Հույներին կտանե՞ն ԵԴ Հերթական բողոքը՝ «ԱրմենՏել» ընկերության դեմ «Եվրասիա» կազմակերպությունը «ԱրմենՏելից» տուժածների հետ անընդհատ ժողովներ է կազմակերպում՝ ընկերության դեմ որքան հնարավոր է շատ փաստեր, բողոքներ հավաքելու եւ Հայաստանում բջջային կապի առաջին օպերատորին մի լավ «դաս տալու» համար: Նրանք, իրենց ասելով, արդեն իսկ կարողացել են բավականին լուրջ ապացույցներ գտնել՝ ընկերության գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսին համոզելու, որ հայերը վերջին ժամանակաշրջանում չէին կարող այնքան սերտ բարեկամական կապեր հաստատել Գվինեա-Բիսաուի, Արեւելյան Թիմորի եւ Սան Տոմե ի Պրինսիպիի բնակիչների հետ, որ օրական մի քանի ժամ հեռախոսազրույցներ ունենան նրանց հետ: Խոսքը միջազգային «չկայացած» հեռախոսազանգերի մասին է, որոնց դիմաց ընկերությունը աստղաբաշխական հաշիվներ է ներկայացրել բազմաթիվ քաղաքացիների, իսկ վերջիններս հավաստիացնում են, որ այդ էկզոտիկ կղզի-պետությունների անուններն առաջին անգամ են լսում՝ ինչո՞ւ պիտի հազար դոլարի չափով այդ «անհայտ ցեղերի» հետ խոսեին: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» ինտերնետից օգտվող բաժանորդներին այնպիսի կլորիկ գումար է ներկայացնում, որը գերազանցում է ՀՀ շարքային քաղաքացու տարեկան եկամուտը, եւ բաժանորդների դիտարկմամբ՝ ընկերությունը պարզապես ազգի սնանկացման ծրագիր է իրականացնում: Թեեւ նման հաշիվ ստացած բաժանորդները հավաստիացնում են, որ, միեւնույն է, իրենք «ԱրմենՏելի» «կուտը» չեն ուտի եւ ոչ մի գումար էլ անտեղի չեն վճարի, այնուամենայնիվ, ընկերության պահանջը մնում է ուժի մեջ, եւ վերջինս չի պատրաստվում ոչ մեկին ներել կամ սառեցնել «պարտքերը»: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է «ԱրմենՏելից» տուժածների բողոքներին: Ստորեւ ներկայացնում ենք եւս մի բողոք՝ «Եվրասիա» կազմակերպության ներկայացուցիչներից մեկի՝ Գոհար Սմբատյանի անձնական դիտարկումներով. «Ի պատասխան բողոքող բաժանորդների, «ԱրմեՏելն» իր «շաբլոն» նամակում գրում է հետեւյալը. «Անկախ Ձեր կամքից ու ցանկությունից, կատարվում են ավտոմատ զանգեր՝ նշված ուղղություններով, որոնք էլ գրանցվում են որպես կայացած միջազգային խոսակցություններ» եւ վերջում եզրափակում է՝ «հեռախոսահամարների վրա գրանցված զանգերի համար «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերությունը պատասխանատվություն չի կրում եւ Ձեզ ներկայացված հաշիվներում եւ վերծանումներում անճշտություններ չկան: Գումարը ենթակա է վճարման»: Այսինքն՝ «ԱրմենՏել» ընկերության պատասխանը մեզ նույնն է, եթե, դիցուք, մեր հարգարժան պարոն Վասիլիս Ֆետսիսը հանկարծ մի օր ընկնի հիվանդանոց եւ արյան փոխներարկման ժամանակ նրան «անկախ իր կամքից ու ցանկությունից» վարակեն մի ինչ-որ վիրուսով, ապա նա, համաձայն իր իսկ լոգիկայի, իրավունք չունի բողոքի, եւ ավելին՝ պարտավոր է վճարել իրեն մատուցած ծառայության համար, իսկ հիվանդանոցի ղեկավարությունը «ոչ մի պատասխանատվություն չի կրում» այդ միջադեպի համար: Կամ ավելի մեղմ օրինակ բերեմ, նույն ինքը՝ պարոն Ֆետսիսը, այս անգամ որոշում է սուրճ խմել, գնում է սրճարան եւ նրան դարձյալ «անկախ իր կամքից ու ցանկությունից» շաքարի փոխարեն սոդայով սուրճ են մատուցում, ապա այս դեպքում էլ մեր հարգարժան պարոն Ֆետսիսն է պատասխանատու եւ պարտավոր է վճարել իր չխմած սուրճի համար, չէ՞ որ այդ սրճարանի կամ ռեստորանի տերը «պատասխանատվություն չի կրում» իր մատուցած ծառայության համար: Գոնե այս սուրճը պարոն Ֆետսիսին կարժենա մի 400 դրամ: Ընկերության ներկայացրած հաշիվներից դատելով՝ ես, մի ամբողջ ամիս քուն ու դադար չունենալով, վաղ առավոտյան արթնանալուն պես, հեռախոսը առել եմ ձեռքս եւ անդադրում, «անջատված» խոսել եմ 610 հազար դրամի՝ Ավստրիա: Քանի որ ընկերության ղեկավարությունը մեզ օտար է, խնդրում ենք գոնե մերոնց՝ մեր իշխանություններին, որ մի բան մտածեն՝ «ԱրմենՏելի» դեմն առնեն»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ Հ. Գ. «ԱրմենՏելի» ծառայություններից տուժածները պատրաստվում են խմբակային հայցով դիմել դատարան: Նրանք հավաստիացնում են, որ եթե նույնիսկ մեր դատարաններում դատը չշահեն, գնալու են մինչեւ վերջ. «Մենք մարտական ենք տրամադրված, ավելին ասենք՝ այստեղից կարծես միջազգային սկանդալի հոտ է գալիս»,- հավաստիացնում են նրանք: