Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ԱՐՇԱՎԻՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հունվար 14,2006 00:00

ՌՈՒԲԵՆ ԱՐՇԱՎԻՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Մոտավորապես այդպիսի գործիչ են պատկերացնում օմբուդսմենի պաշտոնում մեր քաղաքական եւ հասարակական գործիչները Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածության մասին խորհրդարանական կուսակցությունները՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, արդեն արտահայտել են իրենց տեսակետները: Ընդդիմությունը երկմտում է Ռուբեն Թորոսյանի եւ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունների շուրջ, իսկ կոալիցիան կարծես թե միահամուռ կանգ է առել նախկին կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչ Ռաֆիկ Մխիթարյանի թեկնածության վրա: Սակայն հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում այս մասին արտախորհրդարանական ուժերը՝ նրանք, ում տրված չէ Պաշտպանի պաշտոնում իրենց թեկնածուին առաջադրելու հնարավորությունը, որոնք, սակայն, քաղաքացիական հասարակության մաս են կազմում: Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն, օրինակ, կցանկանար այդ պաշտոնում տեսնել «երիտասարդի, որին ոչ ոք չի ճանաչում, եւ որը պետական իրավունքի մասնագետ է, հասցրել է լուրջ պրոֆեսիոնալ դառնալ, բայց դեռ մաքուր, չկեղտոտված կենսագրություն ունի»: Պարոն Առաքելյանն այդպիսի մարդու անուն չտվեց, սակայն համոզված էր՝ «եթե փնտրեն, անպայման կգտնեն»: Պարույր Հայրիկյանի անունը որպես Պաշտպանի լավագույն հավակնորդի, նշեց Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը. «Կցանկանայի այդ պաշտոնում տեսնել մի մարդու, որն ունի քաղաքական կենսագրություն, փորձառություն, այդ թվում՝ օրենսդիր ոլորտում, նաեւ՝ գիտի պետական կառավարման համակարգը, կրում է ազատական-ժողովրդավարական գաղափարներ, սկզբունքային է: Կարծում եմ, որ այսօր այդ դերին ամենաշատը համապատասխանում է Պարույր Հայրիկյանը: Պարույրն այն մարդկանցից է, որ ունի իր սկզբունքները»: Թերեւս նրա հետ համաձայն չէր լինի «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ում կարծիքով՝ «այսօրվա ողբերգությունն այն է, որ բոլորին վարկաբեկել են»: Նա ասաց. «Կարեւոր է, որ այնպիսի մարդ լինի, որն առանց որեւէ պաշտոնի էլ այդ հարգանքը վայելի: Ժամանակին Հայրիկյանն ուներ այդ հնարավորությունը, մինչեւ այն պահը, երբ նա սկսեց ինքն իրեն սիրահարվել: Նա կարող էր լինել այդ դերում, բայց հիմա շատ ուշ է: Քաղաքական գործիչ եւ ինքնասիրահարված Հայրիկյանները մարդու իրավունքների պաշտպան Հայրիկյանին խանգարեցին»: «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վահան Վարդապետյանը այսպես պատասխանեց. «Ամենալավը հենց նա է, ով հիմա այդ գործով զբաղվում է՝ Առուշան Հակոբյանը: Նա մեր «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչության անդամ է եւ շատ լավ կլինի, որ հենց նա էլ շարունակի այդ գործը»: Նկատենք, որ Առուշան Հակոբյանն այժմ այն հանձնաժողովի անդամն է, որը ստեղծվել է ՀՀ նախագահի՝ հունվարի 4-ի իրավաբանորեն ոչ անթերի հրամանագրով: Այժմ այդ հրամանագրի սահմանադրականությունը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վիճարկում է Սահմանադրական դատարանում, որի աշխատակազմի ղեկավարն, ի դեպ, նույն Առուշան Հակոբյանն է: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ կուսակցական գործունեությունը կվերսկսեն մի-երկու օրից, եւ այն ժամանակ կքննարկեն այդ հարցը: Իսկ ահա Հայաստանի առաջադիմական կուսակցությունից մեզ պատասխանեցին, որ իրենք որպես կուսակցականներ այդ պաշտոնում տեսնում են իրենց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին, բայց՝ «ա՛յ, թե նա ում է տեսնում այդ դերում՝ կպատասխանի, երբ կգա»: Դրանից հետո մեր բոլոր ջանքերը՝ կապվել Տ. Ուրիխանյանի հետ, ապարդյուն էին: ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը սկզբում ասաց՝ «Ես այդպիսի մարդ Հայաստանում չգիտեմ»: Ապա քիչ մտածելուց հետո այնուամենայնիվ մի անուն տվեց՝ Լարիսա Ալավերդյան: Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ համակրանք ունեն Ռուբեն Թորոսյանի նկատմամբ եւ դեմ չեն Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը, սակայն վերջնական որոշում դեռ չունեն՝ «կուսակցությունն իր որոշումը կայացնելու է, բայց չի հրապարակի, քանզի վերջնական որոշումը կայացվելու է դաշինքի հետ՝ որպես «Արդարություն» դաշինքի անդամ»: Հոռետեսական էր Հայաստանի կոմունիստական կուսակցության 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի պատասխանը. «Եթե մենք հիմա երկնքից իջեցնենք ամենաարժանավոր մարդուն, այս համակարգում մարդու իրավունքները պաշտպանելն անհնար կլինի: Համակարգ, որտեղ սկսած ՏԻՄ ընտրություններից, վերջացրած սահմանադրական հանրաքվեով, ամեն ինչ կեղծվում է, որտեղ մարդու աշխատանքի, հանգստի, ուսման եւ մնացած բոլոր իրավունքները խախտվում են: Ամեն ինչ այնպես է խեղված, որ չենք կարող գտնել որեւէ մեկին, ով այս համակարգում կկարողանա լիարժեք գործել: Մենք ձեռնպահ ենք մնում, քանի որ ում էլ դնեն, պիտի իշխանության պարը պարի»: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասաց, որ թռուցիկ ձեւով, առանց լուրջ մտածելու չի կարող թեկնածություն առաջարկել, սակայն միանշանակորեն դեմ է նրանց, ում անուններն այժմ արծարծվում են՝ Լարիսա Ալավերդյան, Պարույր Հայրիկյան եւ հատկապես՝ Ռուբեն Թորոսյան: «Անհրաժեշտ է բանիմաց, համարձակ, լուրջ մարդ, ով սահմանադրական, քաղաքացիական, բնական եւ այլ իրավունքների գիտակ լինի: Իսկ այդ երեքը անկոմպետենտ են»,- ասաց նա: «Արմատ» կազմակերպության անդամ Վահագն Խաչատրյանին թեեւ այս հարցն «ամենեւին չէր հետաքրքրում», բայց այնուամենայնիվ նա ասաց, որ «ամենավստահելի անձնավորությունը Վարդան Հարությունյանն է: Անաչառ մարդ, որ իր գործունեության ընթացքում, հատկապես մարդու իրավունքների բնագավառում ցույց է տվել իր նվիրվածությունը»: Իսկ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնի նախագահ Գայանե Մարկոսյանը նախ հարկ համարեց անդրադառնալ Պաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին. «Այն, ինչ կատարվեց մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ, այն վիճակի դրսեւորումն է, որում ներկայումս գտնվում են մարդու իրավունքները Հայաստանում: ԵԽ-ին հաճոյանալու նպատակով Օմբուդսմենի ինստիտուտը հռչակելու իմիտացիա արեցին, բայց հենց տեսան, որ Պաշտպանը դուրս է գալիս իրենց իմիտացիոն մտահղացումների նեղ շրջանակներից, որոշեցին ջախջախել այդ ինստիտուտը: Այս իրավիճակում զարհուրելի են երեւում որոշ քաղաքական ուժեր, որոնք դեմ գնալով ժողովրդավարական սկզբունքներին, փոխանակ պայքարեն, մնում են իշխանությունների նկարած սխեմայի շրջանակներում»: Իսկ Պաշտպանի թեկնածուի մասին ասաց հետեւյալը. «Կուզենայի, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած լիներ, եւ Պաշտպանը լիներ քաղաքացիական հասարակության կողմից ընդունելի անձնավորություն»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել