Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գլոբալիզացիան

Հունվար 14,2006 00:00

«Գլոբալիզացիան մեզ ուտում է» Շուտով ինտերնետը կխոսի նաեւ հայերեն Ճարտարագիտական համալսարանում գործող «Մեքենայական թարգմանության եւ կոմպյուտերային համակարգերի հայերենացման» գիտական լաբորատորիան աննախադեպ աշխատանք է կատարել։ Արդեն գարնանը մենք կունենանք on-line թարգմանիչ՝ հայերենից անգլերեն եւ անգլերենից հայերեն։ Ի դեպ, աշխարհում միայն ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով կան նման թարգմանիչներ։ ԱՊՀ ոչ մի երկիր թարգմանիչ չունի։ Ավելի ուշ մենք կունենանք նաեւ հայերեն ինտերնետ. բացելով ցանկացած արտասահմանյան կայք՝ հատուկ ծրագիրն անմիջապես այն կթարգմանի հայերեն ու կմատուցի մեզ: 2003-ին լաբորատորիայի աշխատակազմը մասնակցեց հայ-անգլերեն թարգմանչական համակարգերի մշակման համար հայտարարված մրցույթին, որը կազմակերպել էին Բաց հասարակության ինստիտուտի երեւանյան մասնաճյուղն ու Եվրասիա հիմնադրամը, եւ շահեց մրցույթը: 2004-ի հունվարից լրացուցիչ ֆինանսավորման առկայությունը խթանեց թարգմանչի մշակման աշխատանքները, որ սկսվել էին դեռ 2000-ին: Այսօր արդեն հիսուն հազար բառի սահմաններում գործող թարգմանչի առաջին աշխատանքային տարբերակը ստեղծված է: Իհարկե, սա դեռեւս on-line թարգմանչական համակարգի փորձնական՝ բետա տարբերակն է: Այդ պատճառով դեռեւս չի հրապարակվում կայքի անվանումը: Հնարավոր է նաեւ, որ այս ծառայությունը միառժամանակ մատչելի չլինի, որովհետեւ համակարգը գտնվում է պարբերական փորձարկումների եւ թարմացումների պրոցեսում: Գիտական լաբորատորիան ղեկավարում է Էդուարդ Մանուկյանը: Այսօր լաբորատորիայում նա աշխատում է իր ուսանողների հետ, որոնք, կարելի է ասել, հիմնականում էնտուզիազմով են դա անում: Հետագա աշխատանքների համար ֆինանսական միջոցներ են պետք, որ դեռ չկան: «Վարչապետն էլ տեսնում է, որ արդյունք կա, խոստացել է աջակցել»,- հույս է հայտնում Է. Մանուկյանը։ Իսկ ի՞նչը մղեց նրան լծվել այս աշխատանքին: «Մինչեւ 1988 թվականը ո՛ր հիմնարկը մտնում էիր, ասում էին «զդրաստվույտե», ամբողջ գրագրությունը ռուսերեն էր արվում, ով հայերեն էր խոսում՝ համարվում էր տգետ, ոչ ինտելիգենտ։ Մի առիթով ծանոթներիցս մեկը «բեդնի մալչիկ» անվանեց որդուս, երբ իմացավ, որ հայկական դպրոցում է սովորում: Ռուսիզմը մեզ կլանել էր։ Հիմա էլ ավելի վատ ձեւով գնում ենք դեպի անգլիացում։ Հիմա ինտերները խեղդում է, ամբողջ ինֆորմացիան գալիս է անգլերեն, գլոբալիզացիան մեզ ուտում է։ Հիմա պետք է ամեն ինչ հայերենացնել: Դա պետք է սկսել էկրանի հայերենացումից։ Windows 98-ը մենք արդեն հայերենացրել ենք։ Բոլոր հրամանները պետք է գան հայերեն: Եվրասիայի, Սորոսի օգնությամբ որոշ գործեր արեցինք, այս տարի եւս խոստացել են ֆինանսավորել»։ Է. Մանուկյանի տեղեկացմամբ, ԳԱԱ-ն եւս մինչեւ հիմա փորձել է ինչ-որ թարգմանական ծրագրեր ներկայացել, բայց դեռ հաջողության չի հասնում։ «Փոխարենը մենք մեծ աշխատանք ենք տարել: Ծրագիրը նախ մարդու պես պետք է հասկանա գրվածը, հետո թարգմանի: Ընդ որում՝ պետք է հասկանա շարադասությունը, քերականությունը, մի խոսքով՝ գրածիդ ողջ իմաստը, որպեսզի մեխանիկական թարգմանություն չստացվի»։ Թարգմանման կազմակերպման ռազմավարությունը հիմնված է արհեստական բանականության համակարգերին բնորոշ մեթոդների օգտագործման վրա: Աշխատանքների հաջողության գրավական է հանդիսացել նախորդ քսան տարիների ընթացքում համակարգը մշակող աշխատակազմի հիմնական անդամների արհեստական բանականության համակարգերի մշակման ուղղությամբ ունեցած տեսական եւ գործնական մեծ փորձը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել