Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնուրույնը

Հունվար 17,2006 00:00

Ինքնուրույնը եւ ոչ ինքնուրույնը Թբիլիսին մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Եվրասիական նոր գազային ռազմավարության մշակման գործում: Այս մասին երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ մատուցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին: Նա նկատել տվեց, որ Մոսկվայի ու Կիեւի հարաբերություններում առաջացած գազային ճգնաժամից հետո «Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սկսեցին ավելի ակտիվ մտածել այնպիսի ռազմավարության մշակման ուղղությամբ, ինչը կբացառեր այսօրվա կախվածությունը մի երկրի մենաշնորհային դիրքից»: Ըստ Վրաստանի ԱԳ ղեկավարի, Թբիլիսին մտադիր է դիվերսիֆիկացնել գազամատակարարման աղբյուրները եւ օգտագործել Իրանից, Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայի երկրներից գազի ներկրման բոլոր հնարավոր տարբերակները: «Այսօր մենք էներգակիրների մատակարարման առումով դեռեւս կախված ենք Ռուսաստանից, սակայն մի քանի տարի անց այս իրավիճակը կենթարկվի լուրջ փոփոխությունների»,- հայտարարեց Բեժուաշվիլին, հավելելով՝ «այդուհանդերձ, մենք պատրաստ ենք վճարել այդ գինը ինքնուրույն քաղաքականություն վարելու մեր իրավունքի դիմաց»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վրաստանի ԱԳ ղեկավարը չբացառեց, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցման ավարտից հետո Թբիլիսին կդիտարկի նաեւ ՀՀ տարածքով իրանական գազի ներկրման հնարավորությունները: Մինչդեռ Վարդան Օսկանյանը շատ հեռու էր ինքնուրույն քաղաքականություն վարելու մտքից: Նա նշեց, թե ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը չպետք է լուրջ շեղումների հանգեցնի Ռուսաստան-ՀՀ ռազմավարական հարաբերություններում, հաշվի առնելով «անվտանգության եւ մեր ֆիզիկական պաշտպանության հարցերը»: Չնայած այդ հանգամանքին, Օսկանյանը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ ասելու հետեւյալը. «Վրաստանը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին. մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին, քանզի կարծում ենք, որ այդ փորձը կարող է հետաքրքիր լինել ողջ տարածաշրջանի համար»: Անդրադառնալով Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը վերաբերող հարցին՝ Բեժուաշվիլին ասաց, որ Թբիլիսին «երբեք չի հետապնդել եւ չի հետապնդում Հայաստանը մեկուսացնելու նպատակ», բայց եւ «նոր տրանսպորտային ուղիների բացումը հանդիսանում է Վրաստանի՝ որպես տարանցիկ պետություն, զարգացման բաղադրիչներից մեկը»: Իր հերթին Օսկանյանը նշեց, որ իր վրաց գործընկերոջը կրկին ներկայացրել է ՀՀ այն դիրքորոշումը, ըստ որի՝ քաղաքական պատճառներով չգործող Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը առավել արդյունավետ է, քան նոր երկաթուղու շինարարության համար մեծ միջոցների հատկացումը: «Ուժի մեջ է մեր այն առաջարկը, ըստ որի՝ մենք պատրաստակամ ենք Կարս-Գյումրի երկաթգիծը չծառայեցնել սեփական բեռների փոխադրմանը եւ նույնիսկ որոշ ժամանակ գումար չպահանջել թուրքական եւ վրացական բեռների տարանցման համար»,- ասաց Օսկանյանը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել