Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՏՈՒՄ ԷԼ ՉԿԱ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՏԵՍՆԵԼ ԱՆԿԱԽ
ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Հունվար 17,2006 00:00

Ասում
է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Երեկ Լարիսա
Ալավերդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում հատուկ
ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային՝ վերջինիս խնդրանքով: Տիկին Ուրումովային հետաքրքրել
են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության շուրջ ծավալված վերջին զարգացումները,
նաեւ նոր Պաշտպանի թեկնածուների առաջադրման եւ ընտրության օրենսդրական հիմքերը: Իսկ
նոր զարգացումներ, տիկին Ալավերդյանի տեղեկացմամբ, իրոք կան: Եվ մասնավորապես՝ մինչ
երեկ էլ Պաշտպանի աշխատակազմին չի տրամադրվել կառավարության հունվարի 12-ին կայացրած
որոշումը՝ ըստ որի կասեցվել է «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական
հիմնարկի գործունեությունը, եւ աշխատողները համարվել են ոչ իրենց մեղքով պարապուրդում
գտնվողներ: «Մենք շատ «հետաքրքիր» եւ անհասկանալի վիճակում ենք,- ասաց Լարիսա Ալավերդյանը:-
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած
հաղորդագրությունից ենք միայն ստացել այդ որոշման մասին տեղեկությունը: Աշխատակազմից
ոչ մեկը դեռ չի տեսել այդ փաստաթղթի տեքստը, որեւէ մեկը չունի պատճենը: Ժամանակավոր
հանձնաժողովի ղեկավար Առուշան Հակոբյանը հրաժարվել է անգամ պատճենման համար տրամադրել
այդ որոշումը: Ուստի չգիտենք, թե երբ է ուժի մեջ մտնում այն, եւ այլն: Այս առումով՝
սա արդեն ոչ թե իրավական դաշտում մարտահրավեր է, այլ ուղղակի քաղաքակրթակա՛ն: Այսպես
չենք կարող խոսել իրավական պետություն կայացնելու մասին: Այնուամենայնիվ՝ հարկ է,
որ իշխանությունները վերականգնեն այս հաստատության հանդեպ դրսեւորվող վերաբերմունքում
կարգուկանոնը»: Շաբաթ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «168 ժամ» թերթին
տված հարցազրույցում ի վերջո բացահայտեց, թե ինչու են դժգոհ Լարիսա Ալավերդյանից.
«Ուղղակի նա իր սեփական պրիզմայով էր մեկնաբանում իր իրավունքներն ու մյուսների պարտավորությունները:
Եթե օրենքում ոչ հստակ ձեւակերպումներ կային, ապա նա իր ձեւով էր այն մեկնաբանում,
որն այնքան էլ չէր համապատասխանում իրողությանը: Նրա քայլերը դուրս էին իր գործունեության
ոլորտից: Մենք մեծ տարաձայնություններ չունեինք, բայց նա ոչ թե որպես օմբուդսմեն
էր ներկայացնում խնդիրները, այլ իր կարծիքն էր ներկայացնում»: Մեր հարցին, թե իր
կարծիքով ո՞ր դեպքերում է նա իր գործունեության շրջանակներից դուրս քայլեր արել՝
գերազանցելով սեփական լիազորությունները՝ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը պատասխանեց.
«Կարծում եմ, խոսքը մասնավորապես կառավարության այն որոշումների մասին է, որոնցով
բազմաթիվ մարդիկ զրկվեցին իրենց սեփականությունից, եւ ոչ թե համարժեք փոխհատուցում
ստացան, ինչը հստակ պահանջում էր Սահմանադրությունը, այլ ուղղակի ձեւակերպվեցին չհամաձայնեցված
գներով առուվաճառքի պայմանագրեր»: Սահմանադրության մեջ հանուն պետական շահերի սեփականության
օտարմանը վերաբերող դրույթը ենթարկվեց փոփոխության: Լարիսա Ալավերդյանն ընդգծեց,
որ ինքը գործում էր «եղած օրենսդրության սահմաններում»: Եվ առնվազն արդար չէ այժմ
Սահմանադրության փոփոխություններից հետո հայտարարելը, թե Պաշտպանը գործում էր ոչ
սեփական լիազորությունների շրջանակում եւ օրենքի սեփական մեկնաբանություններով: «Այս
առումով՝ ցույց են տալիս, որ բոլորովի՜ն՝ ո՛չ ի սկզբանե, ո՛չ էլ մինչ այսօր չեն պատկերացնում,
թե ինչ է իրենից ներկայացնում Պաշտպանի ինստիտուտը,- ասաց Լարիսա Ալավերդյանը:- Երեւի
պատկերացնում են, թե Պաշտպանը պիտի իշխանության ու գործող համակարգի դիրքորոշումները
հիմք ընդունելով՝ մերժե՞ր իրենց իրավունքների ոտնահարման փաստերի առնչությամբ դիմող
մարդկանց: Եվ, ցավոք, միտում էլ չկա Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը
տեսնել իբրեւ իրակա՛ն, գործո՛ղ, իշխանական համակարգից դուրս գտնվող, պետական որեւէ
մարմնի չենթարկվող, ինքնուրույն ու անկախ մի կառույց: Ահա այս մասին է վկայում վարչապետի
գնահատականը: Եվ ուշադրություն դարձրեք, որ ինքն իրեն հակասել է՝ նաեւ ասելով, թե
չունեինք մեծ տարաձայնություններ: Սա նաեւ նշանակում է, թե իշխանությունների պատվերը
չի կատարվել Մարդու իրավունքների առաջին պաշտպանի կողմից: Հայաստանում շատ դժվարությամբ,
բայց այնուամենայնիվ՝ իրական գործընթաց էր սկսվել այս հաստատության թե՛ կայացման,
թե՛ մարդու իրավունքների պաշտպանության առումով»: Վարչապետը նաեւ հաստատել
էր, թե կոալիցիան Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու է Կառավարման
ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Փորձեցինք պարզել Լարիսա
Ալավերդյանի գնահատականը՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կշահի՞,
եթե այն գլխավորի ոչ թե իրավապաշտպան, այլ իրավագետ. «Չանձնավորելով՝ կցանկանայի
նշել, որ Արմեն Հարությունյանը հասարակությանը հայտնի է որպես երկրի նախագահի կարծիքն
ու մոտեցումներն անմիջականորեն ներկայացնող: Սա գնահատական չէ՝ ոչ լավ, ոչ էլ վատ:
Սա պատկեր է: Նաեւ պետք է նշեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության գործնական
ոլորտում Արմեն Հարությունյանը հայտնի չէ: Միայն սա կարող եմ իմ կողմից նշել որպես
թերություն այս թեկնածուի պարագայում: Իսկ մնացածը, որ նա լավ պատկերացում կունենա
եւ լավ կհասկանա տեսական կողմը… փորձը ցույց է տվել, որ դա չէ որոշիչը Մարդու իրավունքների
պաշտպանի համար: Սա անհրաժեշտ, բայց բոլորովին ոչ բավարար պայման է»: Առաջին
պաշտպանը մեր իրականությունը հաշվի առնելով՝ կարեւորեց, թե որպեսզի Մարդու իրավունքների
պաշտպանն իրավամբ ներկայացնի հանրության եւ հասարակական շահերը, եւ նրա թեկնածության
առաջադրումը չուղեկցվի անընդհատ եւ տեւական ասեկոսեներով՝ պետք է մշակվի ինչ-որ ձեւ,
ըստ որի՝ այն անձանց թեկնածությունները, որոնք առաջադրվելու են ԱԺ պատգամավորների
1/5-րդի կողմից, քննարկվեն նաեւ ավելի լայն շրջանակներում, եւ հնարավորինս հաշվի
առնվի հասարակական կարծիքը: «Ցավոք, դա տեղի չի ունեցել նաեւ իմ նշանակման դեպքում.
եւ դա նշվել է թե՛ իմ կողմից, թե՛ հանրության՝ որպես թերություն թեկնածուի առաջադրման
գործընթացում,- ասաց տիկին Ալավերդյանը:- Բայց եթե իմ դեպքում էր տարակուսանք արտահայտվում,
որ նշանակվել է ղարաբաղցի՝ այս դեպքում էլ, կարծում եմ, այն հանգամանքը, որ պրն Հարությունյանն
արտահայտել է նախագահի կարծիքը, անշուշտ, կկանխորոշի, որ արձագանքի առաջին ալիքը
լինի անհամաձայնությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել