Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿՆԵՐԸ

Հունվար 14,2006 00:00

ՀՆԴԻԿՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ «Արարատ» ոսկու կորզման ընկերությունում հնդիկները հայերի հետ վարվում են այնպես, ինչպես նրանց հետ ժամանակին վարվել են անգլիացիները: Արարատի ոսկու կորզման ընկերության (AGRC) Սոդքի հանքավայրում աշխատում է մոտ 100 հայ, իսկ 30-40 հնդիկ զբաղված է վարչական աշխատանքով: Հանքավայրի երկրաբանական-հետախուզական արշավախմբում վերջին 6 տարիներին փոխտնօրեն աշխատած Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հնդկական կողմն ավելի շատ զբաղված է գողությունների կանխման, քան ոսկու կորզման իրական կազմակերպչական աշխատանքով: «Հնդիկները շատ շուտ հասկացան, որ ինչքան էլ վճարեն՝ հայերն աշխատելու են, քանի որ Վարդենիսում աշխատուժի ավելցուկ կա: Եթե սկզբում նույն աշխատանքի համար վճարում էին 200-400 դոլար, այժմ միջին աշխատավարձը 100 դոլարից չի անցնում, մինչդեռ հնդիկների աշխատանքը վարձատրվում է մոտ 20 անգամ ավելի: Հանքի հայ աշխատողը գտնվում է մշտական լարվածության մեջ: Բավական է մի շիշ վառելիք կամ մի լուցկու տուփ հայտնաբերվի նրա մոտ, առանց մտածելու անմիջապես աշխատանքից կազատեն: Աշխատել ցանկացողները շատ են: Լինում են դեպքեր, երբ իրենք են «սարքում» ու աշխատանքից ազատում մարդկանց: Վերջերս մի այդպիսի դեպք եղավ: Այնպես «սարքեցին», որ մարդիկ հրաժարվեցին աշխատել ու որպես գործադուլավոր՝ նրանց ազատեցին աշխատանքից, չվճարելով աշխատավարձի վերջնահաշվարկը»,- ասաց Ս. Խաչատրյանը: Ըստ մեր զրուցակցի, ընկերությունն այժմ 5-6 ամսվա պայմանագրային գումարներ չի վճարել, ունի նաեւ 2-3 ամսվա աշխատավարձի պարտք: Երեւի պատճառը նաեւ այն է, որ AGRC-ն պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը: Այժմ ընկերությունը կանգնած է երկընտրանքի առջեւ. կամ կբացի 3-րդ գիծը, որի համար զգալի ներդրումներ է հարկավոր կատարել, կամ պետք է սնանկանա: «Քանի որ հնդկական կողմը շատ անփույթ ու անխնա է վերաբերվել հանքին, այժմ անելիքները շատ-շատ են: Չի պահպանվել հանքի շահագործման ճիշտ տեխնոլոգիան: Նրանք արել են այն, ինչից կարելի է արագ շահույթ ստանալ: Հանքարդյունաբերության մեջ կան նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է կատարել մշտապես: Պետք է մաքրել տարածքը թափոններից, որոնք հարկ է լցնել դրանց համար նախատեսված տեղում, կատարել հողային եւ այլ աշխատանքներ: Իսկ իրենք թափոնը լցնում են հանքի արդեն կորզված մասում, ինչն անթույլատրելի է: Նորմալ արդյունահանման համար 300-400 աշխատող է պետք: Այս ամենի վրա ընկերությունը կարծես աչք է փակում, նրանց պետք է արագ շահույթ՝ ու հանքի հերն արդեն անիծել են»,- պատմեց Ս. Խաչատրյանը: Մեր զրուցակիցը հանքում է աշխատել նաեւ խորհրդային տարիներին եւ հիշեց, որ այն շահագործվում էր փակ եւ բաց հանքերի համադրմամբ, եւ այնտեղ աշխատում էր 1500 մարդ: Իսկ այժմ ընկերությունը՝ շահագործելով միայն բաց հանքը, ավերել ու մեծ վնաս է հասցրել մեր ազգային հարստությանը, իսկ աշխատողների թիվը նվազեցրել է 100-ի: «Ի լրումն այս ամենի, մեր երկրի ընդերքում հնդիկները աշխատելու են հրավիրել 12 հոգուց բաղկացած թուրքական մի խմբի, որոնց վճարել են 30 անգամ ավելի, քան մերոնց: Բոլորիս համար տարօրինակ էր, որ այդ խումբը հայտնվեց այնտեղ, ուր հետազոտման արդյունքները պետական գաղտնիք են համարվում: Մութ գործեր են կատարվում եւ չի վերահսկվում ընկերության եկամուտը»,- ասաց մեր զրուցակիցը: Պարոն Խաչատրյանը հիշեց, որ հնդիկներից առաջ աշխատել են ֆրանսիացիները, կանադացիները, սակայն այնպիսի չնչին աշխատավարձ եւ վերամբարձ մոտեցում հայերի նկատմամբ երբեք չի եղել: Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ ֆինանսական լծակները գտնվում են իրենց ձեռքում: Ոչ մի ուշադրություն, ոչ մի միջոցառում չի կազմակերպվում աշխատակիցների համար՝ «մեր ազգի կուլտուրան շատ ավելի բարձր է, սակայն այսօր հայ մարդուն ստորացնում են ու վարվում որպես երկրորդ կարգի մարդկանց»: «Երեք-չորս օր է, ինչ հնդիկները մեկնել են հայրենիք՝ մասնակցելու ինչ-որ քննարկման»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Իսկ մեր տեղեկություններով, «Ալռոսա» ալմաստի արտահանման ռուսական ընկերությունը վերջերս Երեւանում վարել է մի շարք բանակցություններ, սակայն չի կարողացել ձեռք բերել պայմանավորվածություն՝ Արարատի ոսկու կորզման ընկերության գնման շուրջ: Պատճառը՝ «Ալռոսայի» առաջարկած ցածր գինն է AGRC-ի համար, որի ձեռքբերման ընթացքում, ըստ աղբյուրի, հնդկական ընկերությունը ներդրել է ավելի քան 40 մլն դոլար: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել