Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեկան հիվանդ «հանելը» ձեռնտու է

Հունվար 17,2006 00:00

Առողջապահության նախարարությունում
պետպատվերով հիվանդներին «գլխառադ» անելու ձեւը գտել են: Արդեն
տասը տարի է՝ քիք-բոքսինգի երբեմնի մարզիչ Վարուժան Փարեմուզյանը հիվանդանոցի դռներն
է ընկած, սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողանում ախտորոշել Վարուժանի հիվանդությունը:
Նա օրեցօր հյուծվում է, նյութափոխանակությունը խանգարված է, պարբերաբար դող եւ փսխումներ
է ունենում, ինչը բժիշկներին հիմք է տվել հիվանդից գլուխներն ազատելու համար առանց
նրա բուն հիվանդությունը պարզելու՝ հաշմանդամության երկրորդ կարգ տալ: «Առավոտն»
իր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել է այս խնդրին, ինչին ի պատասխան՝
առողջապահության նախարարությունից հավաստիացրին, թե Վարուժանը ոչ մի հիվանդություն
էլ չունի, նա պարզապես հոգեկան հիվանդ է. «Նախարարությունն իր համար դարձել է աշխատավայր,
առավոտից իրիկուն ստեղ ա: Մենք ամեն անգամ անվտանգության աշխատողներին ենք կանչում,
որ իրան մի կերպ նախարարությունից դուրս անեն»,- Վարուժանի անունը լսելով՝ «Առավոտին»
ասաց նախարարի խորհրդական Ռուսլաննա Գեւորգյանը: Վարուժանի պատմելով էլ՝ նախարարության
անվտանգության աշխատողներն իր հետ վերաբերվում են ամենավերջին հանցագործի պես եւ
նույնիսկ թույլ չեն տալիս տեղեկատվական կենտրոն մտնել՝ համապատասխան բաժնի հետ կապվելու
համար: Նախարարության որակումը, թե Վարուժանը հոգեկան հիվանդ է, բոլորովին էլ պատահական
չէ: Բժիշկների համար նա անցանկալի հաճախորդ է, քանի որ հաշմանդամության կարգ ունի
եւ պետք է ախտորոշվի, բուժվի պետպատվերի շրջանակներում: Վերջին անգամ Զեյթունի
հակատուբերկուլյոզային դիսպանսերում Վարուժանին մաշկի տուբերկուլյոզի կասկածանքով
ուղեգրել են Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր, որտեղ էլ միայն հարցազրույցով
տուբերկուլյոզով հիվանդ լինելը հերքել են: Այս հիվանդության բուժումը եւս պետպատվերի
ցանկում է եւ բուժման մեկ կուրսը բավականին թանկ արժե: Այն, որ Վարուժանին
հաշմանդամության կարգ են տվել, արդեն իսկ վկայում է այն մասին, որ նա, այնուամենայնիվ,
ինչ-որ հիվանդություն ունի: Հոգեկան հիվանդ լինելու փաստը հերքել են «Սթրես» կենտրոնում՝
արձանագրելով միայն նեւրոզ վիճակ: Կենտրոնի հոգեբույժները Վարուժանին վստահեցրել
են, որ ինքը ոչ մի հոգեկան հիվանդություն էլ չունի, պարզապես ագրեսիվ է ու նյարդային,
իսկ սեւ զանգվածով փսխումներն էլ հոգեկանի հետ ոչ մի կապ չունեն: Ի դեպ, մոտ
երկու ամիս է՝ Վարուժանն իր խնդրի հետ կապված այցելում է խմբագրություն եւ բոլորովին
էլ հոգեկան հիվանդի տպավորություն չի թողնում: Անզեն աչքով էլ երեւում է, որ նա ֆիզիկապես
հիվանդ է: Իր հիվանդության պատճառով նա 70-80 կգ-ից վերջին տասը տարիների ընթացքում
մաշվել է, դարձել 45 կգ, իսկ առողջապահության նախարարությունը «գլխառադ» անելու համար
նրան համառորեն ուզում է ուղարկել Աղի հանքի հոգեբուժարան: Հ.
Ջ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել