Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ

Հունվար 17,2006 00:00

ԱՅՍՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ Երեկ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից փորձեցինք ճշտել Lragir.am-ի հետեւյալ լուրի իսկությունը. «Հազիվ թե Հայաստանի եւ ԼՂՀ հասարակությունը մոռացած լինի Լեռնային Ղարաբաղի բյուջեի փողով Երեւանում գնված բնակարանի հետ կապված աղմուկը: Հասարակությանը մի ամբողջ տարի ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել՝ ինչո՞ւ է այդ բնակարանը գրանցված Նաիրա Մելքումյանի անունով, եթե պաշտոնական մարմինները հայտարարում էին, որ կառավարությունը բյուջեի 17 հազար դոլարով այդ երեքսենյականոց բնակարանը գնել է Հայաստանի մայրաքաղաք գործուղվող ղարաբաղցի պետական պաշտոնյաների կարիքների համար: Չէին բացատրում՝ հուսալով, որ աղմուկը մոռացության կտրվի: Եվ հավատացին, որ մոռացվել է: Իսկ ինչպե՞ս բացատրել այն, որ մարդասիրական հիմնադրամի ներկայիս գործադիր տնօրենը վերջերս անաղմուկ վաճառել է այդ բնակարանը եւ, թերեւս, ձեռքն ընկած փողը ծախսել է առանձնատան նորոգման համար, որը նա ձեռք է բերել Աշտարակում, անկասկած, ոչ իր աշխատավարձով եւ ակնհայտորեն՝ ոչ հիմնադրամի կարիքների համար: Մտածել է վերջապես, որ ի վերջո պետք է ապրել «ազգի ներկայացուցչին» վայել պայմանում: Առավել եւս, որ ղեկավարները մշտապես քողարկում են իրենց հնազանդ ենթականերին: Առավել եւս այնպիսի գործերում, ինչպիսին «Հայաստան» հիմնադրամն է, ուր շատ են ուրիշի փողերը: Բայց ահա հասարակությանը անհասկանալի է, թե ինչպես է, որ ժողովրդական փողերի՝ դեպի սեփական գրպան «ազատ, արդար եւ թափանցիկ» արդյունահանման պարագայում չի լինում ոչ մի պաշտոնանկություն, ոչ էլ, առավել եւս, դատաքննություն»: Հիմնադրամում տեղեկություն ճշտելու մեր խնդրանքին ի պատասխան՝ նախ հեռախոսը փոխանցեցին մեկին: Հետո՝ երկրորդին: Հետո ասացին, որ նորից զանգեմ՝ դիմեմ մամուլի քարտուղարին: Հետո պարզվեց, որ նա տեղում չէ, եւ հայտնի էլ չէ, թե արդյոք այսօր կլինի, թեեւ աշխատանքային օրվա ավարտին կար շուրջ 2 ժամ: Իրար պաս տալու այս պատմությունից հետո, երբ տեղեկացրինք, թե տեղեկությունը կհրապարակենք առանց իրենց պարզաբանման՝ մեզ հետ զրուցող՝ այդպես էլ չներկայացած, բայց մեզնից 3-րդ անգամ ներկայանալ պահանջող պաշտոնյան սկսեց գոռգոռալ, թե «10 հոգու էլ կարող էինք փոխանցել հեռախոսը: Դո՛ւք չպիտի թելադրեք մեր աշխատանքի ռիթմը, թե երբ պիտի տեղում լինի մամուլի քարտուղարը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել