Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնուրույնը եւ ոչ ինքնուրույնը

Հունվար 17,2006 00:00

Ինքնուրույնը
եւ ոչ ինքնուրույնը Թբիլիսին մտադիր է ակտիվ մասնակցություն
ունենալ Եվրասիական նոր գազային ռազմավարության մշակման գործում: Այս մասին
երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ մատուցած համատեղ մամլո ասուլիսի
ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին: Նա նկատել տվեց, որ Մոսկվայի
ու Կիեւի հարաբերություններում առաջացած գազային ճգնաժամից հետո «Եվրոպայում եւ ԱՄՆ-ում
սկսեցին ավելի ակտիվ մտածել այնպիսի ռազմավարության մշակման ուղղությամբ, ինչը կբացառեր
այսօրվա կախվածությունը մի երկրի մենաշնորհային դիրքից»: Ըստ Վրաստանի ԱԳ ղեկավարի,
Թբիլիսին մտադիր է դիվերսիֆիկացնել գազամատակարարման աղբյուրները եւ օգտագործել Իրանից,
Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայի երկրներից գազի ներկրման բոլոր հնարավոր տարբերակները:
«Այսօր մենք էներգակիրների մատակարարման առումով դեռեւս կախված ենք Ռուսաստանից,
սակայն մի քանի տարի անց այս իրավիճակը կենթարկվի լուրջ փոփոխությունների»,- հայտարարեց
Բեժուաշվիլին, հավելելով՝ «այդուհանդերձ, մենք պատրաստ ենք վճարել այդ գինը ինքնուրույն
քաղաքականություն վարելու մեր իրավունքի դիմաց»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝
Վրաստանի ԱԳ ղեկավարը չբացառեց, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցման ավարտից հետո
Թբիլիսին կդիտարկի նաեւ ՀՀ տարածքով իրանական գազի ներկրման հնարավորությունները:
Մինչդեռ Վարդան Օսկանյանը շատ հեռու էր ինքնուրույն քաղաքականություն վարելու
մտքից: Նա նշեց, թե ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը չպետք է լուրջ շեղումների
հանգեցնի Ռուսաստան-ՀՀ ռազմավարական հարաբերություններում, հաշվի առնելով «անվտանգության
եւ մեր ֆիզիկական պաշտպանության հարցերը»: Չնայած այդ հանգամանքին, Օսկանյանը, այնուամենայնիվ,
իր մեջ ուժ գտավ ասելու հետեւյալը. «Վրաստանը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու
իր մտադրության մասին. մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին, քանզի կարծում
ենք, որ այդ փորձը կարող է հետաքրքիր լինել ողջ տարածաշրջանի համար»: Անդրադառնալով
Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը վերաբերող հարցին՝ Բեժուաշվիլին ասաց, որ Թբիլիսին
«երբեք չի հետապնդել եւ չի հետապնդում Հայաստանը մեկուսացնելու նպատակ», բայց եւ
«նոր տրանսպորտային ուղիների բացումը հանդիսանում է Վրաստանի՝ որպես տարանցիկ պետություն,
զարգացման բաղադրիչներից մեկը»: Իր հերթին Օսկանյանը նշեց, որ իր վրաց գործընկերոջը
կրկին ներկայացրել է ՀՀ այն դիրքորոշումը, ըստ որի՝ քաղաքական պատճառներով չգործող
Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը առավել արդյունավետ է, քան նոր երկաթուղու շինարարության
համար մեծ միջոցների հատկացումը: «Ուժի մեջ է մեր այն առաջարկը, ըստ որի՝ մենք պատրաստակամ
ենք Կարս-Գյումրի երկաթգիծը չծառայեցնել սեփական բեռների փոխադրմանը եւ նույնիսկ
որոշ ժամանակ գումար չպահանջել թուրքական եւ վրացական բեռների տարանցման համար»,-
ասաց Օսկանյանը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել