Լրահոս
Օրվա լրահոսը

2005-Ը

Հունվար 17,2006 00:00

2005-Ը ԿԱՊԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂ ԷՐ Համենայնդեպս, այդ մասին են վկայում համակարգի ցուցանիշները Երեկ կառավարությունում մի քանի գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում՝ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը: Նկատենք, որ նախորդ տարին Հայաստանի համար կարեւորվեց նրանով, որ բջջային կապի ոլորտում մենաշնորհը վերացվեց. Հայաստան մուտք գործեց բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլը», եւ ստեղծված մրցակցությունը բջջային կապի որակը նկատելիորեն բարելավեց: Բջջային կապի սակագները զգալիորեն նվազեցին, եւ ծառայություններից օգտվողների քանակը մեծացավ: Այնուամենայնիվ, տարեվերջին «ԱրմենՏելը» կառավարությանը սակագների բարձրացման փաթեթ էր ներկայացրել, ինչը ժողովրդի դժգոհությունն էր առաջացրել: «ԱրմենՏելը» մտադիր էր լարային հեռախոսակապի բաժանորդներին հասանելիք անվճար 360 րոպեն մինչեւ 2009 թ. դարձնել 120 րոպե, իսկ այս տարվա հունվարի մեկից էլ ամսավճարը 900 դրամի փոխարեն գանձել 1400 դրամ: «ԱրմենՏելը» նախատեսել էր նաեւ 550 րոպեով կրճատել այն խոսելաժամանակը, որի համար վճարում ենք 4 դրամ: Փաթեթում ընկերությունը առաջարկել էր նաեւ 4 դրամանոց րոպեավճարը տարեցտարի հասցնել 12 դրամի: Սակայն տրանսպորտի եւ կապի նախարարության հետ բանակցությունների արդյունքում սակագներն էապես չբարձրացան: Տարվա ձեռքբերումներից կարելի է համարել նաեւ այն, որ լուծվեց ինտերնետ պրովայդերների խնդիրը: Հիշեցնենք, որ վերջիններս պարբերաբար բողոքում էին, որ «ԱրմենՏելի» կապուղիների միջոցով մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայությունները անորակ են եւ չեն ապահովում երկրի տեղեկատվական անվտանգությունը՝ լրջորեն խոչընդոտելով երկրի գերակա ոլորտի՝ տեխնոլոգիաների զարգացմանը: Սակայն այսօր ինտերնետ պրովայդերները հնարավորություն են ստացել տեղադրել իրենց սեփական արբանյակային անտենաները եւ ինտերնետ ստանալ իրենց ընտրած միջազգային ինտերնետ ծառայություն մատուցողից՝ իրենց ընտրած արբանյակի միջոցով՝ առանց «ԱրմենՏելի» միջնորդության: Կապի եւ հեռահաղորդակցության բնագավառում այլ ձեռքբերումներ էլ են արձանագրվել: Բարելավվել եւ ընդլայնվել է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը: Ապահովվել է նաեւ հայկական հեռուստածրագրերի արբանյակային հեռարձակումը երկրագնդի հայաշատ վայրերում: Նախարարության համակարգի ընդհանուր ցուցանիշներից ելնելով՝ համակարգում գործող ընկերությունները կատարած աշխատանքների եւ մատուցած ծառայությունների դիմաց ընդհանուր առմամբ ստացել են 18024,3 մլն դրամի եկամուտ, այդ թվում՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում այն կազմել է 9557,6 մլն դրամ, ճանապարհաշինական ընկերություններում՝ 361,6 մլն դրամ, կապի ոլորտի ընկերություններում՝ 7608,1 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս ընկերությունների շահույթն աճել է 86,5 %-ով: Շահույթի ավելացմանը զուգահեռ, նախարարության համակարգի ընկերությունները նախորդ տարի պետբյուջե 2 մլրդ դրամ հարկ են վճարել: Ավելացել է նաեւ ինչպես բեռնափոխադրումների ծավալը, այնպես էլ բեռնաշրջանառությունը. նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունից դուրս 22,7 %-ով ավելի բեռներ են առաքվել: Հատկանշական է նաեւ այն, որ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն կատարել է 16,5 կմ երկաթգծի հիմնարար նորոգում: Ընթացիկ վերանորոգման շրջանակներում փոխվել են 22,1 կմ ռելսեր, հիմնարար նորոգման են ենթարկվել 320 բեռնատար եւ 28 ուղեւորատար վագոններ: Նախարարությունը չի անտեսել նաեւ իր աշխատակիցներին՝ բարելավելով նրանց սոցիալական վիճակը. միջին ամսական աշխատավարձը 4,5 %-ով աճել է՝ կազմելով մոտ 45 հազար դրամ: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի տարածքում բեռնափոխադրումների ոլորտի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է միայն հարկային պարտավորությունների կատարման առումով, նախարարության կազմում գործող ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից կազմակերպվել են Հարկային պետական ծառայության եւ ոստիկանության պետավտոտեսչության հետ համատեղ ստուգայցեր, որոնց արդյունքում նկատելիորեն կրճատվել են անօրինական բեռնափոխադրումները: ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել