Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԱԴԻԿ

Հունվար 17,2006 00:00

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԻՉԻՆ ՉԸՆՏՐԵՑԻՆ Թիրախը դարձել են խորհրդի անդամ ուսանողները Երեկ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստը չնախատեսված իրավիճակ արձանագրեց։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում բուհի խորհրդի նախագահի միակ թեկնածու, ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը չդարձավ խորհրդի նախագահ։ Կատարվածը շատերի համար անսպասելի էր, իսկ ոմանց համար՝ ոչ։ Կան, հավանաբար, մարդիկ, որոնք հակված են դա կապել ուսանողների դիրքորոշման հետ: Հիշեցնենք, որ դեռ ուսխորհրդի ընտրությունների ժամանակ բուհի ղեկավարները գոհ չէին արդյունքներից, որովհետեւ կազմում չէին ընդգրկվել իրենց համար ցանկալի որոշ ուսանողներ։ Սակայն կրկնակի ընտրություններ տեղի չունեցան, եւ բուհի ղեկավարությունը կամ որոշ շահագրգիռ անձինք թերեւս «մուռ ունեն» նրանց վրա։ Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ ուսանողները խորհրդի կազմում ունեն 18 ձայն միայն։ Իսկ դեմ արտահայտվածները 35-ն էին։ Ներկայացնենք երեկ տեղի ունեցածը՝ դրսից։ Նախապես հրահանգ էր իջեցվել, որ վերեւ չթողնեն ոչ մի լրագրողի։ Այս մասին մեզ հեռախոսով հայտնեց ԵՊՀ լրատվական բաժնի պատասխանատու Ժաննա Մխիթարյանը։ Նա նախ ասաց, թե դա ռեկտորի հրահանգն է, ապա, թե՝ իր։ Իսկ ներքեւում, դռան մոտ կանգնած հսկող տղաներն ասում էին, որ եթե լրագրողներից որեւէ մեկը վերեւ բարձրանա, իրենք անմիջապես աշխատանքից ազատման դիմում կգրեն։ Մեզ մնում էր սպասել, թե ով մի խաբար կբերի ներսից։ Առաջինը դա արեցին բուհի խորհրդի անդամներ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։ Ս. Սարգսյանը բավական շուտ լքեց խորհրդի աշխատանքները եւ մեզ փոխանցեց, որ նիստն ընթանում է «նորմալ, ջերմ, բարիդրացիական մթնոլորտում»։ Նա զարմացավ մեր հարցից, թե արդյոք իր թեկնածությունը չկա՞ր խորհրդի նախագահի պաշտոնում։ Ապա ասաց, որ նման ցանկություն չունի։ Իսկ համալսարանական կյանքին նա մասնակցում է՝ լինելով ԵՊՀ շրջանավարտների հոգաբարձուների խորհրդի նախագահ։ «Այդ պարտականություններն ինձ ամբողջովին հնարավորություն են տալիս մասնակցելու համալսարանական կյանքին»,- նշեց պաշտպանության նախարարը: Հոգաբարձուների խորհրդի առաջիկա գործը պետք է լինի կարգի բերել Դիլիջանում գտնվող ԵՊՀ հանգստյան տունը։ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր թեկնածությունը եղե՞լ է։ «Չառաջադրեցին»,- կեսկատակ պատասխանեց նա։ Իսկ խորհրդի կազմում բարձրաստիճան պաշտոնյաների ընդգրկումը, պրն Աբրահամյանի կարծիքով, միայն օգուտ կբերի բուհին։ «Բուհը դրանից միայն կշահի, օգնություն կլինի տվյալ անձի կողմից»։ Հ. Աբրահամյանն արդեն պատկերացնում է խորհրդի հետագա աշխատանքները. «Իմ կարծիքով՝ բուհը մեկ անգամ եւս պետք է վերանայի խորհրդի նախագահի լիազորությունները։ Որովհետեւ նրանք չեն վարձատրվում։ (Նշենք, որ բուհական խորհուրդները գործելու են հասարակական կարգով- Հ. Բ.)։ Օրինակ, եթե վերցնենք պրն Մարտիրոսյանին (խոսքը Ռադիկ Մարտիրոսյանի մասին է- Հ. Բ.), ինքն այլ աշխատանք չունի, նաեւ վարձատրության խնդիր կա, եւ մենք կրթության նախարարին հանձնարարել ենք, որ նախագիծ ներկայացնի կառավարություն, քննարկենք, միգուցե հնարավորություն տանք վարձավճարների հաշվին նաեւ աշխատավարձի հարց լուծել»։ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը որոշ չափով ներկայացրեց, թե ինչպես կարող է դա արվել։ «Յուրաքանչյուր բուհ կարող է որոշել, թե ինչպես փոխհատուցի խորհրդի նախագահի աշխատանքը, որովհետեւ նաեւ ծախսերի հետ է կապված խորհրդի նիստեր հրավիրելը եւ այլն»։ Ինչ վերաբերում է խորհրդի նախագահի ընտրությանը, ապա երբ նիստը դեռ չավարտված՝ ԵՊՀ-ից դուրս եկան խորհրդի անդամներ, ՀՀ նախագահի օգնականներ Արմեն Գեւորգյանն ու Վիգեն Սարգսյանը, փորձեցինք նրանցից մի տեղեկություն իմանալ։ «Ո՞վ ընտրվեց»,- մեր հարցին նրանք իմիջիայլոց պատասխանեցին՝ «Չընտրվեց»։ Ավելի ուշ դուրս եկողները հիմնականում շոկի մեջ էին: Խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը կատարվածը մեկնաբանելու մեր խնդրանքին այսպես արձագանքեց՝ «նո քոմենթ»։ Այնուամենայնիվ, ավելի ուշ հայտնեց իր զարմանքը։ «Ընթացակարգի իմաստով ամեն ինչ նորմալ էր, բայց, ճիշտն ասած, ես մի քիչ զարմացած էլ եմ։ Ինձ համար անսպասելի էր»։ Խորհրդի մյուս անդամ Հրանուշ Հակոբյանի համար եւս կատարվածն անսպասելի էր։ Իսկ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի համար՝ այնքան էլ չէ. «Չէի ասի, որ անսպասելի էր, նորմալ է, հավասար են ձայները, մի կողմը՝ մի քիչ շատ»,- հապճեպ վերլուծեց նա։ Սերգո Երիցյանը նույնպես չէր սպասում նման ելքի։ «Այս ամենը քվեարկության արդյունք է, ես կարծում եմ՝ արժանավոր թեկնածու էր։ Մարդ, որն ունի ավանդ, ներդրում, ունի կատարած աշխատանք, եւ ցավոք, տվյալ պարագայում քվեարկությունն այս արդյունքը բերեց»։ Խորհրդի անդամները դեռ ժամանակ ունեն։ Առաջիկայում նորից խորհրդի նիստ կհրավիրվի։ Ռադիկ Մարտիրոսյանն իրավունք ունի նորից առաջադրվելու։ Այլ թեկնածուների անուններ դեռեւս չեն նշվում։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել