Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՅԱՑԱ՛Վ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 18,2006 00:00

Արձանագրում
է «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը՝ լրացնելով այն գնահատականը,
թե այն, ինչ առկա է մեր եթերում՝ այլընտրանք է հեռուստատեսությանը: Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, որն ի պաշտոնե պիտի
մասնակցի Հայաստանին վերաբերող յուրաքանչյուր դատական քննության, «Ազատություն» ռ/կ-ի
հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող տեղեկությունները, թե արդեն
այս տարի եվրոպական դատարանը որոշում է կայացնելու հօգուտ «Ա1+»-ի՝ պատասխանել է.
«Երեւի թե ինչ-որ վճիռ կկայացվի Հայաստանի կապակցությամբ՝ ընդդեմ Հայաստանի: Բայց
թե դա կոնկրետ ո՞ր գործով կլինի եւ ինչպիսի՞ն կլինի այդ վճիռը՝ որպես դատավոր իրավասու
չեմ պատասխանել»: Հիշեցնենք, որ հօգուտ «Ա1+»-ի այս դատական վեճի հանգուցալուծման
կանխատեսում էր արել նաեւ BBC-ի մեկնաբանը: «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար
Մեսրոպ Մովսեսյանը հաստատեց, թե այս առումով իրոք առկա է որոշակի շարժ: «Բայց անհեթեթություն
եմ համարում, որ Ալվինա Գյուլումյանն ասել է, թե վճիռը կայացվելու է ընդդեմ Հայաստանի,-
նշեց պրն Մովսեսյանը:- Ո՛չ Գրիգոր Ամալյանը, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան չեն:
Նրանք ու նաեւ մեր օրենսդիր ու դատական իշխանություններն են պատասխանատուները, որ
«Ա1+»-ը հայտնվել է այդ դատարանում: Իսկ այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
մեզ ուղղված իր հարցադրումներով ավելի է խորացնում գործի բնույթը»: Ալվինա
Գյուլումյանը նաեւ հայտնել էր, թե վճռի հետեւանքները կարող են լինել օրենսդրական
կամ համակարգային փոփոխություններ, նյութական եւ ոչ նյութական վնասների հատուցումը:
Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախադեպեր կան մինչեւ 100 հազար եվրո
փոխհատուցում սահմանելու վերաբերյալ: Մեր հարցին, թե «Ա1+»-ը դիմե՞լ է անցած 4 տարիների
իր հարկադիր, սակայն մասնակի պարապուրդից կրած վնասները փոխհատուցելու պահանջով՝
Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց, թե իրենց պահանջները ներկայացնելու են մի քանի փուլով.
«Չենք ցանկանում, որ հիմնական շեշտադրումն այն լինի, թե մենք առավել նյութական հատուցում
ենք պահանջում, քան մեր իրավունքների վերականգնում: Նախ պիտի լինի բարոյական վնասների
հատուցում, որից հետո թերեւս պիտի հատուցվեն նաեւ անցած 3 տարիներին մեր կրած բավական
լուրջ ու մեծ կորուստները»: ԵԽԽՎ-ն Հայաստանին առնչվող իր բանաձեւերում անցած
տարիներին անընդհատ անդրադարձել է անկախ հեռուստաընկերությունների եթերազրկման խնդրին:
Նաեւ սահմանադրական հանրաքվեից առաջ արծարծվեց այս խնդիրը՝ եթերում բազմակարծություն
ապահովելու տեսանկյունից: Սակայն հակառակ ընդդիմության պնդումների, թե իրենց այդպես
էլ չի տրամադրվում եթեր՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն այդ կառույցի
դիտորդական առաքելությանը գրավոր վստահեցրել էր, թե «բացարձակ հերյուրանք է», որ
սահմանադրական փոփոխություններին «դեմ» կարծիքների հեղինակները չեն կարողացել ներկայացնել
իրենց փաստարկները: Գուցե եթերում բազմակարծության առկայության մասին նման պնդումնե՞րն
են պատճառը, որ եվրոպական կառույցներն այնքան էլ նախանձախնդիր ու բավարար չափով հետեւողական
չեն «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» առնչությամբ իրենց բանաձեւերում առկա պահանջների
իրականացմանը հետեւելու առումով: Այս հարցադրմանն ի պատասխան Մեսրոպ Մովսեսյանը նկատեց,
որ շարունակվում են իմիտացիոն գործընթացները, թե երկիրն ընթանում է եվրոպական կառույցներին
ինտեգրման ու ժողովրդավարության ուղիով: Իսկ առավել որոշակի՝ գործող հեռուստաընկերություններում
խոսքի ազատության ապահովման առնչությամբ վկայակոչեց Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուսի»
եւ այլ կազմակերպությունների դիտարկման արդյունքները. «Դրանք եւս մի ապացույց են,
որ իսկապես համառորեն է շարունակվում իմիտացիան: Եթերում իրականում չկա բազմակարծություն
ու խոսքի ազատություն: Ակնհայտ է միայն ճնշումը հեռուստաընկերությունների վրա, որ
ստիպում է աշխատել խոսքի ազատության առումով իրենց հնարավորություններից շատ ավելի
քիչը գործադրելու պայմաններում: Հիմնական խնդիրը, որ սրանից 2,5 տարի առաջ թելադրել
էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարը՝ հեռուստատեսությունը
զուտ իբրեւ բիզնես դիտարկելն է: Այդ հրահանգն ընդունվեց, եւ մոռացվեց մնացած ամեն
ինչ՝ ժողովուրդ, գաղափարախոսություն, պետական շահեր… Ու նաեւ այս պատճառով է Հայաստանը
հայտնվել ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում»: «Ա1+» հեռուստաընկերության
ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն այս առնչությամբ ողջույնի խոսք հղեց Գրիգոր Ամալյանին.
«Շատերն են վերջերս խոստովանում, թե Հայաստանում գոյություն չունի հեռուստատեսություն:
Սակայն ես համարում եմ, որ մեր հեռուստատեսությունը կայացած է. լա՞վն է այն, թե՞
վատը՝ այլ հարց է: Չե՞ք ուզում՝ մի՛ դիտեք: Հայաստանում ձեւավորվեց ահա այս տիպի
հեռուստատեսություն: Եվ դրա համար մենք պարտական ենք պրն Ամալյանին: Դա էլ է շնորհք,
որ կարողանաս կայացնել հեռուստատեսային հենց այսպիսի դաշտ: Եվ ուրախ եմ, եթե նա կարողանում
է հանգիստ քնել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել