավ պատասխանը: Փաթեթին չի ծանոթացել նաեւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը:
Նա կարծիք հայտնեց՝ ելնելով լրատվամիջոցների հրապարակումներից: «Կան դրույթներ, որոնք
կարող են ընդունելի լինել: Նույն ակադեմիան առաջարկում է որոշակի գիտական կենտրոնների
ստեղծում, ինստիտուտների խոշորացում: Ես հակված եմ, որ նախեւառաջ պետք է լսել ակադեմիայի
առաջարկությունները, հետո այն քննարկել գիտության զարգացման համատեքստում եւ հանգել
հայկական մոդելի: Չենք կարող փոխառնել այլ երկրների մոդելները: Թե ինչ փոփոխություններ
պետք է արվեն՝ պետք է լինի բոլորի համաձայնությամբ: Որեւէ գիտնական չպետք է ազատվի,
աշխատանքի չգնա, որովհետեւ առանց այն էլ մեր գիտնականների թիվը կրիտիկական է: (ՄԱԿ-ի
փաթեթի նախնական տարբերակում առաջարկվում էր թոշակի տարիքի գիտնականներին ազատել
աշխատանքից՝ իհարկե լուծելով նաեւ նրանց սոցիալական խնդիրը -Հ. Բ.): Մենք մտածում
ենք ամեն կերպ խրախուսել, որպեսզի մարդիկ, ովքեր գիտության մեջ չեն, բայց կոչումներ
ունեն՝ հնարավորինս գան գիտություն: Պետք է փորձենք գիտության զարգացման շարժունակությանը
նպաստել: Իսկ խոչընդոտող որոշումները չեն կարող ընդունելի լինել: Այդ ուսումնասիրությունները
ներկայացնում են նաեւ միջազգային փորձը, որ կքննարկվեն: Ինչ վերաբերում է ասպիրանտուրային,
այն չի կարող հանվել: Իսկ դոկտորանտուրայով փոխարինելը քննարկելու խնդիր է»: «Ինձ
համար ընդունելի չէ, որ ակադեմիայի ճակատագիրը կարող է տնօրինվել ինչ-որ մի փաստաթղթով,
որոնք մշակել են 3 տնտեսագետներ»,- կարծիք հայտնեց նաեւ ԿԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր
Լեւոն Մկրտչյանը: Ի դեպ, փորձագիտական խումբը միայն 3 տնտեսագետից չի բաղկացած եւ
այն, ըստ խմբի ղեկավարի, այդքան հավակնոտ փաստաթուղթ չէ, ինչպես ներկայացվում է,
այլ միայն հետազոտությունների արդյունք է եւ իրականացվել է հենց կառավարության պատվերով:
«Ես գտնում եմ, որ ակադեմիան պետք է իր ճակատագրի տերը լինի, բայց ծանոթ չեմ փաստաթղթին:
Բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց կա նաեւ 2-րդ չի կարելին՝ չունենալով ճիշտ
մոդել՝ եղածը խաթարել: Մենք պետք է իմանանք, թե քայլերով ուր են տանում ակադեմիական,
գիտական համակարգի բարեփոխումները»,- ասում է Լ. Մկրտչյանը: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել