Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2005-Ը ԿԱՊԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂ ԷՐ

Հունվար 17,2006 00:00

Համենայնդեպս,
այդ մասին են վկայում համակարգի ցուցանիշները Երեկ կառավարությունում
մի քանի գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում՝ տրանսպորտի եւ կապի նախարար
Անդրանիկ Մանուկյանը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը: Նկատենք, որ նախորդ
տարին Հայաստանի համար կարեւորվեց նրանով, որ բջջային կապի ոլորտում մենաշնորհը վերացվեց.
Հայաստան մուտք գործեց բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլը», եւ ստեղծված
մրցակցությունը բջջային կապի որակը նկատելիորեն բարելավեց: Բջջային կապի սակագները
զգալիորեն նվազեցին, եւ ծառայություններից օգտվողների քանակը մեծացավ: Այնուամենայնիվ,
տարեվերջին «ԱրմենՏելը» կառավարությանը սակագների բարձրացման փաթեթ էր ներկայացրել,
ինչը ժողովրդի դժգոհությունն էր առաջացրել: «ԱրմենՏելը» մտադիր էր լարային հեռախոսակապի
բաժանորդներին հասանելիք անվճար 360 րոպեն մինչեւ 2009 թ. դարձնել 120 րոպե, իսկ
այս տարվա հունվարի մեկից էլ ամսավճարը 900 դրամի փոխարեն գանձել 1400 դրամ: «ԱրմենՏելը»
նախատեսել էր նաեւ 550 րոպեով կրճատել այն խոսելաժամանակը, որի համար վճարում ենք
4 դրամ: Փաթեթում ընկերությունը առաջարկել էր նաեւ 4 դրամանոց րոպեավճարը տարեցտարի
հասցնել 12 դրամի: Սակայն տրանսպորտի եւ կապի նախարարության հետ բանակցությունների
արդյունքում սակագներն էապես չբարձրացան: Տարվա ձեռքբերումներից կարելի է համարել
նաեւ այն, որ լուծվեց ինտերնետ պրովայդերների խնդիրը: Հիշեցնենք, որ վերջիններս պարբերաբար
բողոքում էին, որ «ԱրմենՏելի» կապուղիների միջոցով մատակարարվող ինտերնետ հասանելիության
ծառայությունները անորակ են եւ չեն ապահովում երկրի տեղեկատվական անվտանգությունը՝
լրջորեն խոչընդոտելով երկրի գերակա ոլորտի՝ տեխնոլոգիաների զարգացմանը: Սակայն այսօր
ինտերնետ պրովայդերները հնարավորություն են ստացել տեղադրել իրենց սեփական արբանյակային
անտենաները եւ ինտերնետ ստանալ իրենց ընտրած միջազգային ինտերնետ ծառայություն մատուցողից՝
իրենց ընտրած արբանյակի միջոցով՝ առանց «ԱրմենՏելի» միջնորդության: Կապի եւ հեռահաղորդակցության
բնագավառում այլ ձեռքբերումներ էլ են արձանագրվել: Բարելավվել եւ ընդլայնվել է ինչպես
հայկական, այնպես էլ արտասահմանյան հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը: Ապահովվել
է նաեւ հայկական հեռուստածրագրերի արբանյակային հեռարձակումը երկրագնդի հայաշատ վայրերում:
Նախարարության համակարգի ընդհանուր ցուցանիշներից ելնելով՝ համակարգում գործող
ընկերությունները կատարած աշխատանքների եւ մատուցած ծառայությունների դիմաց ընդհանուր
առմամբ ստացել են 18024,3 մլն դրամի եկամուտ, այդ թվում՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում
այն կազմել է 9557,6 մլն դրամ, ճանապարհաշինական ընկերություններում՝ 361,6 մլն դրամ,
կապի ոլորտի ընկերություններում՝ 7608,1 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս
ընկերությունների շահույթն աճել է 86,5 %-ով: Շահույթի ավելացմանը զուգահեռ, նախարարության
համակարգի ընկերությունները նախորդ տարի պետբյուջե 2 մլրդ դրամ հարկ են վճարել: Ավելացել
է նաեւ ինչպես բեռնափոխադրումների ծավալը, այնպես էլ բեռնաշրջանառությունը. նախորդ
տարվա համեմատությամբ հանրապետությունից դուրս 22,7 %-ով ավելի բեռներ են առաքվել:
Հատկանշական է նաեւ այն, որ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն կատարել է 16,5 կմ երկաթգծի
հիմնարար նորոգում: Ընթացիկ վերանորոգման շրջանակներում փոխվել են 22,1 կմ ռելսեր,
հիմնարար նորոգման են ենթարկվել 320 բեռնատար եւ 28 ուղեւորատար վագոններ: Նախարարությունը
չի անտեսել նաեւ իր աշխատակիցներին՝ բարելավելով նրանց սոցիալական վիճակը. միջին
ամսական աշխատավարձը 4,5 %-ով աճել է՝ կազմելով մոտ 45 հազար դրամ: Ելնելով
այն հանգամանքից, որ Հայաստանի տարածքում բեռնափոխադրումների ոլորտի նկատմամբ պետական
վերահսկողությունն իրականացվում է միայն հարկային պարտավորությունների կատարման առումով,
նախարարության կազմում գործող ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից կազմակերպվել են
Հարկային պետական ծառայության եւ ոստիկանության պետավտոտեսչության հետ համատեղ ստուգայցեր,
որոնց արդյունքում նկատելիորեն կրճատվել են անօրինական բեռնափոխադրումները: ԳԵՎՈՐԳ
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել