Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հունվար 17,2006 00:00

Երաժիշտներ
Յուկա Ցուբոյն ու Սերգեյ Սմբատյանը կներկայանան նախ Հայաստանում, ապա արտերկրում
Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախմբի
եւ հունվարի 25-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երեւանի պետկոնսերվատորիայի
սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա Եվրոպայում ճանաչված ճապոնացի ջութակահարուհի
Յուկա Ցուբոյը: Ջութակահարուհին «Առավոտին» հայտնեց, որ երեւանյան համերգների
նախաձեռնությունը ջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող, միջազգային մրցույթների
դափնեկիր Սերգեյ Սմբատյանինն է: Ճապոնացի եւ հայ երիտասարդ արվեստագետները
ծանոթացել են անցյալ տարի՝ Վիեննայում, որտեղ Ս. Սմբատյանը վարպետության դասընթացների
էր մեկնել ճանաչված պրոֆեսոր Զախար Բրոնի մոտ: Տեղեկացնենք, որ Յ. Ցուբոյը պրոֆեսորի
ասիստենտն է եւ մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր: Ճապոնացի ջութակահարուհին
1999-ին Լոնդոնում արժանացել է հայազգի մեծահամբավ դասախոս Մանուկ Փառիկյանի մրցանակին,
որի անունը, ցավոք, հայաստանցի արվեստագետներից քչերին է հայտնի: «Երբ սովորում
էի Անգլիայում՝ Մենուհինի դպրոցում, առաջինը ծանոթացա հայաստանցի տաղանդավոր երաժիշտներ,
թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին, ջութակահարուհի Մարինե Բոխյանին, թեեւ մինչ
այդ ծանոթ էի Եվրոպայում ծնված եւ հայաստանցի երաժիշտներին: Նկատել եմ մի հետաքրքիր
բան. ինչ ստեղծագործություն էլ որ մեկնաբանում եք հայերդ, այդ թվում եւ այլազգի ստեղծագործողի,
տարօրինակ կերպով թափանցում եք տվյալ երկի հոգու մեջ: Ինքս ինձ համար գտել եմ դրա
գաղտնիքը. դուք աննկարագրելի ջերմ ու մարդամոտ ժողովուրդ եք»,- նշեց ջութակահարուհին:
Ս. Սմբատյանի խոսքը կարծես կոլեգայի ասածի շարունակությունը լիներ. «Մենք
հաճախ գնահատելով այս կամ այն երաժշտին, մոռանում ենք մի կարեւոր հանգամանք, այն
է՝ պարզապես լավ մարդ լինելը: Իսկ Յուկան ոչ միայն վիրտուոզ ջութակահարուհի է, այլեւ
բարի ու անմիջական մարդ: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Առաջիկայում
ես նրան կներկայացնեմ հայ ստեղծագործողների երկեր, որոնց Յուկան առայժմ ծանոթ է CD-ների
միջոցով: Կարծում եմ, թե Հայաստանում եւ թե Եվրոպայում նա հանդես կգա հայ կոմպոզիտորների
երկերի մեկնաբանմամբ: Համագործակցության շրջանակներում որոշված է համատեղ համերգներ
արտերկրում, ինչպես նաեւ CD-ների թողարկում: Եթե ժամանակը բավականացնի, նա այս օրերին
Երեւանի կոնսերվատորիայում վարպետության դասընթացներ կանցկացնի»: Ս. Սմբատյանին
հայ երաժշտասերները ծանոթ են իբրեւ ջութակահարի, իսկ Կամերային երաժշտության տանը
կայանալիք համերգին նրան կհանդիպեն նոր կարգավիճակով՝ կոնսերվատորիայում վերջերս
ստեղծված նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ: Տեղեկացնենք, որ երիտասարդ արվեստագետը
միաժամանակ ուսանում է ջութակահար, պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի եւ դիրիժոր, պրոֆեսոր
Յուրի Դավթյանի դասարաններում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել