Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանը՝ ընդդեմ աշխարհի

Հունվար 18,2006 00:00

Իրանը՝
ընդդեմ աշխարհի Մինչեւ վերջերս տպավորություն կար, որ Իրանի
միջուկային նկրտումների «զսպման» շրջանակներում բանակցություններ վարող եվրոպական
եռյակը (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) հակված չէ Թեհրանի նկատմամբ արմատական
վերաբերմունք դրսեւորել, մասնավորապես՝ Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու
նկատառումով: Այդ տպավորությունն ամենեւին անհիմն չէր: Հայտնի է, որ հենց
Ռուսաստանն է հանդիսանում Իրանի հիմնական միջուկային գործընկերը, հետեւաբար՝ տորպեդահարել
Իրանի միջուկային ծրագիրը, նույն էր, թե տորպեդահարել Մոսկվայի արտաքին տնտեսական
ձեռնարկումները: Այժմ, սակայն, իրավիճակը միանգամայն այլ է, եւ Իրանը, կարելի է ասել,
մեծ հաշվով «քաշել է» հենց իրեն՝ Ռուսաստանին, խախտելով Եվրամիություն-Ռուսաստան-Իրան
ձեւաչափի շրջանակներում ուրանի հարստացման վայրի ու տեխնոլոգիաների շուրջ քիչ ավելի
վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հիշեցնենք, որ դրանցով նախատեսված էր
բանակցությունների լրացուցիչ ռաունդ՝ Իրանի ապագա ատոմային էլեկտրակայանների համար
անհրաժեշտ ուրանը Ռուսաստանում հարստացնելու շուրջ: Թվում էր, թե նման հեռանկարը
հավասարապես կբավարարեր բոլոր շահագրգիռ կողմերին. Իրանը հնարավորություն կստանար
առանց միջազգային հանրության կողմից պատժվելու մշտական սպառնալիքի՝ շարունակել իր
միջուկային խաղաղ ծրագիրը, Ռուսաստանը լուրջ տնտեսական դիվիդենդներ կքաղեր այդ համագործակցությունից,
իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ը վերջապես հանգիստ շունչ կքաշեին՝ որոշակիորեն համոզվելով, որ
միջուկային զենքի ստեղծումն իսկապես չի մտնում Թեհրանի պլանների մեջ: Սակայն
հանգամանքը, որ Թեհրանն անսպասելիորեն հայտարարեց ուրանի հարստացման հետ կապված աշխատանքները
հենց Իրանում շարունակելու մտադրության մասին ու գրեթե ցուցադրաբար դեն նետեց ՄԱԿ-ի
զմուռսները, միանգամից լուրջ կասկածի տակ դրեց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լինելու
մասին իրանական իշխանությունների պնդումների անկեղծությունը: Ուստի միանգամայն բնական
էր, որ միջազգային հանրությունն ու, մասնավորաբար, Միացյալ Նահանգները պետք է բավականաչափ
կոշտ արձագանքեին Ահմադինեջադի ռեժիմի հերթական դեմարշին, իսկ իբրեւ այդպիսի արձագանքի
գործնական դրսեւորում եվրոպական եռյակը պետք է հանդես գար, այսպես կոչված, «Իրանական
դոսյեն» ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու նախաձեռնությամբ: Բայց այն արձագանքը,
ինչին ականատես եղանք, գերազանցեց նույնիսկ ամենահամարձակ կանխատեսումները: Իրանը,
փաստորեն, հայտնվեց ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական պատժամիջոցների ենթարկվելու
վտանգի առջեւ: Նրան խստորեն քննադատեցին անգամ երբեմնի դաշնակիցները՝ Ռուսաստանն
ու Չինաստանը: Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում Իրանին «կարգի հրավիրելու» միջազգային
ջանքերի համատեքստում, հիմա դժվար է հստակ կանխատեսել: Բայց այն, որ այդ զարգացումները
կարող են խիստ անցանկալի ու վտանգավոր ընթացք ստանալ, մասնավորապես՝ Հայաստանի համար,
ամենեւին չի կարելի բացառել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել