Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌՈՅԱԼ

Հունվար 14,2006 00:00

«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՆ» ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՈՒՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ Սուրճ ներկրող մասնավոր ընկերությունն ու Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) երեք տարի շարունակ չեն կարողանում մաքսային օրենսդրության սահմանած խաղի կանոններով հարթել առկա տարաձայնությունները: «Ռոյալ Արմենիա» ընկերությունը դժգոհում է մաքսայինի խտրական վերաբերմունքից եւ պատճառաբանում, որ իր ներմուծած ապրանքների համար մաքսավորների սահմանած մաքսային բարձր արժեքները ՍՊԸ-ին արհեստականորեն դուրս են մղում ներքին շուկայից: Խնդրին վերջ տալու նպատակով արդեն որերորդ անգամ «Ռոյալ Արմենիան» դիմում է տնտեսական դատարան եւ պահանջում անվավեր ճանաչել մաքսայինի սահմանած անհամեմատ բարձր արժեքները: Դատարանն էլ (նախագահությամբ Ե. Խունդկարյանի) արդեն որերորդ անգամ լսում է կողմերին եւ, ինչպես «Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչ Գեւորգ Մինասյանն է կանխատեսում, որպես կանոն մերժում դիմումները: Վերջին դատական վեճը եզրափակվեց հունվարի 11-ին, սակայն Գ. Մինասյանն այդպես էլ չկարողացավ ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը. ինչպե՞ս են որոշվել (ինչ հաշվարկների արդյունքում) վիճելի մաքսային արժեքները: Այժմ մի փոքր մանրամասնենք «խնձորի» ու «տանձի» պատմությունը: ՄՊԿ-ի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը պնդում է. «Դիմումում նշված բոլոր (ութ) բեռնամաքսային հայտարարագրերով (ԲՄՀ) մաքսային արժեքները հայտարարագրվել են դիմումատուի կողմից, որպիսի փաստը նշանակում է, որ վերջինս համաձայնել է հայտարարագրված մաքսային արժեքներին: Մինչդեռ մաքսային արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում, հայտարարատուն պետք է գործեր ՀՀ Մաքսային օրենսգրքի 96 հոդվածով»: Գ. Մինասյանը դրան հակադարձում է. «Եթե վիճարկվող մաքսային արժեքները հայտարարագրվել են «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից, ապա ինչպե՞ս ընկալել պատասխանողի այն տեսակետը, ըստ որի, եթե ՍՊԸ-ն համաձայն չէր մաքսային արժեքների հետ, ապա պետք է գործեր 96-րդ հոդվածով: Պատասխանողն ինքն իրեն հակասելով, ակամայից ընդունում է այն փաստը, որ վիճարկվող արժեքները սահմանվել են իր կողմից: Բացի այդ, ԲՄՀ-ի ապրանքի մաքսային արժեքի վանդակը (46), ըստ համապատասխան հրամանի, պետք է լրացնի մաքսային մարմինը եւ ոչ թե հայտարարատուն»: Պահանջներից մեկն այն էր, որ վերոնշյալ ութ գործարքներից վերջին երկուսի եւ դրանց նախորդող ներմուծման դեպքերով մաքսային արժեքների տարբերություն կա: «Նույն ծագման եւ նույն տեղափոխման ծախսերի պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ վերջին երկու ներմուծված խմբաքանակների համար ներկայացված տվյալներով մաքսային արժեքի տարբերություններ են գրանցվում»,- հարցնում է Կ. Կարապետյանը եւ եզրակացնում, որ փաստաթղթերում ներկայացված մաքսային արժեքի բաղկացուցիչ ծախսերի չափերն անհիմն են: Գ. Մինասյանն այդ տարակուսանքից տարակուսեց եւ պարզաբանեց, որ ապրանքի գները թելադրում է միջազգային շուկան, որտեղ գների տատանումները հաճախակի երեւույթներ են: Նա նաեւ օգնության կարգով Կ. Կարապետյանին հուշեց ինտերնետ սայթի այն հասցեն, որով նրանք կարող են ծանոթանալ սուրճի միջազգային գների շարժին: Վերջում Գ. Մինասյանը հիշեցրեց, որ պետական մարմնի որոշումների, գործողությունների օրինականությունը դատական կարգով վիճարկելիս դրանց հեղինակը ինքը պետք է ապացուցի վիճարկվող ակտը ընդունելու կամ գործողությունը կատարելու համար հիմք ծառայած հանգամանքները: «Մաքսային կոմիտեն զբաղված է օնանիզմով»,- եզրակացրեց «Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչը եւ վստահեցրեց, որ իրենք դեռ շատ «փամփուշտներ» ունեն եւ «կրակահերթի» տակ են պահելու մաքսայինին, քանի որ պետական կառույցի գործողություններով ոտնահարվում է ՀՀ սահմանադրության 8-րդ կետը, տնտեսվարողների արդար մրցակցության սկզբունքը, վնաս է կրում պետբյուջեն եւ, ի վերջո, Հայաստանից հեռանում են օտարերկրյա ներկրողները՝ կասկածի տակ առնելով մեր երկրի իրավահարգ լինելու փաստը: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել