Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ «կերավ» Գյումրիի տրոլեյբուսի գծերը

Հունվար 14,2006 00:00

Ո՞վ «կերավ» Գյումրիի տրոլեյբուսի գծերը Ըստ գյումրեցիների, հերթական «պղնձային» հարստության տերը մայրաքաղաքի մեծահարուստներից է Մի քանի օր է՝ Գյումրիում կայծակնային արագությամբ ապամոնտաժվում են հսկա քանակությամբ պղինձ պարունակող տրոլեյբուսի մալուխները: Իսկ ո՞ւմ հրամանով եւ ինչո՞ւ այս ընթացքում ոչ մեկը ռիսկ չի անում զայրացած գյումրեցիներին որեւէ պարզաբանում տալ: Մեկ-երկու կցկտուր խոսք հարկադրված ասում են քանդող ու մալուխները կտրտող շարժական բրիգադի ներկայացուցիչները, որոնք հենց տրոլեյբուսի պարկի նախկին աշխատակիցներն են՝ վարորդ, պահակ եւ այլն: «Սաղ քաղաքը թալնին ու կերան, ոչ մի գործարան ու հիմնարկ չմնաց, հմի էլ հերթը հասավ տրոլեյբուսի գծերի՞ն»,- ասում են նրանք՝ հատ-հատ հիշելով «հայրենի թալանչիներին»: Այս մեկի հեղինակի մասին դեռ գաղափար չունեն, սակայն ենթադրում են, որ նա կառավարությունից «դաբրո» ստացածներից է, որն առնվազն մեկ շաբաթից առանց որեւէ խոչընդոտի պղինձը կարտահանի արտերկրի շուկա: Իմիջիայլոց, օր օրի թանկանում են պղնձի գները, գյումրեցիների մոտավոր հաշվարկներով գծերի երկարությունը մոտ 60 հազար մետր է, որը միջազգային բորսայի գներով կարող է արժենալ 240-300 հազար դոլար: «Առավոտը» փորձեց պարզել տրոլեյբուսի գծերի քանդման հիմքերը: ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրից հայտնեցին, որ մեկ ամիս առաջ՝ 2005-ի դեկտեմբերի 15-ին կայացել է աճուրդ-վաճառք եւ նույն օրը օտարվել են գործող համակարգի էլեկտրագծերը, ամրակները եւ այլն: Հիշեցնենք, որ Գյումրիում տրոլեյբուսները վաղուց հին հիշողություն էին դարձել: «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ն Գյումրիի շատ հիմնարկների պես ճանաչվել է սնանկ, ներկա պահին էլ ունի լուծարային հանձնաժողով, անվճարունակության գծով կառավարիչ: Իսկ թե ո՞ւմ է օտարվել համակարգը՝ մեզ պատասխանեցին, որ գործող օրենսդրության համաձայն, սակարկությունների մասին տվյալները կոմերցիոն գաղտնիք են, այսինքն՝ գնորդին լիարժեք իրավունք է տրված չհրապարակել գործարքի մանրամասները, անգամ նման «շուխուռի» դեպքում: Այստեղ կարեւոր չէ գնորդի երեւանցի կամ գյումրեցի լինելը, կարեւոր չէ նաեւ տրոլեյբուսի՝ որպես տրանսպորտի միջոց իրեն չարդարացնելը ու եկամտաբեր չլինելը. փաստն այն է, որ ընդունված մոդայի համաձայն՝ ամեն մի անօրինականություն կատարվում է «օրենքով»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել