Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չգիտեի,

Հունվար 14,2006 00:00

«Չգիտեի, որ persona non grata եմ դառնալու հարազատ երկրում» Ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, երբ երեկ Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած քննարկման ընթացքում տեղեկացավ, որ իրեն արգելել են մտնել Պաշտպանի գրասենյակ: Նախօրեին կառավարությունը որոշել էր մինչ նոր Պաշտպանի ընտրությունը կասեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գործունեությունը: Որպես որոշման հիմնավորում՝ կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նշված է, թե հաշվի են առել, որ Պաշտպանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի բացակայության պայմաններում կազմալուծվել է աշխատակազմը, եւ որ «ՀՀ օրենսդրության համաձայն, որեւէ մարմին կամ անձ իրավունք չունի նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կամ փոխարինել նրան»: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ սա եւս մի հաստատում է, թե հակաօրինական է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որում ուղղակիորեն նշված է, թե Պաշտպանի «աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար» է ստեղծվում ժամանակավոր եռանդամ հանձնաժողովը: Երեկ տեղի ունեցավ դարձյալ մի ապօրինի եւ ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ամոթալի փաստ: Եռյակ հանձնաժողովը հայտարարել է, թե քանի որ աշխատակազմը հարկադիր պարապուրդի մեջ է՝ շենք մտնելու իրավունք ունեն միայն հաշվապահը, կադրերի բաժնի աշխատակիցը, գույքի համար պատասխանատուն եւ նամակների բաժնի ղեկավարը: Լարիսա Ալավերդյանը շարունակում էր իրականացնել Պաշտպանի գործառույթները եւ եզրակացրեց, թե նման որոշում են ընդունել, որ ուղղակիորեն չասեն, թե իրեն արգելվում է մտնել շենք: Սա էլ ամբողջը չէ: Երեկ Լարիսա Ալավերդյանը պատասխան է ստացել այդ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարից՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարից, թե հունվարի 5-ին փոստով ուղարկված նրա դիմումը՝ Ռոբերտ Քոչարյանի այս տարվա առաջին հրամանագրի սահմանադրականության վերաբերյալ, չի համապատասխանում «ՍԴ մասին» օրենքի 27 եւ 28 հոդվածներին եւ Սահմանադրության 101 հոդվածին: Այսինքն՝ Լարիսա Ալավերդյանն այլեւս իրավունք չուներ դիմել ՍԴ-ին: Ուշագրավ էին քննարկման մասնակիցների արձագանքներն այս ամենին: «Կսպասեի՞ք, որ նոր Սահմանադրության պայմաններում խախտվի այն: Ես, օրինակ, չէի սպասի»,- միամիտ հայացքով նայելով ներկաներին՝ հեգնեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը: Իսկ ավելի լուրջ՝ նա մի շարք դիտարկումներ ներկայացրեց, թե խախտվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածը, ըստ որի՝ Պաշտպանի օգտագործած կապի միջոցները, նաեւ նրան պատկանող փաստաթղթերն անձեռնմխելի են: Մինչդեռ հանձնաժողովը վերցրել է առաջին Պաշտպանից փաստաթղթերը, որոնք պետք է փոխանցվեին միայն հաջորդ Պաշտպանին: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ սա ուղղակի Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի ապացույցն է «ոչ միայն Մարդու իրավունքների հաստատության, այլեւ ընդհանրապես մարդու իրավունքների նկատմամբ»: Նա նաեւ հայտարարեց, թե ընդհանրապես ավելի անկեղծ կլիներ, եթե մենք դատարաններ էլ չունենայինք: Եվ վստահություն հայտնեց, թե հաջորդ պաշտպանն այս ամենից հետո ընդամենը «ցուցափեղկ» է լինելու, որի դերում Ռոբերտ Քոչարյանը հույս ուներ տեսնել Լարիսա Ալավերդյանին: Քննարկման մասնակիցները մի շարք առաջարկներ արեցին՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ, ստեղծել ՄԻՊ ինստիտուտի պաշտպանության խումբ, դիմել եվրոպական կառույցներին ու վերջապես՝ առաջարկել ընդդիմությանը վերստին առաջադրել Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել