Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ

Հունվար 14,2006 00:00

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ՉԻ ՀԱՆՎԻ Երեկ տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Հոգաբարձուների խորհրդի նիստը: Խորհրդի անդամ բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա էին միայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Մինչդեռ խորհրդի անդամ են նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզպետները: ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը ամփոփեց 2005 թ. գործունեությունը: Խորհրդի նիստում հարց բարձրացվեց բուհի Վանաձորի եւ Գյումրիի դասախոսների աշխատավարձը հավասարեցնել մայրաքաղաքի դասախոսների աշխատավարձին: Վարչապետը առաջարկեց ավելացումը կատարել ոչ թե բյուջեի, այլ բուհի արտաբյուջետային միջոցների հաշվին: Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է գիտության ոլորտի կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների տված եզրակացության մասին, որտեղ ըստ էության ասպիրանտուրան հանվում է: (Փորձագետների կարծիքով, ասպիրանտուրան այսօր միայն բանակից ազատելու ֆունկցիա է կատարում եւ ոչ թե գիտնական է պատրաստում. բնականաբար սա էլ իր մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում): Մեր հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ցանկացած եզրակացություն պարտադիր չէ, որ կառավարությունը հաշվի առնի, բայց կքննարկենք, կտեսնենք՝ որ մասը նպատակահարմար կգտնենք օգտագործել, որ մասը՝ ոչ: Ասպիրանտուրան չենք կարող վերացնել, պարզապես հարկավոր է ասպիրանտների ինստիտուտը ավելի մոտեցնել մեր այսօրվա խնդիրներին: Պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ պետպատվերով ընդունվող ասպիրանտները այսուհետեւ պետք է պայմանագիր կնքեն պետության հետ, որպեսզի ավարտելուց հետո երեք տարի պարտադիր աշխատեն նույն կամ մեկ այլ բուհում: Թե չէ այսօր պետությունը միջոցներ է ծախսում, ասպիրանտներ է պատրաստում, հետո նրանք տեղափոխվում են այլ աշխատանքի: Իհարկե, մենք չենք սահմանափակում այլ աշխատանքի տեղափոխվելը, բայց այդ դեպքում իրենք պետք է վճարովի սովորեն»: Ասպիրանտուրան չի վերացվի, բայց ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունում տեղ գտած 40 ինստիտուտների օպտիմալացմանը պարոն Մարգարյանը դեմ չէ: (Փաստորեն, հերքվեց նաեւ որոշ գիտնականների այն կարծիքը, թե կառավարությունը սառեցրել է ՄԱԿ-ի եզրակացության քննարկումը եւ շուտով միայն ԳԱԱ-ի ներկայացրած բարեփոխումների փաթեթն է քննարկելու): Սա լինելու է կառավարության առաջիկա խնդիրներից մեկը՝ տարիքն առած ռեկտորների հարցը լուծելուց հետո: Հայտնի է, որ վերջիններիս հիմնական մասը ռեկտորի պաշտոններից անցան բուհական խորհուրդների նախագահների պաշտոնին: Հարցին, թե որքանով է բուհերի ինքնուրույնությանը եւ ինքնակառավարմանը նպաստում այն, որ Լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, վարչապետը պատասխանեց. «Կառավարման խորհրդի գիտական մասը թողնված է գիտխորհրդին, մեծ խորհրդին, ցանկացած խորհուրդ կարող է բուհը կազմավորել: Բայց ուղղությունները պետք է լինեն այնպես, որ հիմնադիրը, որը պետությունն է, կարողանա վերահսկել այն ուղղությունները, ստրատեգիան, որն ինքը որոշել է: Կառավարման խորհրդում մեծամասնությունը բուհի ներկայացուցիչներ են, դասախոսները կազմում են ավելի շատ տոկոս, քան մնացածը, եւ եթե իրենք բուհի ինքնակառավարմանը վերաբերող որոշ խնդիրներ որոշեն, ապա դա ապահովում են: Իսկ ինքնակառավարումը ապահովված է օրենքով, չեն կարող օրենքից շեղվել»: Հիշեցնենք, որ բուհի խորհուրդը կազմված է 50 ներսից (պրոֆեսորադասախոսական կազմ եւ ուսանողներ) եւ 50 դրսից (ԿԳՆ եւ կառավարություն) մասնաբաժիններից: Միայն 4 բուհի դեպքում է ԿԳՆ-ն բուհերին զիջել իր մասնաբաժնի կեսը: Երեկվա նիստում որոշվեց, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի անվան կողքին այսուհետեւ փակագծերում կավելանա նաեւ Պոլիտեխնիկ բառը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել