Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ե՞րբ

Հունվար 14,2006 00:00

Ե՞րբ կարելի է խլել գնված դոմեյնը Այսուհետեւ am տիրույթում կարելի է գրանցել ցանկացած դոմեյն (այսպես ասած՝ կայքի անվանում), որի վաճառքը նախկինում մերժվում էր, եթե դա աշխարհագրական անուն էր, ընդհանուր տերմին, որեւէ երկրի ինտերնետային կոդ, հայտնի հապավում կամ էլ ընդհանուր անուն: «Ինտերնետ միության» նախագահ Իգոր Մկրտումյանի հավաստմամբ՝ մերժման պատճառ հանդիսացող նման պայմանականություններ այսօր այլեւս չկան: am տիրույթն ամբողջությամբ բաց է: Բայց՝ ոչ այնքան ապահովագրված։ Իհարկե, դոմեյնները պետք է վաճառվեն ու օգտագործվեն, սակայն ոչ նախկինում, ոչ էլ հիմա չի եղել ու չկա հստակ քաղաքականություն դոմեյնների տրամադրման հարցում: Իհարկե, դոմեյնների հարցն այսօր այդքան էլ սուր չի դրված: Հայկական Ինտերնետը համեմատաբար շատ ավելի լուրջ խնդիրներ ունի՝ am տիրույթում գերակշռում է օտար լեզվով բովանդակությունը, չկան հայերեն որոնման համակարգեր: Սակայն այս ամենը փոխկապակցված է, քանի որ այս խնդիրների առկայության պատճառով հայերը շատ դեպքերում նախընտրում են կայքեր ունենալ ru եւ com տիրույթներում, որովհետեւ դրանք ավելի հասանելի են աշխարհում, քան am տիրույթը: Չկան հատուկ առավելություններ, որոնք կգրավեն am տիրույթում դոմեյններ սպառողներին: Պետությունը նույնիսկ հետաքրքրություն չի ցուցաբերում այս հարցերում, եւ մնում է հույս դնել միայն առանձին անձանց ու կազմակերպությունների բարեխղճության եւ նախաձեռնությունների վրա: 10 տարվա ընթացքում am տիրույթում գրանցվել է 4000 դոմեյն: Ինտերնետային դոմեյնների գրանցումն իրականացվում է օնլայն՝ www.amnic.net ինտերնետային կայքի միջոցով: Գրանցման համար դիմողն էլեկտրոնային էջում ընտրում է նախընտրած դոմեյնը, նշում գրանցումն անցկացնող ընկերություններից որեւէ մեկի անվանունը եւ լրացնում համապատասխան թերթիկ: Հետո այցելում տվյալ ընկերություն եւ կնքում նախապես փոստով ստացած պայմանագիրը: Այնուհետեւ, քանի դեռ վճարվում է դոմեյնի համար տարեկան սահմանված գումարը, տվյալ դոմեյնը պատկանում է պայմանագիր կնքած անհատին կամ ընկերությանը: Իսկ տարեկան վճարի փոփոխության դեպքում անհատը կամ ընկերությունը վճարում է այն գումարի չափը, որը նշված է պայմանագրում: Գումարը չվճարելու դեպքում դոմեյնը համարվում է ազատ եւ վերադարձվում ընդհանուր դաշտ: Դոմեյնի տնօրինողը ամեն տարի վճարում է 26 ԱՄՆ դոլար: Նշենք, որ com, org տիրույթներում դոմեյն ունենալու տարեկան վարձը 5-10 դոլար է: am տիրույթի ղեկավարման իրավունքը պատկանում է «Ինտերնետ միությանը»: Սակայն միությունը չի վերահսկում կայքի բովանդակությունը եւ իրավունք չունի ետ վերցնել վաճառված դոմեյնը: Այս դեպքում ինչպե՞ս վարվել այն իրավիճակում, երբ դոմեյնը վաճառվել է, իսկ հետագայում պարզվում է, որ այն ինչ-որ ապրանքանիշի անվանում է եւ ինչ-որ մեկի սեփականությունը: Կամ ի՞նչ անել, երբ հանկարծ պարզվի, որ վաճառված դոմեյնը շատ հարմար է որեւէ ազգային, պետական կամ հանրային նշանակության կայք անվանելու համար, սակայն այդ դոմեյնն արդեն զբաղեցված է: Այս մի հարցը միանշանակ պատասխան ունի. հավասար սկզբունքի համաձայն՝ ոչ մի պետական կառույց չի կարող յուրացնել արդեն գնված դոմեյն: Իսկ ապրանքանիշների՝ որպես սեփա կանություն օգտագործումը, պաշտպանությունը եւ գրանցման մեխանիզմները կարգավորում են «Ապրանքային եւ ծառայության նշանների» եւ «Ֆիրմային անվանումների» մասին օրենքներով: Օրենքի համաձայն՝ գրանցված ապրանքանիշը չի կարելի օգտագործել շահույթ ստանալու կամ վնասելու նպատակով: Իսկ կայքի միջոցով կարելի է անել եւ առաջինը, եւ երկրորդը: Հեղինակային իրավունքների համաշխարհային կազմակերպության առաջարկն այս հարցի վերաբերյալ հետեւյալն է. եթե ապրանքային նշանը չի օգտագործվում ի վնաս ապրանքանիշի սեփականատիրոջ կամ նրա անվան հաշվին շահույթ ստանալու համար, ապա այն կարող է լինել մեկ ուրիշի կայքի անվանումը: «Այս պայմանների առկայության դեպքում հնարավոր է, որ արտասահմանում, որտեղ կան նման հարցերի լուծման նախադեպեր, դատարանը ընդառաջի դոմեյնի սեփականատիրոջը: Մեր օրենքներում չկա որեւէ դրույթ ապրանքանիշը որպես դոմեյն օգտագործելու վերաբերյալ: Չեմ կարծում, որ մեր դատարանում հաշվի կառնեն այս պայմանները: Մեր օրենքում հստակ գրված է, որ ապրանքանիշի հետ կապված բոլոր իրավունքները պատկանում են սեփականատիրոջը: Եվ դոմեյն գրանցողը գուցե հետագայում խնդիրներ ունենա, եթե դա իր ապրանքանիշը չլինի»,- ասում է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Սանդուխչյանը: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ www.hetq.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել