Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսական

Հունվար 17,2006 00:00

Ռուսական դեսպանատունն անհասանելի է իր քաղաքացիներին 50-ամյա Սերգեյ Ռազգանյաեւը արդեն 7 տարի Հայաստանում է եւ ոչ մի կերպ չի կարողանում վերադառնալ հայրենիք: Նա Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Ինքնավար Հանրապետության Զելինադոլսկ քաղաքից է: «Մեր քաղաքում մի խոպանչի հայի մոտ էի աշխատում: Նրան՝ Պավել Գեւորգյանին, հավատացի ու ընկա էս վիճակի մեջ: Ասաց՝ գնանք Հայաստան տուն կառուցելու: Հավատացի նրան, ընդհանրապես ես այդպիսին եմ, մարդկանց հավատում եմ, ի՜նչ արած: Նա երկու մեքենա գնեց Հայաստան բերելու համար: Նրա հետ եկա»,- պատմում է Սերգեյը: Պավել Գեւորգյանի մասին Սերգեյն այժմ տեղեկություններ չունի: «Երեւի գնացել է Թաթարստան, 2000 թ.-ին գնացել է ու նրանից էլ լուր չունեմ: Նրա ընտանիքը ապրում է Կամո գյուղում, Գյումրիից 7 կմ է հեռու: Նրա մոտ աշխատեցի, նոր տուն չկառուցեցինք, իրենց տան գործերում էի օգնում, հող էի մշակում, կարտոֆիլ ցանում, անասուններին խնամում: Հետո թողեցի գնացի, նորմալ ուտելիք էլ չէր տալիս: Մի կտոր հաց էր տալիս ու վերջ: Ես էլ ասում էի՝ աշխատել եմ, ինչո՞ւ ես մի կտոր հաց տալիս, ես տղամարդ եմ, պիտի ուտեմ: Նա էլ փաստաթղթերս գցեց վառարանը, վառեց, իր մոտ էր պահում»: Փաստաթղթերի հետ կատարվածի մասին Սերգեյը ոչ մեկին չի հայտնել. «Վախեցա: Մտածեցի հետո կգտնի ինձ, կսպանի կամ հետս մի բան կանի»: Տարիներ շարունակ Սերգեյը փորձում է վերադառնալ հայրենիք: Հարազատներից ոչ մի լուր չունի: «Զելինադոլսկում տուն ունեմ, գրանցում ունեմ, բայց հիմա չգիտեմ, թե ինչ վիճակում է, յոթ տարի է արդեն այստեղ եմ: Կարող է պետությունը վերցրել է, պետական բնակարան էր: Ոչ ոք չգիտի, որ ես այստեղ եմ»: Երկու անգամ Սերգեյ Ռազգանյաեւը գնացել է Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ոչ ոք նրան չի ընդունել: «Գնում եմ, ոստիկանները ներս չեն թողնում: Երկու հայ ոստիկաններ էին, ասացին՝ փաստաթղթերդ ցույց տուր, ես էլ ասացի, որ փաստաթուղթ չունեմ: Ու ներս չթողեցին: Ի՞նչ անեի, ես էլ հեռացա»,- ասում է Սերգեյը: Վերջին երկու տարիներին Սերգեյը թափառաշրջիկի կյանքով ապրում է Երեւանում: Որտեղ պատահի գիշերում է: Ամառը՝ փողոցներում, ձմեռը՝ որեւէ ծածկի տակ: Սերգեյն այժմ երկու այլ անօթեւանների՝ Սերյոժա Վարդազարյանի եւ Սուսանի հետ ապրում է Կայարանի մերձակա շենքերի բակում գտնվող լքված կիսաքանդ կաթսայատանը: «Երկու տարի է Սերոժի հետ ծանոթ եմ ու միասին ենք ապրում: Մտերիմ ընկերներ ենք դարձել: Երբ եղանակը տաք է, գործ գտնում եմ շինարարությունում, օրավարձով բանվորություն եմ անում: Իսկ երբ գործ չկա, ասենք հիմա, շշեր, դատարկ պարկեր ենք հավաքում, հանձնում»: Սերգեյը պատմում է, որ փողոցներում մարդիկ վատ են վերաբերվում իրեն, անվանարկում են, երբ տեսնում են անօթեւաններին: «Սասունցի Դավթի արձանի մոտ Նոր տարվա նախօրյակին մի տաքսիստի մոտեցա, ասացի. «Բռատ ջան, 50 դրամ կտա՞ս, հացի փողը քիչ է, չի հերիքում: Երեք բառանոց հայհոյանք տվեց ու ասաց՝ գնա աշխատիր, աշխատել է պետք: Ես էլ ասացի՝ աշխատանք տուր, գնամ աշխատեմ: Ահա այդպես: Ես ինչ-որ ձեւով պետք է վերադառնամ իմ հայրենիք, չգիտեմ՝ էդ փաստաթղթերիս հարցը ո՞նց լուծեմ»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել