Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշտից

Հունվար 14,2006 00:00

Դաշտից վերադառնալիս ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր՝ Սերժիկ Ավետիսյան) շարունակվում է Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում 2005-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած 29-ամյա Վահան Ռաշոյանի սպանության գործի քննությունը: Մեղադրանքը պաշտպանում է Մարատ Թադեւոսյանը, մեղադրյալի աթոռին նստած է 17-ամյա Վահագն Ալթունյանը, որը 2005-ի օգոստոսի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով ազատազրկվել է 8 տարի ժամանակով՝ մեղավոր ճանաչվելով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Անչափահասը սպանել էր Վ. Ռաշոյանին գերանդուց պատրաստած ինքնաշեն դանակով: Վահան Ռաշոյանի կյանքը փրկելու համար Չարենցավանի հիվանդանոցում աշխատեցին նաեւ Երեւանից մեկնած բժիշկները, սակայն չկարողացան: Իսկ սպանության մոտիվը նման էր գեղարվեստական գրականության տխուր սյուժեներից մեկին: Վ. Ռաշոյանը սիրել է 19-ամյա հարեւանուհուն՝ Ռուզաննա Բոզոյանին եւ մտադիր էր ամուսնանալ նրա հետ: Հարեւան Վ. Ալթունյանը համագյուղացիների մոտ գլուխ է գովում, թե ինքն էլ է սիրում աղջկան: Մեջ ենք բերում դռնբաց դատական նիստում վկա Հայկ Գեւորգյանի ցուցմունքից. «Մի օր Վահագն Ալթունյանն իրեն ասել է, թե ինքը գնում է Ռուզաննա Բոզոյանենց տուն ոչ թե նրանց օգնելու համար, այլ որ ինքը սիրում է Ռուզաննային, նա էլ է իրեն սիրում եւ երբեմն «ձեռք է գցում նրան»: Հայկ Գեւորգյանը ասվածը հաղորդում է Վահանին, որը եւ պահանջում է Վահագնից, որ այլեւս նման խոսակցություններ չլինեն եւ, ըստ գործի նյութերի, Վահագնը իբր ներողություն է խնդրում Ռուզանից: «Առավոտին» Ռաշոյանի եղբայրը՝ Վարդանն ասաց, որ եղբայրը իր սիրած աղջկա պատիվն է փորձել պաշտպանել եւ որ «հոգեբանական գրոհ են փորձում սկսել իրենց ընտանիքի հանդեպ՝ խեղաթյուրված փաստերով հասարակության արգահատանքը հարուցելով մեր նկատմամբ, բարոյական շանտաժի ենթարկելով մեզ»: Սակայն խոսակցությունները սրանով չեն ավարտվում: Ընդհակառակը, նախաքննության մարմինը փորձելով հավասարության նշան դնել զոհի եւ մարդասպանի միջեւ, պարզում է, թե «իբր Վահագնի նկատմամբ սիստեմատիկաբար իրականացվել են բռնություն, ծաղրուծանակի գործողություններ, ավելին՝ իբր հանգուցյալ Վահանը վեճի օրը ծեծել է Վահագնի ծնողներին»: Ռաշոյանների վարկածով, սակայն, դեպքի օրը Վահանը մասնակցել է հարազատներից մեկի մահվան 5-րդ տարելիցին, ապա դաշտ գնացել, խոտ հավաքել եւ վերադառնալիս փորձել է մտնել տուն, սակայն այդ պահին հարեւանի ռեպլիկների արդյունքում դարձել է վիճաբանության մասնակից: Ըստ Վահան Ռաշոյանի պաշտպան Անուշ Մխիթարյանի՝ 8 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է, իսկ ամբաստանյալի պաշտպան Սոս Գրիգորյանն էլ կասկածի տակ էր դրել Ռաշոյաններին որպես տուժող ներգրավելու հարցը: Վերաքննիչ բողոքում նա գրել էր. «Ի՞նչ տուժողների մասին է խոսքը, երբ նրանք իրենց բարեկամների եւ կռվի պատճառ դարձած Ռուզաննայի հարազատների հետ հարձակվել են իմ պաշտպանյալի ընտանիքի անդամների վրա, ի վերջո հասցրել են նրան, որ անչափահաս Վահագն Ալթունյանը ստիպված միջամտել է կռվին, դիմել դանակի օգնությանը»: Ուշագրավ է, որ դանակի կիրառման դրվագը ամբաստանյալի պաշտպանը ձեւակերպում է այսպես. «Քաշքշոցի ընթացքում ինչ-որ մեկը նրան հետեւից հրել է ու ձեռքին եղած դանակը մտել է կանգնած վիճակում կռիվ անող Վահան Ռաշոյանի որովայնի աջ մասը եւ վնասել լյարդը»: Ըստ համագյուղացիների՝ Վահանը բարեկիրթ եւ զուսպ երիտասարդ էր, եւ նման ագրեսիվ նկարագիրը խորթ էր նրան: Դատաքննությունը հավանաբար կավարտվի հունվարի 17-ին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել