Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 17,2006 00:00

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ» Գտնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը Ըստ մեր տեղեկությունների, կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը՝ Դաշնակցությունը, «Հանրապետականը» եւ «Օրինաց երկիրը» որպեսզի առավել արժանապատիվ դարձնեն իրենց եւս մեկ տարվա համատեղ գոյատեւումը, որոշել են մինչեւ ԱԺ գարնանային նստաշրջանի սկիզբը հանդես գալ հայտարարությամբ, որով հերթական անգամ իրավիճակին համապատասխան կհռչակեն «միասին աշխատելու» սկզբունքները: Քաղաքական այս ուժերը շատ լավ հասկանում են, որ երկար չեն կարող կատարել կոալիցիայի չորրորդ կողմի՝ գործող նախագահի հրամանները, քանի որ այս տարվա կեսերից արդեն ստիպված են լինելու հանդես գալ իրար դեմ՝ հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասվող շատ բնական մրցակցությունը։ Ըստ մեր տեղեկությունների, կոալիցիան պայմանավորվել է առաջիկա կես տարվա ընթացքում իրար չուտել՝ գոնե հրապարակավ, եւ ԱԺ դահլիճում միմյանց մերկացնող ելույթներ չունենալ: Մեր այս տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նա, ըստ էության, չժխտեց, որ կոալիցիան համատեղ ինչ-ինչ գործողություններ կիրականացնի, բայց որ այդ գործողությունները պայմանավորված կլինեն վերը նշած դրդապատճառներով, պարոն Մկրտչյանը չհաստատեց: Նրա ներկայացմամբ, կոալիցիան, այո, մինչեւ ԱԺ գարնանային նստաշրջանի սկիզբը եւս մեկ նիստ կհրավիրի, եւ այդ նիստում կքննարկվեն առաջիկա տարվա անելիքները. «Եթե այդ քննարկումներից հետո անհրաժեշտ լինի ընդունել որեւէ փաստաթուղթ, ապա կընդունվի»։ Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ, այսպես թե այնպես, բոլոր երեք կուսակցություններն իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրին, երբ համաձայնեցին դառնալ սահմանադրական փոփոխությունների հեղինակ եւ կատարող, եւ այդ փոփոխությունների ընդունումից հետո յուրաքանչյուր կուսակցություն պարզապես պարտավոր է կատարել անհրաժեշտ քայլեր, այն է՝ օրենսդրական դաշտը համապատասխանեցնել սահմանադրությանը. «Եվ եթե սա չարվի, ապա երկիրը կհայտնվի օրենսդրական ճգնաժամի մեջ: Եթե առաջինը՝ փոփոխությունները ներկայացնելը քաղաքական կամքի արտահայտություն էր, քաղաքական նպատակ էր, որը ունեինք նաեւ կոալիցիոն հուշագրում իբրեւ կետ, ապա այս երկրորդն արդեն ուղղակի պարտականություն է: Եվ սա թելադրում է իր քայլերը, այսինքն՝ ամեն ինչ անել, որ առաջիկա տարին հնարավորինս բեղմնավոր լինի օրենսդրական փոփոխությունների առումով: Սրա համար հարկավոր է ունենալ նաեւ համապատասխան իրավիճակ խորհրդարանում: Այսինքն՝ պարտավոր են ապահովել խորհրդարանում մեծամասնության համակարգված, համաձայնեցված եւ համերաշխ աշխատանք»: Մեր դիտարկումը, թե այս ամենը նշանակում է, որ կոալիցիան այսպիսով փորձելու է ձեւ անել, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է հրահանգել հաշտ լինել եւս մեկ տարի, այլ կոալիցիան իր կամքով է այդպիսին լինելու, Լեւոն Մկրտչյանը չկիսեց եւ ներկայացրեց Դաշնակցության դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը հետեւյալն էր՝ եթե սահմանադրական հանրաքվեն ստանում է «այո», ապա հեղափոխությունը նոր է սկսվում, հենց այս տերմինն էլ օգտագործել ենք, սա նշանակում է, որ, փաստորեն, ամբողջ երկրի կառավարման համակարգը պետք է փոփոխվի, իսկ դա հսկայական աշխատանք է: Քանի որ հանրաքվեն անցել է եւ մենք փաստորեն ունենք փոփոխված սահմանադրությունը, ես կրկնում եմ՝ մեր եւ մեր գործընկերների տեսակետով սա արդեն պարտականությունների մեջ է: Մենք չենք կարող սկսել մի գործընթաց եւ կիսատ թողնել: Որովհետեւ նույն խորհրդարանական ընտրություններին ընտրողները մեզ հարց կտան՝ ինչո՞ւ գործընթացը կիսատ թողնվեց: Ուրեմն սա ոչ թե ինչ-ինչ բաների արդարացում է, ինչպես դուք եք ասում, այլ բնական վիճակ է»: Լեւոն Մկրտչյանն այն կարծիքին է, որ աշխատանքը պետք է հասցնել կատարել հենց առաջիկա գարնանային նստաշրջանում, քանի որ աշնանային նստաշրջանում արդեն այլ կանոններ կլինեն. «Աշնանային նստաշրջանում յուրաքանչյուր անհատ պատգամավոր կսկսի լուծել իր խնդիրները, եւ, բնականաբար, առավել բարձր ՕԳԳ մենք կարող ենք ակնկալել հենց գարնանային նստաշրջանից»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել