Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճարկում է ՀՀ նախագահի հրամանագրի օրինականությունը

Հունվար 17,2006 00:00

Վիճարկում է ՀՀ նախագահի հրամանագրի օրինականությունը Ըստ Արտակ Զեյնալյանի, ՀՀ նախագահը լիազորված չէ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել Հունվարի 13-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, որպես շարքային քաղաքացի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2006թ. հունվարի 4-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-1-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու համար: Ա. Զեյնալյանի արձանագրմամբ, բանն այն է, որ ՀՀ նախագահի հրամանագիրը պաշտոնական հրապարակում չի ստացել, այլ ընդամենը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական վեբ կայքում։ Դիմումատուն մատնանշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքում մինչեւ նոր Պաշտպան նշանակվելը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Մարդու իրավունքների «պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը», այդ թվում՝ «…անմիջականորեն ղեկավարում է աշխատակազմի աշխատանքները»: Հետեւաբար, հրամանագիրը հակասում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքին, որի հոդված 6-ի 4-րդ կետում ասված է. «Պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքում նոր Պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Մինչեւ նոր Պաշտպան նշանակվելը Պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը»: Մյուս կողմից, Ա. Զեյնալյանի համոզմամբ, անօրինական են նաեւ Ռ. Քոչարյանի հրամանագրով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի գործողությունները: Վերջինս կնքել է Մարդու իրավունքների պաշտպանի եւ տեղակալի աշխատասենյակները, հանել Պաշտպանին, նրա տեղակալին եւ գրասենյակին սպասարկող երեք ավտոմեքենաների պետհամարանիշերը ու մեքենաները կանգնեցրել ավտոտնակում։ «Այս գործողություններով գործադիր իշխանության ներկայացուցիչները զրկել են Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին՝ կատարելու օրենքով նախատեսված իր լիազորությունները, ապահովելու «…պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»,- ասված է ՀՀ քաղաքացու՝ դատարանին ուղղված դիմումում։ Ա. Զեյնալյանը համարում է, որ ՀՀ նախագահի հրամանագիրն իրեն զրկել է «Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եւ օրենքով նախատեսված հնարավոր պաշտպանություն ստանալու իրավունքից, ուստի՝ հիշյալ ակտը հակասում է ՀՀ սահմանադրության հոդված 18-ին՝ «…Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը»: Բացի այդ, ըստ նրա, ՀՀ նախագահը իր միջամտությամբ խախտել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սկզբունքը։ Ա. Զեյնալյանը վկայակոչելով?ՀՀ սահմանադրության հոդված 55-ով ՀՀ նախագահի համար նախատեսված իրավասություններն ու ՀՀ-ում գործող օրենսդրությունը, համոզված է, որ որեւէ օրենքով ՀՀ նախագահը լիազորված չէ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ու քանի որ ՀՀ սահմանադրության 56 հոդվածով «Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին…», հետեւաբար՝ ՀՀ նախագահի խնդրո առարկա հրամանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Իհարկե, սա երկրի նախագահին դատի տալու առաջին դեպքը չէ: Նախադեպեր եղել են նաեւ, երբ ՀՀ դատարաններում վիճարկվել են Ռ. Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրականությունն ու օրինականությունը, բայց դեռ որեւէ դեպք չի արձանագրվել, երբ Ռ. Քոչարյանին դատի տված հայցվորները դատը շահած լինեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել