Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՛ՆՔԴ

Հունվար 14,2006 00:00

Ի՛ՆՔԴ ՈՒՆԵՍ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Ակնարկել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հանրաքվեն դիտարկած ԵԽ ժամանակավոր հանձնախմբի ղեկավար Թոմաս Ջիրսային: Նրան ուղղված նամակում Տիգրան Թորոսյանը պնդել է, թե Ջիրսայի կազմած զեկույցում «ոչ միայն ներառվել են մի քանի ակնհայտ սխալներ, այլեւ աղավաղվել է այն պատկերը, որը ներկայացրել էր դիտորդական առաքելությունը նոյեմբերի 28-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ»: Եվ այս առնչությամբ արված են 16 ճշտումներ: Ահա դրանցից մի քանիսը: Որպես ընդհանուր թերություն նշված է. «Զեկույցում ամենուրեք նախագծի կողմնակիցների եւ հակառակորդների բաժանումն արված է «իշխանություն» եւ «ընդդիմություն» տերմիններով: Մինչդեռ նախագիծը պաշտպանել են մի շարք արտախորհրդարանական եւ խորհրդարանական քաղաքական ուժեր, որոնց ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ համարել իշխանություն: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Ազգային ինքնորոշում կուսակցությունը միշտ էլ եղել է անհաշտ ընդդիմություն, եւ նախագիծը պաշտպանելու ընթացքում էլ իր անհամաձայնությունն է հայտնել իշխանություններին բազմաթիվ հարցերի վերաբերյալ»: Զեկույցում նշվում է, թե NDI եւ IFES-ը հրավեր չեն ստացել դիտարկելու ընտրությունները: Տիգրան Թորոսյանը տեղեկացնում է, որ անցած ընտրությունների ընթացքում հրավերներ ուղարկվել են միայն ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ: NDI-ը եւ IFES-ը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար իրենք են հայտ ներկայացրել. «Հանրաքվեի համար նրանք հայտ չեն ներկայացրել, եւ արդարացի չէ այս խնդիրը եւս կապել Հայաստանի իշխանությունների հետ»: Վերջիններիս հետ կապ չունեցող է որակվում նաեւ ԵԽԽՎ դիտորդների հետեւյալ նկատառումը. «Առավել երկրի շահերից էր բխում հրավիրել լայնամասշտաբ միջազգային դիտորդական առաքելությունների, քան 14 հոգանոց պատվիրակությունը դարձնել իրենց աչքի առջեւ տեղի ունեցող խախտումների միակ միջազգային ականատեսը»: Տիգրան Թորոսյանը հիշեցնում է, թե անգամ ԵԽԽՎ որոշված 10 դիտորդներից 3-ը չեկան. «Հայաստանը որեւէ սահմանափակում չի դրել դիտորդների թվի վրա: Եվ արդարացի չէ ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելը»: Ջիրսայի զեկույցում նշվում է, թե «բացառիկ բարձր շեմը, զուգակցված «մեռած հոգիներով» լի ընտրացուցակների վատ վիճակով՝ շատ դժվարացրեց քվորումի ձեռք բերումը»: Տ. Թորոսյանն անհիմն է անվանել ընտրացուցակների վերաբերյալ որակումները. «Եթե ընտրությունների ընթացքում իսկապես ընտրացուցակների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եւ փաստեր էին արձանագրվել, ապա հանրաքվեի ժամանակ դրանց թիվը չնչին է»: Ըստ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարի՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը զեկույցի հետեւյալ հատվածը. «Բոլոր չեզոք դիտորդները, որոնց հետ պատվիրակությունը խորհրդակցեց, միակարծիք էին, որ փոփոխություններին դեմ փաստարկները տեղ չեն գտել հեռուստատեսությունում»: Ըստ պրն Թորոսյանի՝ «Եթե կարելի է վիճարկել, թե հեռուստատեսությամբ «կողմ» ելույթնե՞րն են եղել շատ, թե՞ «դեմ», ապա հայտարարությունը, թե «դեմ» կարծիքների հեղինակներն իրենց փաստարկները չեն կարողացել ներկայացնել՝ բացարձակ հերյուրանք է»: Որպես ապացույց պատրաստակամություն է հայտնել տրամադրել մի քանի տասնյակ հարցազրույցների եւ այլ հաղորդումների տեսագրություններ: Դիտորդները հիշատակել էին, որ իրենց այցի ընթացքում շրջանառության մեջ էր այն վարկածը, թե ԼՂ հակամարտության կարգավորման դիմաց Արեւմուտքն աչք է փակելու հանրաքվեի խախտումների վրա: Տիգրան Թորոսյանն այս առնչությամբ զարմանք է արտահայտել. «Մի՞թե ԵԱՀԿ ղարաբաղյան խնդրով զբաղվող այլ միջազգային կառույցների մասին անհեթեթ բամբասանքները, որ պատմում էին՝ փաստարկներ չունենալով նախագծի դեմ, պետք է տեղ գտնի առաքելության զեկույցում»: Տարակուսելի է դիտվել, որ փաստաթղթում հիշատակված է, թե «Հանրապետության» գործիչներից մեկը կարմիր լույսն անցնելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից. «Զարմանալի է ճանապարհային երթեւեկության խախտման հետ կապված միջադեպի ներառումը զեկույցում: Իհարկե, եթե որեւէ մեկի (ոչ միայն կուսակցականի) հետ վատ են վարվել՝ դատապարտելի է, սակայն մի՞թե դա որեւէ առնչություն ունի հանրաքվեի հետ»: Գյուղերում «նոր սահմանադրության» կապակցությամբ տոնակատարությունները «սովետական մտածողությամբ» պայմանավորված լինելու վերաբերյալ Թոմաս Ջիրսայի կասկածին պրն Թորոսյանը տվել է շատ կոպիտ պատասխան. «Քննարկման առարկայի վերաբերյալ կարծիքը հիմնավորելու համար գործին չառնչվող այլ կասկածներ մեջտեղ բերելը հենց սովետական մտածողության ակնառու դրսեւորում է»: Մի քանի կարեւոր առաջարկ կա. որ զեկույցի բոլոր հատվածներում, երբ հիշատակվում են կեղծիքները՝ դիտորդները նշեն ընտրատարածքի համարը: Զեկույցի եզրակացություններից մեկին, թե սահմանադրական հանրաքվեն «ընդմիշտ կմնա կասկածելի վստահությամբ արատավորված: Որեւէ բարեփոխում լիովին ժողովրդավարական չէ, եթե այն ձեռք է բերվում ոչ-ժողովրդավարական միջոցներով»՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը հակադարձել է. «Նման կոշտ կասկածանքը, կարծում եմ, արդարացի չէ: Փորձեք գնահատել քվեարկության հետ կապված խախտումների ծավալն ըստ 1922 ընտրատեղամասերից 1480-ում (ընդհանուրի մոտ 70%) դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրությունը քոնն է» կազմակերպության զեկույցի: Հանրաքվեի արդյունքը կասկածի տակ կարող է դրվել այն դեպքում, եթե խախտումների թիվն ավելի քան 650000 է, ինչը, կարծում եմ, կհամոզվեք, միանգամայն անիրական թիվ է»: Նշենք, որ չնայած այս բոլոր առաջարկներին՝ Թոմաս Ջիրսայի զեկույցն արդեն ԵԽԽՎ բյուրոյի կողմից հաստատվել է առանց որեւէ փոփոխության: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել