Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ քաշեք զուգարանի ջուրը»

Հունվար 14,2006 00:00

Կոչ
է անում կինոբեմադրիչ Տիգրան Խզմալյանը Երեկ «Հայելի» ակումբում բեմադրիչներ
Արմեն Մազմանյանը, Տիգրան Խզմալյանը եւ նկարիչ Արթուր Մարտիրոսյանը լրագրողներին
ներկայացրին իրենց վերաբերմունքը Երեւանի ճարտարապետական նոր լուծումների վերաբերյալ:
Հյուրերի կարծիքով, ներկայիս Երեւանը կորցրել է իր դեմքը՝ վուլգար, չտրամաբանված,
անհեթեթ կառույցների պատճառով: Օրինակ, Ա. Մազմանյանին նյարդայնացնում են հատկապես
Կամերային երաժշտության տան դիմացի չորս կրպակները, Բժշկական ուսումնարանի դիմացի
«անճաշակ, շուշաբանդով» բուդկաները: Իսկ Տիգրան Խզմալյանի համոզմամբ, մեր
քաղաքացիների հագած սեւ հագուստներն ու միանման սանրվածքները հենց մեր ազգի ինքնադիմանկարն
են: Ըստ Խզմալյանի, քաղաքն այժմ անցել է մանր բուրժուաների ձեռքը. «Երեւանը սարքել
են քառակուսի կուբիկներ՝ բուրժուացված շուշաբանդերով: Նորակառույց շենքերը սեյֆեր
կամ բանտախցեր են հիշեցնում: Քաղաքը օր օրի սպանվում է՝ դառնալով խրտվիլակ: Հայերը
ինչ-որ տեղ հասան իրենց մուրազին»: Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար Մազմանյանը
նկատեց, թե լավ շինություններ էլ կան, բայց վատն այնքան շատ է, որ չարժե լավով հպարտանալ:
Օրինակ՝ նրան դուր են գալիս Հաղթանակի կամրջից դեպի քաղաքապետարան տանող տարածքի
ճարտարապետական լուծումները: Չնայած վերջինիս՝ իրավիճակը մեղմելու հորդորներին, Խզմալյանն
այնուամենայնիվ խոստովանեց, որ Երեւանը ամենեւին էլ իսկական երեւանցիներին չի պատկանում:
Արվեստագետի դիտարկմամբ, «1988-ից հետո կորել է քաղաքացիական հասարակությունը, եւ
որեւէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է վերականգնել այն»: «Հայ ազգը մի ընտանիք
է` տուն, որտեղ տարիներ շարունակ կեղտ է կուտակվել, չի քաշվել զուգարանի ջուրը, ամանները
չեն լվացվել: Պետք է ժամանակ առ ժամանակ քաշել այդ ջուրը, մենք արդեն բորբոսնել ու
հոտել ենք եւ մեղավորն էլ մենք ենք: Ամեն մեկը մտնում է իր խուցն ու լռում»,- ահազանգեց
Տիգրան Խզմալյանը: Արմեն Մազմանյանն էլ խորհուրդ տվեց այս կամ այն պաշտոնյային
մեղադրելու փոխարեն վերջապես մտածել «ի՞նչ անելու» ուղղությամբ, քանի որ այս իրավիճակի
համար մեղավոր ենք ազգովի: «5000-10000 դրամով գնում ընտրում ենք: Եվ այդ կերպ իրավունք
տալիս, որ մեր ընտրած մարդիկ իրենց ուզածի պես վարվեն բոլորիս հետ»,- նշեց Ա. Մազմանյանը:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել