Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՍՈՒՉԸ ՌԵՎԻԶՈՐ ՉԷ

Հունվար 18,2006 00:00

Չի էլ կարող լինել՝ ցածր աշխատավարձով եւ չնչին օրապահիկով

Անցյալ տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչությունը ստուգումներ է անցկացրել հանրապետության մարզերի սոցիալական ծառայության 26 կենտրոնում: Ուսումնասիրվել են 83 հազար նպաստառուից 11 հազարի գործերը, յուրաքանչյուրում՝ 2-3 տեղեկանք: Արդյունքում բացահայտվել է շուրջ 10 մլն դրամի վատնում, որից 5,5-ն արդեն վերադարձվել է պետբյուջե: Վարչության պետ Վահան Բաղդասարյանի հետ մեր զրույցում հիմնականում անդրադարձանք ստուգման մեխանիզմներին, ստուգողների անաչառությանը եւ հնարավորություններին:

Գործերի պատահական ընտրություն է կատարվել, եւ ընդհանուրի 13%-ի ստուգումից 10 մլն դրամի խախտումը բավականին բարձր ցուցանիշ է: Այն, որ պետությանը հասցված վնասը կիսով չափ վերականգնվել է կարճ ժամանակահատվածում՝ շուրջ մեկ ամսում, ենթադրել է տալիս, որ տարածքային կենտրոնների ղեկավարները շատ լավ իմացել են խախտումների մասին եւ հիմա էլ վերադարձնում են «կերածը»: Այլապես նրանց սպառնում է դատական գործընթաց: Նշենք, որ գումարի վերադարձի համար մինչ օրս դատական գործ չի հարուցվել: Հարցին, թե որքանո՞վ են իրազեկված խախտում թույլ տվողները, թե ի՞նչ է սպառնում իրենց փաստաթղթեր կեղծելու կամ գործարքի մեջ մտնելու դեպքում, մեր զրուցակիցը կարճ պատասխանեց. «Մինչեւ հիմա հանցանք գործած ոչ մեկը չի խոստովանել, թե գիտակցել է, որ հանցանք է գործում»:

Նաեւ հիշեցրեց, որ նպաստառուները նման դեպքում մեկ տարով կզրկվեն աղքատության նպաստից եւ միանվագ օգնությունից: Իսկ պետության վնասի արագ վերականգնումը նա պայմանավորեց վարչության լայնածավալ աշխատանքով՝ «այդ մասին զգուշացրել ենք սոցկենտրոնների վերադասին, նրանք էլ համապատասխան ճնշումներ են գործադրել»:

Ընդամենը մեկ տարեկան վարչությունն ունի տասը աշխատող, ովքեր, ըստ մեր զրուցակցի, ողջ տարին անցկացրել են ստուգումներով ծանրաբեռնված: Շրջաններ նրանք գնացել-եկել են իրենց անձնական մեքենաներով, օրվա ծախսի համար ստացել են 2720 դրամ՝ ներառյալ գիշերավարձը: «Ինչ խոսք, դա շատ քիչ գումար էր եւ մենք գտանք ձեւը՝ տեսուչները գիշերում էին ծանոթ-բարեկամների մոտ, իսկ ստացած գումարն օգտագործում էին բենզինի համար: Նույնիսկ նման պայմաններում նրանք գիտեին, որ չպետք է ընդունեն սոցկենտրոնների ղեկավարների առաջարկած օգնությունը,- նախ տեղեկացրեց Վ. Բաղդասարյանը, իսկ զրույցի վերջում ավելի անկեղծացավ,- դե կարող է նաեւ մի կտոր հաց էլ են կերել իրար հետ կամ հեռու գյուղեր մեկնել են նրանց մեքենաներով: Մարդկային հարաբերությունները մնում են, մենք էլ նպատակ չունենք ռեւիզորի դեր խաղալ, այլ, ավելի շուտ, զգոնությունն ենք պահպանում: Մեր նպատակը պատժելը չէ, այլ խախտումները կանխարգելելը»: Մեր զրուցակիցը ավելացրեց, որ ցածր աշխատավարձի եւ գործուղման վճարի պատճառով աշխատողներից շատերը մտածում էին «հրաժարական տալ»: Բայց այս տարի նկատելի բարձրացել են վճարման չափերը, եւ «լարվածությունը թուլացել է»: Բացառո՞ւմ է, արդյոք, վարչության պետը, իր աշխատակիցների եւ սոցիալական կենտրոնների ղեկավարների միջեւ հանցավոր համաձայնություն: «Ոչինչ էլ չեմ բացառում եւ ոչ մեկն էլ նման դեպք չի կարող բացառել: Բայց միջոցներ ձեռք եմ առնում՝ ստուգման արդյունքները քննարկում եմ ստուգողների եւ ստուգվողների ներկայությամբ եւ զրույցի ընթացքում կարող եմ հասկանալ, թե ինչ է կատարվել»:

Սոցիալական կենտրոնների տնօրեններին նշանակում են համայնքների ղեկավարները: Ովքե՞ր են նրանք, հասարակության ո՞ր շերտից: Այս հարցին կրկին ստացանք կարճ պատասխան. «Հարգված մարդիկ: Այլ կերպ հնարավոր էլ չէ, այդքան մարդու են սպասարկում»: Իսկ սոցիալական աշխատողի համար որտե՞ղ է ավելի հեշտ՝ մարզերո՞ւմ, թե՞ Երեւանում: Պարզվեց՝ ինչքան էլ մարզերի սոցիալական տեսուչները պարտավորված են ամիսը մեկ անգամ լինել հեռավոր գյուղերում՝ 20 հազար դրամ աշխատավարձով, միեւնույն է, նրանց համար ավելի հեշտ է, որովհետեւ ստուգման ենթակա գույքը (անասունները, տունը, հողամասն ու մեքենան) հեշտ է հաշվել, տեղում է: Իսկ Երեւանում, օրինակ, աշխատավարձի չափի մասին տեղեկանքը հնարավոր է չկարողանան ստուգել, որովհետեւ «ֆիրմաչները» արգելում են տեղեկություն տրամադրել:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել