Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ

Հունվար 17,2006 00:00

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Երաժիշտներ Յուկա Ցուբոյն ու Սերգեյ Սմբատյանը կներկայանան նախ Հայաստանում, ապա արտերկրում Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հունվարի 25-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երեւանի պետկոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա Եվրոպայում ճանաչված ճապոնացի ջութակահարուհի Յուկա Ցուբոյը: Ջութակահարուհին «Առավոտին» հայտնեց, որ երեւանյան համերգների նախաձեռնությունը ջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Սմբատյանինն է: Ճապոնացի եւ հայ երիտասարդ արվեստագետները ծանոթացել են անցյալ տարի՝ Վիեննայում, որտեղ Ս. Սմբատյանը վարպետության դասընթացների էր մեկնել ճանաչված պրոֆեսոր Զախար Բրոնի մոտ: Տեղեկացնենք, որ Յ. Ցուբոյը պրոֆեսորի ասիստենտն է եւ մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր: Ճապոնացի ջութակահարուհին 1999-ին Լոնդոնում արժանացել է հայազգի մեծահամբավ դասախոս Մանուկ Փառիկյանի մրցանակին, որի անունը, ցավոք, հայաստանցի արվեստագետներից քչերին է հայտնի: «Երբ սովորում էի Անգլիայում՝ Մենուհինի դպրոցում, առաջինը ծանոթացա հայաստանցի տաղանդավոր երաժիշտներ, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին, ջութակահարուհի Մարինե Բոխյանին, թեեւ մինչ այդ ծանոթ էի Եվրոպայում ծնված եւ հայաստանցի երաժիշտներին: Նկատել եմ մի հետաքրքիր բան. ինչ ստեղծագործություն էլ որ մեկնաբանում եք հայերդ, այդ թվում եւ այլազգի ստեղծագործողի, տարօրինակ կերպով թափանցում եք տվյալ երկի հոգու մեջ: Ինքս ինձ համար գտել եմ դրա գաղտնիքը. դուք աննկարագրելի ջերմ ու մարդամոտ ժողովուրդ եք»,- նշեց ջութակահարուհին: Ս. Սմբատյանի խոսքը կարծես կոլեգայի ասածի շարունակությունը լիներ. «Մենք հաճախ գնահատելով այս կամ այն երաժշտին, մոռանում ենք մի կարեւոր հանգամանք, այն է՝ պարզապես լավ մարդ լինելը: Իսկ Յուկան ոչ միայն վիրտուոզ ջութակահարուհի է, այլեւ բարի ու անմիջական մարդ: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Առաջիկայում ես նրան կներկայացնեմ հայ ստեղծագործողների երկեր, որոնց Յուկան առայժմ ծանոթ է CD-ների միջոցով: Կարծում եմ, թե Հայաստանում եւ թե Եվրոպայում նա հանդես կգա հայ կոմպոզիտորների երկերի մեկնաբանմամբ: Համագործակցության շրջանակներում որոշված է համատեղ համերգներ արտերկրում, ինչպես նաեւ CD-ների թողարկում: Եթե ժամանակը բավականացնի, նա այս օրերին Երեւանի կոնսերվատորիայում վարպետության դասընթացներ կանցկացնի»: Ս. Սմբատյանին հայ երաժշտասերները ծանոթ են իբրեւ ջութակահարի, իսկ Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին նրան կհանդիպեն նոր կարգավիճակով՝ կոնսերվատորիայում վերջերս ստեղծված նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ: Տեղեկացնենք, որ երիտասարդ արվեստագետը միաժամանակ ուսանում է ջութակահար, պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի եւ դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարաններում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել